Նոտր Դամի վերականգնման համար նվիրատվությունների գումարը հասել է 1 մլրդ եվրոյի. Parisien
Հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվությունների գումարը հասել է 1 մլրդ եվրոյի: Այդ մասին հայտնել է Le Parisien թերթը:
Միջոցներն ստացվում են առավելապես խոշոր ընկերություններից եւ գործարարներից, ինչպես նաեւ չորս հասարակական հիմնադրամներից, որոնք ընտրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը: Գերատեսչության ղեկավար Ֆրանկ Ռիեստերը ապրիլի 17-ին Twitter-ի իր էջում նաեւ հայտարարել է ինտերնետ-պորտալի գործարկման մասին, որի միջոցով կարելի է նվիրատվություններ անել տաճարի վերականգնման համար: Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհն սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Դրա հետեւանքով փլվել է սայրաձողը, լուրջ վնասներ է ստացել կրող կառուցատարրը:
Հրդեհը հաջողվել է մարել միայն ապրիլի 16-ի առավոտյան դեմ: Ինչպես հայտնել են հրշեջները, Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները, փրկվել են: Ֆրանսիական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ արտակարգ պատահարը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ: Դատախազությունը հետաքննություն է սկսել բռնկման հետեւանքով ոչ դիտավորյալ վնաս հասցնելու կապակցությամբ:
Ինչպես հայտարարել է հանրապետության դատախազը, տաճարում հրդեհը կանխամտածված չի եղել, առաջնային վարկածը բռնկման պատահական բնույթն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: