Էդեն Ազարը պատասխանել է իրեն «Ռեալ» ուղարկողներին
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարծիք է հայտնել «Վեսթ Հեմի» հետ խաղում հաղթանակի մասին (2:0), որտեղ ինքը դարձավ դուբլի հեղինակ:
«Կարծում եմ, որ շատ լավ խաղացինք: Խաղը հեշտերից չէր, քանի որ մրցակիցը հրաշալի թիմ է: Նրանք մեզ համար շատ խնդիրներ ստեղծեցին: Բայց մենք արեցինք ամեն բան և կարողացանք խփել երկու հրաշալի գոլ:
Առաջին գոլն ինչ-որ անսովոր բան էր: Ես խլեցի գնդակը և փորձեցի առաջ գնալ: Տուգանային հրապարակում պաշտպանի համար դժվար էր, քանի որ նա կարող էր դիպչել ինձ, և այդ ժամանակ կլիներ 11-մետրանոց հարված:
Հնարավոր է, հարվածի ժամանակ իմ բախտը մի փոքր բերեց: Ես ուզում էի արագ հարվածել: Երբ տեսա գնդակը դարպասում, պարզապես ուրախացա: Ես ցածրահասակ եմ, այնպես որ, ինձ համար հեշտ է խաղալ բարձրահասակ պաշտպանների հետ: Նրանց համար դժվար է լինում փոխել ուղղությունը:
Մրցակցի երկրպագուները երգո՞ւմ էին, որ ես գնում եմ «Ռեալ»: Նրանք սխալվում են: Հիմա ես կենտրոնացած եմ միայն իմ ակումբի վրա: Մենք ցանկանում ենք լինել թոփ-4-ում և հաղթել Եվրոպա լիգան: Մենք դեռ շատ բան ունենք անելու: Կտեսնենք:
Մենք լավ մարզավիճակում ենք: Մենք հաղթում ենք երեք խաղ անընդմեջ: Հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր է առաջ գնալը: Թոփ-4-ը և Եվրոպա լիգան մեր նպատակն են, մենք պետք է խաղանք այնքան լավ, որքան կարող ենք»,- ասել է Ազարը Sky Sports-ի եթերում:
Սիրարփի Աղաբաբյան