Բաժիններ՝

Եվրամիությունը մտադիր չէ արագացնել Brexit-ը. Յունկեր

Եվրամիությունը մտադիր չէ արագացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) եւ կսպասի Լոնդոնի որոշմանը՝ միաժամանակ պատրաստվելով չկազմակերպված դուրս գալու հնարավորությանը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով ընտրություններից առաջ ընթացիկ գումարման Եվրախորհրդարանի վերջին նստաշրջանում, որն ընթանում է Ստրասբուրգում: Այն հեռարձակել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:

«Ես ցանկանում եմ ընդգծել, որ Եվրամիությունը մտադիր չէ դուռը ցույց տալ Մեծ Բրիտանիային: Եվրամիությունը չի արագացնելու Brexit-ը եւ պատրաստ է սպասել: Որոշումը պետք է ընդունի Լոնդոնը, որքան ավելի շուտ նա դա ընդունի, այնքան ավելի լավ»,-հայտարարել է Յունկերը:

«Մենք պատրաստ ենք առանց համաձայնագրի Brexit-ին, մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները: Բայց մենք դրանից ամենեւին ոչ մի բան չենք շահի»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

ԵՄ-ի նստաշրջանում Յունկերը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եվրապատգամավորներին տեղեկացրել են ԵՄ-ի ապրիլի 10-ի գագաթնաժողովի արդյունքների մասին, որտեղ եվրոպացի ղեկավարները որոշում են ընդունել մինչեւ հոկտեմբերի 31-ը Brexit-ի հետաձգման հնարավորության մասին պայմանով, որ Մեծ Բրիտանիայում մայիսի 23-26-ին կանցկացվեն Եվրախորհրդարանի ընտրություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս