Բաժիններ՝

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենը հրաժարական է տվել

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենը թողնում է իր պաշտոնը: Այդ մասին Twitter-ում հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենը թողնում է իր պաշտոնը, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան ծառայության համար»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը: Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված ԱՄՆ-ի Միգրացիոն եւ մաքսային հսկողության ծառայության պետ Քեւին Մակելինենը:

«Վստահ եմ, որ Քեւինը գերազանց գլուխ կհանի այդ պաշտոնից»,- հավելել է ԱՄՆ-ի ղեկավարը: Axios տեղեկատվական պորտալի տվյալներով՝ նախագահը դժգոհ էր Նիլսենից միգրացիոն հարցում, մասնավորապես, Մեքսիկայի հետ սահմանում արգելապատի կառուցման եւ անօրինական միգրանտների արտաքսման նկատմամբ հստակ դիրքորոշման բացակայության պատճառով:

Թրամփն ինքը չի նշել կադրային այս փոփոխության պատճառները: Քիրսթենն ապրիլի 8-ին Twitter-ի իր էջում հայտնել է, որ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի իր պաշտոնը կթողնի ապրիլի 10-ին:

«Ես համաձայնեցի պաշտոնում մնալ մինչեւ չորեքշաբթի՝ ապրիլի 10-ը, որպես ապահովվի կանանոնկարգված անցումը եւ երաշխավորվի, որ նախարարության հանգուցային հարցերը չեն տուժի»,- գրել է Նիլսենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս