«Սպայկա» ընկերության աշխատակիցները փակել են Դավիթ Ղազարյանին կալանավայր տեղափոխող մեքենայի ճանապարհը
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում կայացրեց:
Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էր դատարան ՊԵԿ քննչական վարչության քննիչը:
Այս պահին դատարանի շենքի դիմաց «Սպայկա» ՍՊԸ-ի բազմաթիվ աշխատակիցներ «Մենք բոլորս «Սպայկա» ենք», «Ազատություն Դավիթ Ղազարյանին» ցուցապաստառներով բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նրաց խոսքով՝ Դավիթ Ղազարյանն անմեղ է, որից կախված է «Սպայկա» ՍՊԸ-ի մոտ 2 հազար աշխատակիցների ճակատագիրը։
«Մենք պահանջում ենք, որպեսզի պարոն Փաշինյանը գա այստեղ, երբ մենք ընտրում էինք վարչապետին, Դավիթ Ղազարյանը մեր կողքին էր։ Հիմա պահանջում ենք, որ վարչապետը գա այստեղ և մեր հարցերին լուծում տա։ Այսօր մարդու անվան հետ խաղալը շատ հեշտ է, բայց որևէ մեկը չի պատկերացնում, թե Դավիթ Ղազարյանը որքան ընկերությունների հետ է համագործակցում, ՊԵԿ-ն ի՞նչ գիտի՝ որը որից հետո է»,- նշում էին աշխատակիցները։
Ոստիկանության և ընկերության աշխատակիցների միջև մեծ քաշքշուկ տեղի ունեցավ, քանի որ վերջիններս թույլ չէին տալիս, որպեսզի Դավիթ Ղազարյանին կալանավայր տեղափոխող մեքենան հեռանա դատարանի մոտից։ Ոստիկանները ստիպված էին ուժով մարդկանց հեռացնել մեքենայի ճանապարհից։
Ընկերության աշխատակիցները դիմելով ոստիկանությանը՝ նշում էին, որ իրենց բոլորին Դավիթ Ղազարյանի հետ տանեն-«փակեն»։
Այս պահին ոստիկանությանը դեռ չի հաջողվում բացել մեքենայի ճանապարհը։
Զվարթ Խաչատրյան