«Որդիներս այսօր մեծանում են առանց Հովսեփի». Կապիտան Հովսեփ Կիրակոսյանի կնոջ միակ սփոփանքը երկու որդիներն են

2016 թվականի ապրիլի 1-ին լույս 2-ին ադրբեջանական կողմը արցախաադրբեջանական սահմանում դիմել էր հերթական սադրանքին, որը վերաճեց լայնածավալ ռազմական գործողությունների, ինչի հետևանքով 100-ից ավելի զոհ ունեցանք։

Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Հովսեփ Կիրակոսյանն առաջիններից էր, որ ապրիլի 1-ի գիշերն ընկերոջ զանգը ստանալուց հետո մեկնեց առաջնագիծ։

Կապիտան Կիրակոսյանը ծառայում էր Մատաղիսում, քաջության համար ստացել էր «Մատաղիսի արծիվ» անվանումը, քանի որ վտանգավոր առաջադրանքները կատարում էր մեծ խիզախումով՝ օրինակ դառնալով իր ենթակայությամբ ծառայող 25 զինվորներին։

Հովսեփի կնոջ՝ Մարիամ Գրիգորյանի խոսքով՝ ապրիլի 1-ի գիշերն ընկերոջ զանգը փոթորկել էր կապիտանի հոգին, ընկերն ընդամենն ասել էր. «Հոսո, արի դիրքեր, թշնամին եկել, մեր քթի տակ հարսանիք է անում, արի տեսնենք՝ ինչ ենք անում»։

Զանգը ստանալուց անմիջապես հետո Հովսեփն արդեն հասկացել է, որ սահմանում դրությունը լուրջ է, հակառակ դեպքում իր հանգստյան ժամին իրեն երբեք չէին զանգի։

«Զանգը ստանալուց հետո Հովսեփն արթնացրեց երեխաներին, ինձ հորդորեց, որ տաք հագնվենք ու երեխաների հետ իջնենք նկուղ, խնդրեցի, որ ինձ օգնի, երեխաներին միասին իջեցնենք, պատասխանեց, որ չի կարող, իր պատասխանատվության տակ 25 զինվոր ունի, եթե մի բան լինի, ինչպես է նայելու նրանց ծնողների աչքերին։ Տնից դուրս գալուց հետ շրջվեց, մեղմ ժպտաց ու ցածրաձայն ասաց. «Մարիամ, դու կարող ես, դու ուժեղ ես», մինչև ուշքի եկա, Հովսեփն արդեն դուռը փակեց։ Արդեն ապրիլի 2-ի կեսօրին զանգեցի Հովսեփին, ասաց, որ երեխաներին լավ նայեմ, շուտով կգա… դա մեր վերջին խոսակցությունն էր»։

Այսօր Մարիամը միայնակ մեծացնում է իրենց երկու որդիներին՝ 6-ամյա Գեղամին և 5-ամյա Էրիկին։ Երեք տարի առաջ երկու որդիները գրեթե ամեն օր սպասում էին, թե երբ է հայրը վերադառնալու, անընդհատ հարցնում էին, թե որտեղ է իրենց հայրը, ինչու տուն չի գալիս, իսկ այսօր գիտակցում են, որ հայրն այլևս չի գալու։

«Հովսեփը երբեք երեխաներին աչքաթող չէր անում, հագեցած գրաֆիկով աշխատելուց հետո երբ տուն էր գալիս, անպայման երեխաներին ժամանակ էր տրամադրում, խաղում էր նրանց հետ։ Այսօր որդիներս մեծանում են՝ առանց Հովսեփի… սա մեծ ցավ է, որը երբեք չի մեղմանում: Գեղամն արդեն դպրոց է գնում, Էրիկը՝ մանկապարտեզ, Հովսեփը շատ էր սպասել, որ որդիներին ինքը դպրոց տանի։ Երկուսն էլ Հովսեփի յուրաքանչյուր ասածը շատ լավ են հիշում։ Գեղամն ասում է, որ ուզում է իր հայրիկի նման զինվորական դառնալ։ Օրեր առաջ պատուհանից տեսա, թե ինչպես էր որդիս բակի երեխաների հետ խաղում ու ասում, որ մի օր իր հայրիկի վրեժը կլուծի, որևէ մեկը որդուս նման բան չի ասել, նա եղելությունն արդեն լավ հասկանում է…»։

Մարիամի խոսքով՝ ամեն շաբաթ որդիների հետ այցելում են Հովսեփի շիրմին, ամեն շաբաթ որդիներն են հարցնում, թե չե՞ն գնալու հայրիկի մոտ։ Հերոսի երիտասարդ կնոջ սփոփանքն այսօր միայն երկու որդիներն են, նրանք են ստիպում ապրել ու կյանքի կոչել Հովսեփ Կիրակոսյանի կիսատ մնացած երազանքները։

Ըստ նրա, այսօր պետությունը գրեթե մոռացության է մատնել ապրիլյան պատերազմի հերոսներին։

«12 տարի ամուսինս ծառայել է սահմանում, զոհվել հանուն սահմանների անառիկության, բայց այսօր նրա երեխաները տուն չունեն։ Ցավալի է, որ չկա այդ ուշադրությունը, ու ցավալի է, որ ոչինչ չի գնահատվում։ Օրերից մի օր Պաշտպանության նախարարությունից մարդ չի եկել՝ հետաքրքրվելու, թե բանակի սպայի երեխաներն ինչպե՞ս են ապրում, տանիք ունե՞ն, թե՞ ոչ։ Կան անհատներ, որոնք միշտ մեր կողքին են, նրանց եմ շնորհակալ, բայց պետական մակարդակով ոչինչ չի արվում։ «1000 դրամների» հիմնադրամից եմ գումար ստանում՝ 25 հազար դրամ»։

27-ամյա կապիտանը 2016 թվականի ապրիլի 2-ին իր 25 զինվորների հետ թեժ մարտի էր բռնվել թշնամու հետ, վիրավորվել էր, սակայն չէր համաձայնել թողնել դիրքերն ու զինվորներին, իսկ զոհվելուց վայրկյաններ առաջ ասել էր. «Տղերք, ես լավ եմ, դուք կռվեք»։

Շուտով Հովսեփ Կիրակոսյանի հայրենի գյուղի՝ Ապագայի միջնակարգ դպրոցը կկոչվի կապիտանի անունով։ Անվանակոչման հարցն առաջ է տարել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը և իր ավարտին հասցրել ներկայիս մարզպետը։ Գյուղում կա նաև զբոսայգի Հովսեփի անունով, որտեղ տեղադրված է նրան նվիրված հուշաքար։

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս