Բաժիններ՝

«Պահանջում ենք պարոն վարչապետի անձնական երաշխիքը, որ պարոն Ղազարյանը կալանքից ազատվի». «Սպայկա» ընկերության աշխատակիցը՝ Նաիրի Սարգսյանին

Կառավարության դիմաց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա իրականացնող ընկերության աշխատակիցները կոչերով պահանջում էին, որպեսզի իրենց լսելու գա անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն նրանց մոտ զրուցելու եկավ Ն. Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը։ Նա ընկերության աշխատակիցներին փոխանցեց Փաշինյանի դիրքորոշումն այն մասին, որ ինքը որևէ կերպ չի կարող  միջամտել քննության ընթացքին։

Աշխատակիցների պահանջը մեկն էր՝ րոպե առաջ Դավիթ Ղազարյանին տեսնել ազատության մեջ։

«Մենք պահանջում ենք պարոն վարչապետի անձնական երաշխիքը, որ պարոն Ղազարյանը կալանքից ազատվի, որովհետև մենք ոչ ոքի չենք հավատում, մենք իրեն ենք հավատում։ Մենք խնդրում ենք՝ իր անձնական երաշխիքով թող դատարանը ազատ արձակի կամ չեղյալ հայտարարի կալանքի որոշումը։ Մենք չենք պահանջում դատական իշխանության աշխատանքի մեջ միջամտություն»,- վարչապետի օգնականի հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության աշխատակիցներից մեկը։

«Իսկ չե՞ք կարծում, որ ձեր նշած միջնորդությունը ուղղակիորեն ազդեցություն կհանդիսանա քրեական գործի պրոցեսի վրա»,- հակադարձեց վարչապետի ներկայացուցիչը, ինչին աշխատակիցները պատասխանեցին՝ ոչ։

«Ի՞նչ տարբերություն, թե ո՞վ է տալիս այդ միջնորդությունը, քաղաքացի՞ն, թե՞ վարչապետը, որտե՞ղ է տարբերությունը։ Եթե Հայաստանում չկա ազդեցություն, ի՞նչ տարբերություն, թե ով է տալիս միջնորդությունը։ Մենք ընդամենն ուզում ենք, որ Դավիթ Ղազարյանը, առանց դատական պրոցեսի վրա որևէ ազդեցության, րոպե առաջ ազատ կարձակվի։ Ի՞նչ միջոց կա դրա համար։ Դրա համար կա երկրորդ ինստանցիային դիմելու մեթոդ։ Մեր իրավաբանները այդ ամբողջ գործիքակազմին շատ լավ տիրապետում են, բայց դա մեզ չի բավարարում, մենք ուզում ենք, որ րոպե առաջ նրան ազատ արձակեն»,- նշեց ընկերության աշխատակիցներից մեկը։

Վարչապետի օգնականը ևս մեկ անգամ վերահաստատեց որևիցե քրեական գործի քննության ընթացքին չմիջամտելու վարչապետի դիրքորոշումը և խոստացավ նրան փոխանցել «Սպայկայի» աշխատակիցների պահանջը։

Աշխատակիցները հայտարարեցին, որ կսպասեն վարչապետի պատասխանին՝ շեշտելով, որ Դավիթ Ղազարյանն իր անձնական երաշխավորությամբ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ է ներգրավել պետության տնտեսությունն աշխուժացնելու համար, ուրեմն ինչո՞ւ վարչապետը չի կարող իր գործարարի համար, որի մեղքը, հայտնի չէ՝ կապացուցվի թե չէ, երաշխիք տալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս