Աննա Հակոբյանն այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ապրիլի 8-ին ն այցելեց Լոս Անջելեսի քաղաքապետարան, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Էրիկ Գարսեթիի (Eric Garcetti) հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի նոր իրողություններին, Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամների առաքելությանը, Երևան-Լոս Անջելես քույր-քաղաքների ծրագրին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում հայ համայնքի դերին: Հանդիպմանը մասնակցել են Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը (Paul Krekorian), փոխքաղաքապետ Նինա Հաջիկյանը (Nina Hachigian), ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:
Այնուհետև Աննա Հակոբյանը մասնակցել է քաղաքապետ Էրիկ Գարսեթիի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի կողմից իր պատվին Լոս Անջելեսի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը:
Տիկին Աննա Հակոբյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար, որին արժանանում է ամերիկյան բոլոր հանդիպումներում: Նա կարևորել է հայ համայնքի դերը՝ որպես Հայստանի և ԱՄՆ միջև գործակցության յուրահատուկ կամուրջ:
ՀՀ գլխավոր հյուպատոս Ա․Բայբուրդյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիին, քաղխորհրդի անդամ Կրեկորյանի և փոխքաղաքապետ Հաջիկյանի ջանքերը Լոս Անջելեսի հետ Հայաստանի կապերն ակտիվացնելու, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելեսի քաղաքապետարանի հարաբերություններն ամրապնդելու համար:
Վահագն Մելիքյանը ՀՀ ԱԳ նախարարության անունից գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել և Փոլ Կրեկորյանին Երևանի 2800-ամյակի հոբելյանական հուշադրամ է նվիրել: Փոլ Կրեկորյանն իր հերթին Աննա Հակոբյանին և գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին հանձնել է Հայաստանի թավշյա հեղափոխությանը և գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին նվիրված՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հռչակագրերը:
Օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետի տիկինն այցելել է Գլենդելում գտնվող ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ հանդիպում է ունեցել հայ համայնքի կրոնական, քաղաքական, հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ղեկավարների հետ: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք կապերի խորացմանը, հայ համայնքի գործունեությանը, ինչպես նաև Աննա Հակոբյանի ղեկավարած բարեգործական հիմնադրամների առաքելությանն առնչվող հարցերի մասին:
Այնուհետև ՀՀ վարչապետի տիկինը Գլենդեյլի Ալեքս թատրոնում մասնակցել է հայ համայնքի հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից՝ Գլենդեյլի քաղաքապետարանի աջակցությամբ: ՀՀ վարչապետի տիկինը հանդես է եկել ելույթով, խոսել է Հայաստանի ներկա իրողությունների, դրանցում սփյուռքի ակտիվ ներգրաման կարևորության ու հայրենիքի ապագա զարգացման գործում Կալիֆորնիայի հայ համայնքի մեծ դերի մասին: