Բաժիններ՝

Բացահայտվել է Երևանում կատարված բնակարանային գողությունը. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում կատարված բնակարանային գողությունը, մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

2019թ ապրիլի 4-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող իր բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան և ննջարանի պահարանից գողացել արծաթե զարդերը և ոսկյա մատանին՝ պատճառելով խոշոր չափի, ընդհանուրը 550.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ եՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը; ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1966 և 1965թթ.:Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 բանալի՝ ատամնաշերտերի վրա խարտված հետքերով, ինչպես նաև՝ գողացված իրերը:

Երևան քաղաքի 52 և 54-ամյա բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշանակվել են դատահետքաբանական, դատաապրանքագիտական և դատաքրեագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս