Բաժիններ՝

ՀՀ դեսպանը Իրաքի քաղավիացիայի ղեկավարի հետ քննարկել է Երևանի և Բաղդադի միջև ուղիղ չվերթների հնարավորությունը

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը ապրիլի 2-ին հանդիպել է Իրաքի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Ալի Խալիլ Իբրահիմին (Ali Khalil Ibrahim): Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի և Բաղդադի միջև «Իրաքյան ավիաուղիներ» պետական ավիաընկերության կողմից ուղիղ կանոնավոր չվերթների իրականացման հնարավորությունները, որի կապակցությամբ դեսպան Փոլադյանն ընդգծեց վաղուց շրջանառության մեջ դրված երկու երկրների միջև «Օդային հաղորդակցության մասին համաձայնագրի» նախագծի` մոտ ապագայում ստորագրման կարևորության մասին։

Գլխավոր տնօրեն Ալի Խալիլ Իբրահիմը, նշելով իրենց կողմից՝ Հայաստանը որպես զբոսաշրջային բարեկամ երկրի առաջնայության դիտարկման մասին, պատրաստակամություն հայտնեց վերագործարկելու երկու երկրների մայրաքաղաքների միջև օդային կանոնավոր չվերթները՝ կարևորելով հայկական կողմի՝ իրաքցիներին արտոնագրային որոշակի դյուրացումներ տրամադրելու հարցի վերանայման անհրաժեշտությունը։

Կողմերը պայմանավորվեցին մոտ ժամանակներս կազմակերպել փոխադարձ այցելություններ՝ օդային հաղորդակցության բնագավառում առկա խնդիրների քննարկման նպատակով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս