Ծերացող երկիր, Հայաստանս
ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ կենսաթոշակի` 63 և բարձր տարիքի անձանց թիվը 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 376,1 հազար կամ Հայաստանի ընդհանուր բնակչության 11,5 տոկոսը: Նրանցից 85 և ավելի տարիք ունեցողների թիվը մոտ 11,5 հազար է, 100 և ավելի բարձր տարիք ունեցողներինը` 126: Ընդ որում` տարեցների ընդհանուր թվում կանանց տեսակարար կշիռը մեծ է. որքան բարձր է տարիքային խումբը, այնքան ավելանում է կանանց տեսակարար կշիռը, ինչը կանանց կյանքի միջին տևողության համեմատաբար ավելի բարձր ցուցանիշի հետևանք է:
Ըստ ԱՎԾ-ի՝ հանրապետությունում կյանքի միջին տևողությունը կազմում է 73,9 տարի, ընդ որում` տղամարդկանց համար` 70,6, իսկ կանանց համար՝ 77,0 տարի: Տարեց բնակչության 17,5 տոկոսը կամ 57205 մարդ ունի հաշմանդամություն, որոնք կազմում են հաշմանդամություն ունեցող 176485 անձանց 32,4 տոկոսը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած ռազմավարության նախագծում նշվում է, որ, ըստ միջազգայնորեն ընդունված ժողովրդագրական նորմերի, Հայաստանը համարվում է ծերացող երկիր: «Եթե մինչկենսաթոշակային տարիքի բնակչության ծավալուն միգրացիոն ներհոսք կամ ծնելիության կտրուկ աճ տեղի չունենա (թե՛ մեկը, թե՛ մյուսը քիչ հավանական են), ապա Հայաստանի բնակչության ծերացման երևույթն ահագնացող թափ կհավաքի, ու երկիրը կհայտնվի լուծում պահանջող ծանրակշիռ սոցիալ-տնտեսական համալիր հիմնախնդիրների առջև»,- ասված է վաղը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվելիք փաստաթղթում:
Նախագծի հեղինակների հիմնավորմամբ, ռազմավարության ընդունումը անհրաժեշտ է ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից, բացի այդ մինչ օրս Հայաստանը չունի ծերացման հիմնահարցերի և տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության ուղղությունները սահմանող որևէ փաստաթուղթ: Ներկայումս սոցիալական պաշտպանության համակարգի միջոցով ծերերին ցուցաբերվում են սոցիալական, առողջապահական, իրավաբանական ու հոգեբանական ծառայություններ, սակայն դա դեռևս բավարար չէ տարեցների համար արժանապատիվ կյանք ապահովելու համար: