Բաժիններ՝

«Եթե նեղն եք ընկնում՝ միանգամից դիմում եք երեք խմբակցություններին, բայց երբ նեղը չեք ընկնում՝ միանձնյա որոշում եք ընդունում». ԲՀԿ անդամը՝ քաղաքապետի խոսնակին

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանից, ով Երևանում աղբահանության նպատակով գնումների գործընթացի հետ կապված մամուլի ասուլիս էր հրավիրել, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հայտարարված մրցույթի մասին, բացի իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, ընդդիմադիր խմբակցությունները տեղյակ չեն։

«Ըստ էության, որևէ տարբերակման կամ կողմնապահության հարց չի կարող լինել՝ հատկապես այն առումով, որ ընդդիմադիր «Լույս» խմբակցությունն այս հարցի մասին քննարկման տեղեկատվությունն իմացել է հենց համացանցից, որը բաց ձևով դրված է։ Այս առումով քաղաքապետարանի և Կառավարության գործունեությունը թափանցիկ է»,- ասաց Հ. Կարապետյանը։

Ըստ Միքայել Մանրիկյանի, երբ խոսք է լինում Բուզանդի փողոցում գտնվող շենքի ճակատային հատվածի մասին, քաղաքապետարանն առաջարկում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որտեղ ներառում է ավագանու երեք խմբակցություններին։

«Եթե նեղն եք ընկնում՝ միանգամից դիմում եք երեք խմբակցություններին, բայց երբ նեղը չեք ընկնում՝ միանձնյա որոշում եք ընդունում»,- հակադարձելով քաղաքապետի խոսնակին՝ նշեց Մ. Մանրիկյանը։

«Այո, պետք է խոստովանել, որ աղբահանության խնդրի հետ կապված՝ քաղաքն այսօր որոշ չափով նեղն ընկած վիճակում է, և հենց այդ վիճակն է, որ ստիպում է դիմել հրատապ գործողությունների, գուցե դրա համար է, որ քննարկումներ չեն լինում, որոնք լինում են այն ժամանակ, երբ ժամանակ ավելի երկար է այս կամ այն հարցերը լուծելու համար։ Մենք գիտենք, որ ինչ քաղաքային գործող իշխանությունը ստանձնել է քաղաքի կառավարումը, հայտարարվել է, որ աղբահանության համակարգային բարեփոխումն առաջնահերթություն է»,- ընդգծեց Հակոբ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ գնումների գործընթացի հետ կապված՝ Կառավարության շենքի մոտ այսօր հայտարարությամբ էր հանդես եկել ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս