Ի՞նչ անել, երբ ջրաչափի աշխատանքը թվում է կասկածելի․ ՄԻՊ-ը հրապարակել է ուղեցույց ջրամատակարարման ոլորտում սպառողների իրավունքների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտապանը հրապարակել է ուղեցույց ջրամատակարարման ոլորտում սպառողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այն կազմվել է Պաշտպանի աշխատակազմի դիտարկումների, Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքների հիման վրա։
Ուղեցույցում ներառված են այն հարցերի պատասխանները, որոնք քաղաքացիներն առավել հաճախ են բարձրացնում Պաշտպանին հասցեագրվող իրենց դիմումներում ու բողոքներում։
Մասնավորապես՝
- Արդյոք «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունն ունի բաժանորդի հարցերին պատասխանելու պարտականություն,
- Ի՞նչ ժամկետներում և որտե՞ղ է դիմողի բնակարանում տեղադրվում ջրաչափը,
- Ինչպե՞ս է հաշվարկվում ջրաչափով մատուցված ծառայության քանակը,
- Ի՞նչ անել, երբ ծորակից անորակ ջուր է մատակարարվում,
- Ի՞նչ անել, երբ համաձայն չեք «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության վճարման հաշիվների հետ,
- Ի՞նչ անել, երբ ջրաչափի աշխատանքը թվում է կասկածելի,
- Ի՞նչ պատասխանատվություն է կրում բաժանորդը ջրաչափի խախտման համար,
- Որքա՞ն կարող է լինել ջրամատակարարման ընդհատման տևողությունը, և ի՞նչ պարտականություններ ունի մատակարարը այդ ժամանակ,
- Ի՞նչ անել, եթե պատրաստվում եք երկար ժամանակով բացակայել բնակարանից,
- Ինչպե՞ս բողոքարկել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության գործողությունները,
- Ո՞ր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը կքննարկի հարցը և ո՞վ կարող է դիմել Պաշտպանին և այլն:
Նշենք, որ այն դեպքում, երբ դիմողի կողմից բարձրացված հարցը չի վկայում մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումների մասին, այլ կրում է անհատական բնույթ, Պաշտպանը բողոքը ներկայացնողի համաձայնությամբ կարող է քննարկման նպատակով փոխանցել այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը՝ պարբերաբար տեղեկանալով հարցի քննարկման ընթացքի մասին:
Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով.