Բաժիններ՝

«Հրա­մա­նագ­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րին եր­բև­ի­ցե չի վի­ճարկ­վել». Իրա­վա­բան. past.am

2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված տեսակետներն ու գնահատականները բավականին իրարամերժ են, այդ թվում՝ իրավական հարթության մեջ: «Փաստն» սկսում է փորձագետների հետ զրույցների շարք, որոնք կներկայացնեն իրենց տեսակետները թե՛ այս, թե՛ հասարակական հնչեղություն ներկայացնող այլ հարցերի վերաբերալ: Այս անգամ կայքը զրուցել ենք GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանի հետ:

Հարցին, թե որքանո՞վ էր իրավաչափ ՀՀ նախագահի՝ արտակարգ դրության հրամանագիրը, նա պատասխանել է.

«Պատասխանը միանշանակ է՝ միանգամայն իրավաչափ է: Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով նախագահը լիազորված էր հայտարարելու արտակարգ դրություն։ 2008 թվականի մարտի 1-ին Նախագահն արտակարգ դրություն հայտարարելիս անմիջապես հաշվի է առել Սահմանադրության մեջ նշված հիմքերը։ Հրամանագրի նպատակն էր կանխել երկրում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը և պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը»:

Նաև հավելել է, որ արտակարգ դրությունը ոչ թե ստեղծվել է նախագահի հրամանագրից հետո, այլ իրավաբանորեն ամրագրել է առկա դրությունը Երևան քաղաքում` սահմանադրական կարգին սպառնացող վտանգը պետական ինքնիշխանության, ամբողջականության և մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ։

«2008 թվականի մարտի 2-ին իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ, որի նպատակն էր գնահատական տալ տեղի ունեցած իրադարձություններին։ Ունենալով սահմանադրական վերահսկողության ֆունկցիա՝ Ազգային ժողովը հայտարարել է, որ նախագահի հրամանագիրը անհրաժեշտ է և իրավաչափ։ Ավելին, Նախագահի հրամանագիրը երբևիցե չի ճանաչվել հակասահմանադրական»,-գնահատում է իրավաբանը։ Իսկ արդյո՞ք հրամանագիրը համապատասխանում է միջազգային իրավունքին:

«Միջազգային իրավունքի առումով ևս ավելի քան հստակ է` սահմանադրական կարգին, հասարակության կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի դեպքում, իշխանությունները կարող են հայտարարել արտակարգ դրություն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցաումներ` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը։ Միջազգային պրակտիկան սահմանում է, որ հասարակության անվտանգությունը ապահովելը նախևառաջ տվյալ պետության պատասխանատվությունն է, այսինքն` հանրային մարմինները ունեն գործունեության ազատություն, որը սահմանափակված է, օրինակ` եվրոպական հանրության վերահսկողությամբ»,-նշեց Գրիգորյանը՝ նշելով, որ ըստ այդմ, 2008 թվականի մարտի 1-ին հայտարարած արտակարգ դրությունը թե՛ ընթացակարգային և թե՛ իրավական հետևանքների առումով համապատասխանել է ներպետական օրենսդրությանը և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։

«Ավելին, այդ հրամանագրի համապատասխանությունը միջազգային պայմանագրերին երբևիցե չի վիճարկվել, ներառյալ՝ որևէ միջազգային կառույցի կողմից»,-ասում է Սարգիս Գրիգորյանը։

Այդուամենայնիվ, իրավիճակին հստակ գնահատական տալու անհրաժեշտություն կա, առաջին հերթին՝ իրավական առումով:

«Իրավական անկողմնակալ գնահատական տալիս անհրաժեշտ է հաշվի առնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների բոլոր փաստական հանգամանքները, մասնավորապես` ցուցարարների ոչ խաղաղ լինելու փաստը,- ասում է իրավաբանը: -Սահմանադրությունը հստակ լիազորել էր Նախագահին իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ։ Կարծում եմ՝ այդ միջոցառումները համապատասխանում էին միջազգային իրավունքի սկզբունքներին` իրավաչափությանը, անհրաժեշտությանը և համաչափությանը, օրինակ` ՄԱԿ-ի՝ ուժի և հրազենի կիրառման հիմնարար սկզբունքները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս