Բաժիններ՝

Վիրավորված զինծառայողները նոր մասնագիտություն են սովորում

«Երևան իմ սեր» հիմնադրամը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում շարունակում է իրականացնել «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին փուլը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասին հայտարարել էր բանակի օրը՝ հունվարի 28-ին:

Ծրագրի նպատակն է աջակցել այն անձանց, ովքեր զինվորական ծառայության ընթացքում վտանգելով կյանքը, վիրավորվել են, ստացել վնասվածք ու հիվանդություն: Նախագահն ասել էր, որ ծրագիրը նպատակ ունի վիրավորված զինծառայողների համար աշխատանք գտնել, դառնալ կամուրջ՝ գործատուի և բանակում ծառայած, հաշմանդամություն ունեցող զինծառայողի միջև: Բայց մինչև այդ, նրանց պետք է ուսուցանել նոր հմտություններ: 2019թ-ի փետրվարի վերջից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող տասը զինծառայողներ շաբաթը երկու օր սովորում են լուսանկարչություն, օպերատորություն և համակարգչային մոնտաժ:

Ծրագրի տևողությունը երեք ամիս է: «Ամեն ինչ ըստ հերթականության է իրականացվում՝ գործնական և տեսական պարապմունքների միջոցով: Մենք որոշեցինք, որ տղաները սկզբում պետք է լուսանկարչություն սովորեն, դրանից հետո տեսախցիկի հետ աշխատելն ավելի հեշտ կլինի: Ուստի ավելի քան մեկ ամիս է նրանք լուսանկարչություն են սովորում, շուտով նաև տեսանակարահանել կսովորեն: Իսկ հետո արդեն իրենց նկարահանած նյութերը կմոնտաժեն:

Սա այս կարևոր նախաձեռնության դեռևս սկիզբն է, առաջին քայլը»,-ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը: Դասընթացի ավարտից հետո, տղաներին աշխատանք ունենալու հնարավորություն կընձեռվի, որպեսզի նրանք կարողանան ակտիվ մասնակցել հասարակական կյանքին:

«Ես ցանկանում եմ նոր մասնագիտություն ձեռք բերել, դրա համար եմ մասնակցում դասընթացներին, որ զարգացնեմ գիտելիքներս»,- ասել է ծրագրի մասնակիցներից Արսեն Հովակիմյանը: Իսկ դասընթացի մասնակից զինծառայողներից Տիգրան Սարգսյանն արդեն սկսել է ակտիվ լուսանկարչությամբ զբաղվել: Նա ֆեյսբուքում բացել է Sargsyan Photography էջը, որտեղ տեղադրում է առաջին լուսանկարները:

Ի դեպ, տղաներին դասավանդող լուսանկարիչը, օպերատորն ու մոնտաժողը երկար տարիներ աշխատել են Հայաստանի նախագահների հետ և հիմա էլ աշխատում են ՀՀ նախագահի աշխատակազմում: Նրանց ֆոտո և տեսախցիկը հավերժացրել են Հայաստան ժամանած աշխարհահռչակ դեմքերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս