Իրական և ֆեյք Նիկոլ Փաշինյանը
Հայաստանում ինչ-որ բան ակնհայտորեն այն չէ։ Վարչապետն աշխատելու փոխարեն՝ բանաստեղծություններ է գրում, բանաստեղծություններից բացի, գրում է նաև ցուցումներ՝ սեփական ազգականներից մեկի դեմ քրեական գործ հարուցելու համար։ Նպատակն ակնհայտ է՝ հերթական «կադրն» ապահովել իր կողմից բեմադրվող գլոբալ շոուի համար։
Հայաստանն այսպիսով ամեն օր ապրում է շոուի մի տեսարանով։ Ու մինչ հանրությունը վայելում է առանց հացի այդ տեսարանները, երկրում ամեն օր արտառոց մի իրադարձություն է տեղի ունենում։
Երեկ հայտնի դարձավ Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Սպայկայի» դեմ Պետեկամուտների կոմիտեի կողմից 7 միլիարդ դրամի հարկեր չվճարելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին։ «Սպայկայի» ղեկավարությունը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը ՊԵԿ-ի կողմից ընկերության նկատմամբ իրականացվող հետապնդում է։
«Քննիչն ասաց՝ կամ ստորագրում ես, կամ կալանավորվում»,- լրագրողների հետ զրույցում պատմել է «Սպայկայի» տնօրենը։
Իսկ «Սպայկան» ընկերություն է, որի «վրա նստած» է Հայաստանի գրեթե ողջ գյուղատնտեսությունը։ Եվ ահա երեկ ընկերության տնօրենը հայտարարեց, որ հետապնդումը շարունակվելու դեպքում «Սպայկան» կդադարեցնի մթերումները գյուղացիներից։ Իսկ դա կարող է կոլապսի հասցնել գյուղատնտեսության ոլորտը։
Բայց մինչ «Սպայկայի» տնօրենը երեկ խոսում էր իր ընկերության դեմ սարքված մեղադրանքի մասին, Հայաստանի Ազգային ժողովում տեղի էր ունենում հիրավի դարակազմիկ իրադարձություն. ԱԺ բարձր ամբիոնից, դահլիճից հնչող ծափահարությունների ներքո, ելույթ էր ունենում կնոջ անուն-ազգանունով արական սեռի մի նախկին ներկայացուցիչ՝ տրանսգենդեր, ելույթ էր ունենում ոչ թե իր, այլ տրանսգենդերների հանրույթի անունից։
Ու մինչ հասարակությունը կհասցներ մարսել այս աշխարհացունց իրադարձությունը, «ավետիսով» հանդես եկավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ արդեն ի կատար են ածել ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի՝ ֆեյքերի դեմ պայքարելու Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը և ձերբակալել են «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» անունով հանդես եկող կեղծ օգտատիրոջը։
Այս ողջ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Գյումրիում՝ իբրև թե ամեն ինչից հեռու ու ամեն ինչից անտեղյակ։ Նա Գյումրիի փողոցներում նկարահանվում էր բեմադրության հերթական կադրերում ու երևի մտածում էր հաջորդ բանաստեղծության մասին։
Հայաստանում ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ։