«Եթե տեղյակ չեք` ինչ է եղել այն ժամանակ, հանգիստ տեղներդ նստեք». Սամվել Բաբայան

Արցախի հերոս, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ցանկանում է մասնակցել 2020 թվականի նախագահական ընտրություններին:

Ավելին՝ Արցախում սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնելու և այդ նպատակով ստորագրահավաք է  ձեռնարկել:

«Փորձում եմ ճշտել ժողովրդի դիրքորոշումը՝ որքանո՞վ են ընդունում, որքանո՞վ՝ ոչ, ապա նոր դրանից հետո  ստորագրահավաք է լինելու, պարզելու ենք հնարավորությունը՝ մասնակցե՞նք, թե՞ ոչ: Օրենքով ենք շարժվելու. 2007թ.-ին, երբ Հայաստանում մասնակցել եմ ընտրությունների, ՀՀ-ում 5 տարվա կացություն չեմ  ունեցել, այդ դեպքում  Հայաստանն էլ պետք է ինձ արգելեր: Մենք մի երկիր ենք, փորձում ենք մարդկանց հասկացնել, որ՝ օրենքն ընտրովի մի կիրառեք, բոլորի համար հավասար պահեք: Արցախի գործող նախագահը եկել է  1999թ.-ին՝ Մոսկվայից: 2007 թվին ո՞նց  է դարձել նախագահ, 10 տարվա կացություն կա՞: ժամանակ առ ժամանակ եկել-գնացել է: Ես էլ այդպես եմ անում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը:

Դիտարկմանը՝ ապա ինչո՞ւ են այդպես անում, ասաց, որ գիտեն՝ մասնակցության դեպքում լուրջ մրցակցություն կլինի:

Հարցին, թե՝ ո՞ւմ եք ձեզ հիմնական մրցակից համարում, Սամվել Բաբայանը պատասխանեց՝ ոչ ոքի:

Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը հայտնեց, որ հանդիպումներից, ստորագրահավաքից հետո կհայտարարի մասնակցության մասին:

«Սահմանադրության կետը պետք է փոփոխության ենթարկվի: Արցախի և ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի Արցախի նախագահի ընտրություններին մասնակցել: Ասենք՝ երիտասարդը եկել է Երևան՝ սովորելու 4-5 տարի, իրավունք չունի Արցախում խորհրդարանական ընտրություններին մասնակցել, ընտրվել պատգամավոր, դա դուք ճի՞շտ եք համարում: Տվե՛ք հնարավորություն՝ թող մասնակցեն, պարտվեն, բայց գիտեք, որ հաղթելու են, երկու ոտքը դրել եք մի կոշիկի մեջ, որ ի՞նչ»,- նշեց Սամվել Բաբայանը:

Խոսելով Արցախի ու Հայաստանի միացման մասին՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ասաց, որ այս փուլում դա սխալ է  համարում:

«Եթե Հայաստանի մասով ՄԱԿ-ի նիստ է լինելու, որ Հայաստանն անհապաղ դուրս բերի զորքերը Ղարաբաղից, և վերջ, դրա համար ոմանց բացատրում ենք՝ եթե տեղյակ չեք, պրակտիկա չունեք՝ ինչ է եղել այն ժամանակ, հանգիստ տեղներդ նստեք, մարդիկ երևի հասկանում են՝ ինչ են անում։ Մադրիդյան սկզբունքներով հնարավոր չէ Արցախի հարցը լուծել։ Հայաստանի չորս իշխանություններից ոչ մեկին չեմ պաշտպանում։ Լաչինի միջանցքով անհնար է այս հարցը լուծել: Ղարաբաղցիներին նախապես պետք է ասես՝ վեշներդ կապեք, եկեք այս կողմ:

Երեք նախագահները ոտքերն այդտեղ ջարդել են, այս վարչապետն էլ հո ոտքը չի՞ ջարդի, այդ ֆորմատով, այդ  սկզբունքների շուրջ կարգավորումն անհնար է»,- ասաց Բաբայանը։

Նա մեկնաբանեց նաև Արցախը մանդատային տարածք համարելու մասին իր նախկին հայտարարությունը:

«Երբ համանախագահ երկրները պատասխանատվություն վերցնեն, որ, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, այդ կողմին պատժեն, ոնց որ Սերբիային են արել, դրանով Ղարաբաղը հանում ենք պատերազմական գոտուց։ Ընթացքում միջանկյալ կարգավիճակ լինի, մինչև վերջնական լուծում, ինչ-որ ժամանակ հետո՝ ռեֆերենդում։ Թե կմիանան Հայաստանին, թե կանկախանան, դա մեր ազգային խնդիրն է։ Ռուսաստան-ԱՄՆ գործոնն այստեղ չպետք է գործի։ Եթե մարդկանց հետաքրքիր է՝ ամպագոռգոռ հայտարարություններ անել, նկատի ունեմ «Սասնա ծռերին», այդ որ Մադրիդյան սկզբունք են բանակցում, որ յոթ շրջան են հանձնում, այդտեղ թող  հայտարարեն իրենց դիրքորոշումը, բացատրեն, որ իրենք դեմ են դրան, որ կոչ են անում չմասնակցել  բանակցություններին, թող ձայն հանեն, խի՞ չեն ձայն հանում, այդ ուղղությունից են փող ստանում երևի»,- ասաց Սամվել Բաբայանը։

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս