Բաժիններ՝

«Տարիներ շարունակ պետական գաղտնիք համարվող որևէ փաստաթուղթ չի գաղտնազերծվել». Շուշան Դոյդոյան

«Պետական ծառայության գաղտնիքի մասին» օրենքը նշում է, որ որոշակի կատեգորիաներ ունեցող գաղտնիքը որոշակի պարբերականությամբ պետք է վերանայվի։ 10 տարի շարունակ մեր կազմակերպությունը հարցումներ է ուղարկում՝ հասկանալու համար՝ այս ժամանակաշրջանում որևէ փաստաթուղթ գաղտնազերծվե՞լ է, թե՞ ոչ։ 2009-2017 թվականներին՝ յուրաքանչյուր տարի գաղտնազերվել է մեկ փաստաթուղթ, որոնք հանրային նշանակության փաստաթղթեր չեն եղել։ Այս տարի նույնպես հարցում ուղարկեցինք, և պարզվեց, որ Կառավարությունը, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և Էներգետիկայի նախարարությունը գաղտնազերծել են տասնյակ փաստաթղթեր։ Արդեն լավ է, բայց դրանք այդպես էլ հանրությանը չհասան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով գերատեսչություններից պետական գաղտնիք համարվող փաստաթղթերի արտահոսքին։

Նա նաև նկատեց՝ այս հարցում ուրիշ խնդիր է տեսնում, քանի որ տարիներ շարունակ պետական գաղտնիք համարվող որևէ փաստաթուղթ չի գաղտնազերծվել։

Շուշան Դոյդոյանի խոսքով՝ գաղտնազերծված փաստաթղթերից հանրությանը հասանելի է դարձել միայն մեկ փաստաթուղթ՝ գաղտաազերծված էներգետիկայի նախարարության կողմից։

«Բուն գործընթացը սկսվել է, սակայն մնացել է կես ճանապարհին։ Երբ Կառավարությունից այդ փաստաթղթերը խնդրում ենք, պատասխանում են, որ դրանք արդեն արխիվացվել են և գտնվում են Ազգային արխիվում։ Բայց մենք չգիտենք՝ դրանք ինչ փաստաթղթեր են»,- նշեց Շ. Դոյդոյանը։

Ըստ նրա, ԱԱԾ-ն և Ոստիկանությունը նույնպես պատասխանել են, որ տասնյակ փաստաթղթեր են գաղտնազերծել, սակայն շարունակում են պարունակել քրեական գործով նախաքննական գաղտնիք և անձնական տվյալներ։

«Ստացվում է, որ գործընթացը կա՛մ սխալ ընկալում ունի համակարգի կողմից, կա՛մ ինչ-որ բան դեռևս չի շտկվում, որպեսզի գործընթացն առաջ գնա»,- հավելեց Շուշան Դոյդոյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս