ՀՀ-ԵՄ ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագրի կնքման հեռանկարները և ներդրումների պաշտպանության հիմնարար սկզբունքները գործող Հայաստան-ԵՄ անդամ երկրներ պայմանագրերում

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Օտարերկրյա ներդրումները հաճախ ուղեկցվում են քաղաքական, իրավական և տնտեսական ռիսկերով, որոնք առաջանում են օտարերկրյա ներդրողի և օտարերկրյա ներդրումն ընդունող երկրների կառավարությունների և այլ շահագրգիռ կողմերի փոխհարաբերություններում, ներդրումների իրականացման բոլոր՝ մուտքի, հիմնադրման և հետհիմնադրման փուլերում։ Այս ռիսկերի առկայությունը մեծագույն ազդեցություն ունի երկրների գրավչության վրա օտարերկրյա ներդրողների համար:

Քաղաքական, իրավական և տնտեսական ռիսկերը կարող են ծագել կոռուպցիայի, բյուրոկրատական քաշքշուկների, հովանավորչության, ի վնաս օտարերկրյա ներդրողի օրենքների հակասական մեկնաբանությունների և անկանխատեսելի փոփոխությունների, թույլ նորմատիվ իրավական բազայի, ոչ անկախ դատական համակարգի, պետական մարմինների կողմից իրականացվող անվերջ ստուգումների, տարածաշրջանում զինված հակամարտությունների, հեղափոխությունների, քաղաքացիական անհնազանդությունների հետևանքով։

Ռիսկերի վերոնշյալ թվարկումը շարունակելի է, քանի որ դրանք առաջանում են ոչ միայն առկա թույլ իրավական և տնտեսական ինստիտուտների պատճառով, այլև կառավարության շրջադարձային, վնասակար գործողությունների հետևանքով, որոնք կարող են տարատեսակ ձևաչափեր կրել։ Միևնույն ժամանակ, կառավարությունները կարող են հետապնդել որոշակի լեգիտիմ նպատակներ և ինքնիշխանությունից ելնելով՝ իրականացնել որոշակի օրենսդիր գործունեություն՝ առանց ներդրողին վնաս հասցնելու մտադրության, այդուհանդերձ, թողնելով այդպիսի փաստացի ազդեցություն։

Օտարերկրյա ներդրողներն այս հնարավոր ռիսկերը կառավարելու համար կարող են հենվել միջազգային իրավական այնպիսի մեխանիզմների վրա, ինչպիսիք են՝ Երկկողմանի ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրերը (Bilateral Investment Treaties – BITs) և Ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին դրույթներ պարունակող համաձայնագրերը (Treaties with Investment Protection Provisions – TIPs):

Այս ներդրումային համաձայնագրերը կարևորագույն նշանակություն ունեն, քանի որ նրանց մեծ մասը կանոնակարգում է ներդրողի «ոչ խտրական» մուտքը և հիմնումը երկրում, հիմնումից հետո երաշխիքներ է տրամադրում «անօրինական էքպրոպրիացիայից», երաշխավորում է «Արդար և անաչառ վերաբերմունք» (Fair and Equitable Treatment), երաշխավորում է ներդրումների ֆիզիկական պաշտպանվածություն՝ «Լիակատար պաշտպանվածություն և ապահովություն» (Full Protection and Security), երաշխավորում է կապիտալի «ազատ ռեպատրիացիա» և այլ պաշտպանության մեխանիզմներ։ Ամենակարևորը, ներդրողները հնարավորություն ունեն միջազգային չեզոք հարթակներում ներկայացնել հայց, եթե իրենց իրավունքները խախտվել են, և ստանալ պարտադիր կատարման ենթակա վճիռ՝ կրած վնասների փոխհատուցմամբ։ Սա իրականացվում է «Ներդրողն ընդդեմ Պետության» վեճերի լուծման մեխանիզմի միջոցով։

Սակայն այս ամենը չի նշանակում, որ ռիսկեր առկա են միայն ներդրողների համար, քանի որ երկիրը, փորձելով ներդրումային համաձայնագրերի միջոցով տնտեսության մեջ ներգրավել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ նորարարական տեխնոլոգիաներ և արտադրական օբյեկտներ, աշխատատեղեր ստեղծելու համար ինքն իրեն կանգնեցնում է բազմամիլիոնանոց հայցերի ռիսկի առջև՝ ներդրողին վնասող գործողությունների համար։

ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԵՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ԵՄ-ը շատ բարդ և բազմաշերտ կազմակերպություն է, որի կառուցվածքը ձևավորվել է տասնյակ տարիների ընթացքում՝ հիմնադիր համաձայնագրերում հաջորդիվ փոփոխությունների միջոցով։ Լիսաբոնի համաձայնագրով, որ ԵՄ հիմնադիր համաձայանագրերի վերջին բարեփոխված տարբերակն է, ԵՄ-ին վերապահված են լիազորություններ,, այդ թվում նաև՝ երրորդ երկրների հետ միջազգային համաձայնագրեր կնքելու լիազորությունը, սակայն վերջիններս ունեն որոշակի սահմանափակումներ։ ԵՄ-ը կարող է միայնակ, առանց Անդամ երկրների մասնակցության կնքել միջազգային համաձայնագրեր միայն իրեն վերապահված «Բացառիկ» իրավասությունների շրջանակներում, մինչդեռ իրավասությունները, որոնք չեն համարվում «Բացառիկ», դասակարգվում են որպես «Ընդհանուր», որի դեպքում ԵՄ Անդամ երկրները նույնպես կարող են կնքել միջազգային համաձայնագրեր։

2009թ. ուժի մեջ մտած Լիսաբոնի համաձայնագիրը կարևոր փոփոխություն է մտցրել ԵՄ ներդրումային քաղաքականության մեջ։ Լիսաբոնի համաձայնագիրը ԵՄ «Ընդհանուր կոմերցիոն քաղաքականության» կարգավորման շրջանակ է բերում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ), ինչը ԵՄ «Բացառիկ» իրավասություն է, և որտեղ համաձայնագրեր կարող է կնքել բացառապես ԵՄ-ը։ Մինչև Լիսաբոնի համաձայնագրի ուժի մեջ մտնելը օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրերը գտնվում էին ԵՄ Անդամ երկրների տիրույթում և կնքվում էին Անդամ երկրների կողմից։Սա նույնպես հստակ տեսանելի է 1999թ. «Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրում», որի համապատասխան դրույթները սահմանում են ՀՀ և Եվրոպական համայնքների Անդամ երկրների միջև ներդրումների խթանմանը և պաշտպանության համաձայնագրերի կնքմանն ուղղված համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով համապատասխան իրավասությունները և լիազորությունները:

2010թ. հուլիսին Եվրոպական խորհուրդը հրապարակել է կարևոր արձանագրություն «Դեպի համապարփակ եվրոպական միջազգային ներդրումային քաղաքականություն» անվանումով, որը ներկայացնում է ԵՄ ներդրումային քաղաքականության վերաբերյալ նոր մոտեցումները՝ հաշվի առնելով ԵՄ կողմից ձեռք բերված նոր իրավասությունները։

Տեսանելի կարևորագույն փոփոխություններից մեկն է ներդրումների հետհաստատման փուլի պաշտպանությունից անցումը հիմնադրման և հետհիմնադրման փուլերին։ Միևնույն ժամանակ, Եվրոպական խորհուրդն առաջարկել է ԵՄ Անդամ երկրների և երրորդ երկրների միջև կնքված ներդրումների պաշտպանության համաձայնագրերի մասով անցումային դրույթներ կիրառելու մասին Կարգավորման նախագիծ, որն ուժի մեջ է մտել 2012թ. դեկտեմբերի 20-ին։ Կարգավորումը հնարավորություն է տալիս ուժի մեջ պահել գործող Երկկողմանի ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրերը մինչև ԵՄ-ի և երրորդ երկրների միջև նոր համաձայնագրեր կիրարկվեն։Միևնույն ժամանակ, ԵՄ-ը կարող է թույլատրել Անդամ երկրներին կնքել նոր համաձայնագրեր՝ համաձայն կարգավորման մեջ ամրագրված ընթացակարգերի և պայմանների։

Սակայն օտարերկրյա ուղղակի ներդրումների նկատմամբ ԵՄ իրավասության առկայությունը դեռ չի նշանակում, որ ԵՄ-ը կարող է միայնակ գործել և ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրեր կնքել երրորդ երկրների հետ։ Ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրերի բանակցողներն ընդարձակ սահմանումներ են ներառում «օտարերկրյա ներդրում» և «օտարերկրյա ներդրող» հասկացությունների վերաբերյալ, քանի որ օտարերկրյա ներդրումները միշտ չէ, որ կրում են ուղղակի բնույթ, և կարող են լինել նաև անուղղակի ներդրումներ։ Ընդարձակ սահմանումները հնարավորություն են տալիս պաշտպանել ներդրումների բոլոր հնարավոր տեսակները։

Հետևաբար, ի լրումն օտարերկրյա ուղղակի ներդրումների՝ համաձայնագրերը ներառում են «պորտֆելային ներդրումներ» (բաժնետոմսեր կամ ընկերություններում մասնակցության ցանկացած ձև), որը 2017թ. ԵՄ Դատարանի (European Court of Justice) կողմից ճանաչվել է որպես «Ընդհանուր» իրավասություն։ Ավելին, ներդրող-պետություն վեճերի լուծման համակարգը նույնպես ճանաչվել է որպես «Ընդհանուր» իրավասություն։ Եվրոպական դատարանն այս որոշմանն է հանգել ԵՄ-Սինգապուր Ազատ առևտրի համաձայնագրի կնքման գործի քննության ընթացքում, որտեղ դատարանն արձանագրել է, որ համաձայնագիրը չի կարող կնքվել միայն ԵՄ կողմից նաև այն պատճառով, որ պորտֆելային ներդրումները և ներդրող-պետություն վեճերի լուծման համակարգն «Ընդհանուր» իրավասություններ են։ Քանի որ ԵՄ-ի համար անիմաստ կլինի ներդրումների պաշտպանության համաձայնագիր կնքել առանց պորտֆելային ներդրումների պաշտպանության և ներդրող-պետություն վեճերի լուծման համակարգի. ԵՄ-ն այս ոլորտում միայնակ համաձայնագրեր ստորագրելու համար բավարար իրավասություններ և հնարավորություններ չունի։

Վերոհիշյալ գործոնները ստեղծում են մի իրավիճակ, որտեղ ԵՄ «Բացառիկ» իրավասությունները խաչվում են ԵՄ-ի և Անդամ երկրների «Ընհանուր» իրավասությունների հետ. նման իրավիճակներում ԵՄ-ն Անդամ երկրների հետ միասին կնքում է, այսպես կոչված, «Խառը» համաձայնագրեր, որը պահանջում է ԵՄ և Անդամ երկրների միասնական մասնակցություն համաձայնագրի բանակցմանը, կնքմանը, վավերացմանը և կիրարկմանը։ «Խառը» համաձայնագրերը կարևորագույն գործիքներ են, որոնք պահանջում են վավերացման ավելի երկար ժամանակ, սակայն չեզոքացնում են իրավասությունների մասին ԵՄ և Անդամ երկրների միջև բանավեճերը և ապահովում են համաձայնագրերի ամուր իրավական հիմքը։ Վերջինս կարևորագույն հարց է, քանի որ սխալ իրավական հիմքի վրա կնքված համաձայնագիրը առոչինչ է։

Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին 2017թ. համաձայնագիրը (CEPA) նույնպես կնքվել է որպես «Խառը» համաձայնագիր, որի պատճառների մասին անդրադարձ կկատարվի առանձին հոդվածաշարով, սակայն անհայտ պատճառներով այն չի ներառել ներդրումների պաշտպանության մասին հիմնարար դրույթներ, որոնք ամբողջապես կտեղավորվեին համաձայնագրի ձևաչափի մեջ։ Փոխարենն այն ներառում է մեկ հոդված, որը հնարավորություն է տալիս համաձայնագիրը լրացնել ներդրումների պաշտպանության դրույթներով՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում, ներդրումային դաշտի և իրավական կարգավորումների ամբողջական վերանայումից հետո։

ՕՈՒԵ-ին վերաբերվող դրույթների մասով վերանայման գործընթացը սկսել է ՀԸԳՀ-ի ժամանակավոր կիրառելիության օրվանից։: Վավերացման գործընթացը կարող է դյուրացվել՝ ստանալով Խորհրդի որոշումը, որը ԵՄ Անդամ երկրների համար կսահմանի ժամանակացույց այն ավարտելու համար: Սակայն ՀՀ իշխանությունների կողմից այս ուղղությամբ ենթադրաբար ոչ մի գործողություն չի նախաձեռնվել, ինչը դարձնում է համաձայնագրի վավերականացման ժամկետներն անկանխատեսելի, և, հետևաբար, հայտնի չէ, թե երբ կսկսվի ներդրումային միջավայրի և իրավական կարգավորումների ամբողջական վերանայումը։

Մինչդեռ համաձայնագրում ներդրումների պաշտպանության դրույթների ներառումը խիստ կարևոր նշանակություն ունի։ Դրույթները կտարածվեն ԵՄ Անդամ բոլոր երկրների ներդրողների վրա` ներկայիս 16 երկրների փոխարեն։ 28 առանձին համաձայնագրերի փոխարեն մեկ համաձայնագիր կնքելը համաձայնագրի կիրարկումը և մեկնաբանությունը կդարձնի ավելի կանխատեսելի և հստակ թե՛ ներդնողների, թե՛ Անդամ երկրների համար։ Հայաստանի Հանրապետության համար այն կստեղծի հնարավորություն իր ներդրումների պաշտպանության մասին 16 համաձայնագրերը վերանայելու հարցում, որոնք ունեն բազում բացեր։

Մասնավորապես, Հայաստանի համար խիստ կարևոր է վերանայել իր կողմից տրամադրվող ընդհանրական ձևակերպված պաշտպանության երաշխիքները, որոնք միջնորդ դատարանների կողմից կարող են ընդարձակ մեկնաբանությունների արժանանալ՝ ի վնաս Հայաստանի։ Ի լրումն գործող պաշտպանության երաշխիքների վերաշարադրման՝ անհրաժեշտ է համաձայնագրում ավելացնել դրույթներ, որոնք հնարավորություն կստեղծեն Հայաստանի համար հնարավորինս անկաշկանդ գործել շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված հարցերում՝ առանց արբիտրաժի վտանգի առջև կանգնելու։

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀՀ-ԵՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ
– Ներդրումների նախահիմնադրում

Անկախությունից ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է 43 երկկողմ ներդրումային համաձայնագրեր, որոնցից 16-ը՝ ԵՄ Անդամ երկրների հետ: Ինչպես աշխարհի շատ երկրներում, ԵՄ Անդամ երկրների հետ Հայաստանի կնքած համաձայնագրերը, որոշ բացառություններով, ապահովում են ոչ խտրական վերաբերմունք ներդրումների հիմնադրումից հետո։ Ներդրումների անխտրական ընդունումն ու հիմնադրումը դուրս է պաշտպանության շրջանակներից, ինչը նշանակում է, որ Հայաստանը որդեգրել է «վերահսկվող մուտք»-ի մոդելը:

«Վերահսկվող մուտք»-ի մոդելի դեպքում օտարերկրյա ներդրողը կարող է մուտք գործել հայկական շուկա և հիմնադրվել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունների նախապես հավանությունը ստանալուց հետո։ Անդամ երկրներն այս մոդելը կիրառում են տարբեր պատճառներից ելնելով, ներառյալ՝ ազգային անվտանգության, պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում օտարերկրյա ներկայացվածությունը սահմանափակելու համար, շրջակա միջավայրի պաշտպանության և այլ նկատառումներից ելնելով։

Ընդհանուր առմամբ, պետություններն ունեն ինքնիշխան իրավունք՝ թույլատրել կամ չթույլատրել օտարերկրյա ներդրողների մուտքը Հայաստանի Հանրապետություն, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային համաձայնագրերով։

Հայաստանի Հանրապետություն-Ֆինլանդիա ներդրումների մասին համաձայնագիրը մեկն է ԵՄ անդամ երկրների հետ կնքված համաձայնագրերից, որը շեղվում է «վերահսկվող մոդելից» և կիրառում է ներդրողների մուտքի և հիմնադրման «լիարժեք ազատականացման» մոդելը, քանի որ ներդրումների «հիմնադրման» և «ձեռքբերման» համար տրամադրում է «Ազգերի առավել բարենպաստ» ռեժիմ, ինչը նշանակում է, որ Հայաստանը չի կարող ֆինն ներդրողներին ցուցաբերել նվազ բարենպաստ վերաբերմունք, քան ցուցաբերում է երրորդ երկրների ներդրողներին՝ ներդրումներ իրականացնելու և ձեռք բերելու առումով։

Միևնույն ժամանակ, համաձայնագիրը երաշխավորում է «Ազգային մոտեցում» «ձեռքբերման» մասով, ինչը նշանակում է, որ Հայաստանը չի կարող ֆինն ներդրողներին վերաբերվել նվազ բարենպաստ, քան Հայաստանի ներդրողներին։ Սա նշանակում է, որ ֆինն ներդրողները մուտք են ունենում տնտեսական այն ոլորտներ, որոնք բաց են ՀՀ ազգային ներդրողների համար՝ ՀՀ ներդրողների հետ հավասար պայմաններով։

Այլ երկրների պրակտիկայի հետ համեմատելիս, ինչպիսիք են՝ Կանադան և ԱՄՆ-ը, ինչպես նաև՝ «Հյուսիս-ամերիկյան ազատ առևտրի համաձայնագիրը» (North American Free Trade Agreement – NAFTA), որոնք նույնպես կիրառում են «լիարժեք ազատականացման» մոդելը, ակնառու է շատ էական տարբերություն․ նրանք բացառություններ են ամրագրում ռազմավարական կարևորություն ունեցող տնտեսական ոլորտներում։ Սա նշանակում է, որ նրանք չեն ստանձնում այդ ոլորտներում շուկայի մուտք տրամադրելու պարտավորություն: Հայաստանի կողմից կնքված համաձայնագրերը չեն տրամադրում նման բացառություններ։ Հայաստանը օտարերկրյա ընկերություններին մշտապես տրամադրել է շուկայի մուտք ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկ ոլորտը, տրանսպորտը, ջրամատակարարումը և հեռահաղորդակցությունը, որտեղ որոշ ոլորտներ վերահսկվում են ՌԴ պետական ձեռնարկությունների կողմից։

Միևնույն ժամանակ, Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ծառայությունների ոլորտի ընդհանուր համաձայնագրի «Հատուկ պարտավորությունների ցուցակում» նույնպես որդեգրել է բավական ազատական մոտեցում՝ սահմանելով նվազագույն սահմանափակումներ «Կոմերցիոն ներկայություն» ռեժիմում, որը լավագույնս կապված է ԱՀԿ բոլոր Անդամ երկրներից օտարեկրյա ներդրողների՝ Հայաստանի շուկա մուտք գործելու և ներդրումներ հիմնելու հետ: Հորիզոնական ցուցակում «Կոմերցիոն ներկայություն» ռեժիմում շուկայի մուտքն անսահմանափակ է, և առկա են «Ազգային մոտեցման» նվազագույն սահմանափակումներ, որոնք կապված են օտարերկրյա ֆիզիկական անձանց համար հողի ձեռքբերման արգելքի հետ (իրավաբանական անձանց թույլատրվում է հող ձեռք բերել)։ Հատուկ պարտավորությունների ոլորտային ցուցակում նույնպես առկա են նվազագույն սահմանափակումներ շուկայի մուտքի և «Ազգային մոտեցման» համար։

Այս ամենը ցուցադրում է Հայաստանի կողմից կիրառվող ոչ հստակ, որոշ դեպքերում՝ հակասական ներդրումային քաղականությունը, որը պետք է ենթարկվի վերանայման։
– Ներդրումների հետհիմնադրում

Ոչ խտրական մոտեցման սկզբունքներ առկա են նաև ներդրումների հիմնադրումից հետո, և կախված կոնկրետ համաձայնագրերում առկա ձևակերպումներից՝ նրանք տարածվում են որոշակի գործողությունների վրա, ներառյալ՝ ներդրումների ընդլայնման, գործողության մեջ դնելու, կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման և վաճառքի կամ այլ կերպ տնօրինելու հետ։

Հայաստանի ներդրումների պաշտպանության համաձայնագրերը երաշխավորում են պաշտպանություն անօրինական էքսպրոպրիացիայից և ազգայնացումից։ Կարևոր է նշել, որ էքսպրոպրիացիան և ազգայնացումը, որպես այդպիսին, արգելված գործողություններ չեն։ Առկա են մի քանի պայմաններ, որոնք պետք է պահպանվեն, որպեսզի այս գործողությունները համարվեն օրինական։ Այն պետք է իրականացվի պետական շահի համար, առանց խտրականության, օրենքով սահմանված կարգով, վճարելով ադեկվատ և արդյունավետ փոխհատուցում։ Համաձայնագրերը պաշտպանում են ոչ միայն ուղղակի էքսպրոպրիացիայից, որը ենթադրում է ներդրողի ակտիվների ֆիզիկական բռնագանձում, ինչը մեր ժամանակներում հազվադեպ է հանդիպում, այլ նաև՝ անուղղակի էքսպրոպրիացիայից և էքսպրոպրիացիային համարժեք ազդեցություն ունեցող գործողություններից։

Անուղղակի էքսպրոպրիացիան կարող է առաջանալ այն դեպքերում, երբ ներդրողը պահպանում է ներդրման նկատմամբ նոմինալ սեփականությունը, բայց զրկված է այն օգտագործելու և օգուտ քաղելու հնարավորությունից: Անուղղակի էքսպրոպրիացիան կարող է ունենալ տարբեր ձևաչափեր, որոնցից է նաև, այսպես կոչված, «Creeping Expropriation», որն առաջանում է պետության կողմից գործողությունների շղթայից, որտեղ վերջիններս առանձին վերցրած չեն դասակարգվում որպես էքսպրոպրիացիա, սակայն նրանց հարուցած արդյունքը որպես ամբողջություն ոչնչացնում է ներդրումների արժեքը։

Անուղղակի օտարումը կարող է նույնպես խաչվել երկրի կարգավորումներ ընդունելու ինքնավարության հետ և պարտավորեցնել երկրին վճարել փոխհատուցում կարգավորումների համար, որոնք ուղղված են հասարակության բարեկեցությանը։

Նմանատիպ իրավիճակները կանխարգելելու համար Հայաստանի Կառավարությունն իր կողմից ապագայում կնքման ենթակա միջազգային ներդրումային համաձայնագրերում պետք է հաշվի առնի այս գործոնները և ներառի ավելի մանրակրկիտ ձևակերպված հոդվածներ, որոնք կսահմանեն, թե որ գործողությունները չեն համարվում անուղղակի էքսպրոպրիացիա, և սահմանի անուղղակի էքսպրոպրիացիայի գոյության հաստատման ընթացակարգերը։

Մյուս կարևոր երաշխիքն «Արդար և անաչառ» (Fair and Equitable Treatment – FET) վերաբերմունքն է, որի նորմատիվ բովանդակությունը դեռևս ամբողջապես չի սահմանվել, և ընդարձակ ձևակերպումները հանգեցնում են ստանդարտի ընդարձակ մեկնաբանությունների: Հայաստանի կողմից կնքված համաձայնագրերից շատերը չեն կապում FET-ը միջազգային իրավունքի հետ (ավտոնոմ FET), ինչը ներդրող-երկիր վեճի առկայության դեպքում կարող է հանգեցնել ընդարձակ մեկնաբանությունների: Երկրները կարող են այս ստանդարտը խախտելու մեջ մեղավոր ճանաչվել նաև այն դեպքերում, երբ ձախողել են ապահովել կայուն և կանխատեսելի իրավական դաշտ, չեն ապահովել պատշաճ իրավական գործընթացներ, ներդրողի հետապնդման, հարկադրանքի, իշխանության չարաշահման, անբարեխիղճ վերաբերմունքի, կամայական, խտրական կամ անհետևողական գործողությունների պարագայում, նաև այն դեպքում, երբ պետությունը ներդրողին ներկայացրել է կոնկրետ երաշխիքներ և չի ապահովել այդ երաշխիքները՝ խախտելով ներդրողի օրինական ակնկալիքները:

Մյուս կարևոր պաշտպանության երաշխիքը «Լիակատար պաշտպանվածության և ապահովության» ստանդարտն է, որը կապված է պետության կողմից ներդրողի սեփականության ֆիզիկական պաշտպանության հետ այն վնասներից, որոնք առաջանում են պետական մարմինների և մասնավոր անձանց գործունեության հետևանքով։ Այս ստադարտի համաձայն՝ պետությունները պարտավոր են առնվազն գործողություններ ձեռնարկել կանխելու ներդրողին պատճառվող վնասները: Եթե նույնիսկ պետության կողմից ձեռնարկվող գործողությունները չեն եղել հաջողված և չեն կանխել վնասը, «Լիակատար պաշտպանվածություն և ապահովություն» տրամադրելու պարտավորությունը կարող է համարվել կատարված։

Վերջին տարիների ընթացքում ներդրումների պաշտպանության մասին դրույթները և վեճերի լուծման մեխանիզմը, որը նախատեսված է ապահովելու այդ դրույթների կիրառելիությունը, ենթարկվել և շարունակում են ենթարկվել խիստ քննադատության։ Բազմաթիվ մտավախություններ են եղել, որ ներդրումների պաշտպանության դրույթները երբեմն կարող են հակասել պետության ինքնավարությանը և սահմանափակել օրենքներ ընդունելու հնարավորությունները, քանի որ դրանք սահմանված են ընդհանրական տերմիններով, ինչը հանգեցնում է միջնորդ դատարանների կողմից ընդարձակ մեկնաբանությունների՝ ի վնաս պետության։

Սա շատ դեպքերում բազմամիլիոնանոց փոխհատուցումների պատճառ է դարձել, և հաշվի առնելով Հայաստանի փոքր բյուջեն՝ սա կարող է բավականին ծանր հետևանքներ ունենալ։ Միևնույն ժամանակ, վեճերի լուծման ընթացքում միջնորդ դատարանները շատ հաճախ կայացնում են իրար հակասող և անհետևողական որոշումներ։ Նրանք վեճերի վերաբերյալ հաճախակի կայացնում են տարբերակվող որոշումներ՝ մեկնաբանելով միևնույն դրույթները գրեթե նույն փաստական հանգամանքների շրջանակում։

Մեծագույն խնդիր է միջնորդ դատարանների կողմից կայացված որոշումների բողոքարկումը։ Համաշխարհային բանկի ներքո գործող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում (International Center of Settlement of Investment Disputes), կարելի է ասել, անհնար է, ըստ էության, վիճարկել կայացված վճիռները։ Ad hoc արբիտրաժի դեպքում առկա են վճիռներն արբիտրաժի իրականացման երկրում բողոքարկելու որոշակի հնարավորություններ, սակայն տվյալ դեպքում բողոքարկումն իրականացվում է արբիտրաժի վայրի ներպետական օրենսդրությամբ սահմանված շրջանակներում, որոնք նույնպես սահմանափակ են։

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (United Nations Conference on Trade and Development – UNCTAD) բազան պարունակում է տվյալներ, ըստ որի՝ Հայաստանը 3 անգամ վեճի կողմ է եղել։ Ներկայումս նոր արբիտրաժային վարույթներ են սկսում ընդեմ Հայաստանի։ Միևնույն ժամանակ, արբիտրաժային վարույթների մասին առկա տեղեկատվությունը կարող է ամբողջական չլինել՝ հաշվի առնելով այն, որ ներդրումային արբիտրաժի վարույթները շատ հաճախ իրականացվում են գաղտնի։ Թափանցիկության բացակայությունը տեսանելի է նաև Հայաստանի դեպքում։ Investment Arbitration Reporter (IA Reporter)-ը 2012 թվականին դիմել է ՀՀ Կառավարությանը՝ խնդրելով տրամադրել TS Investment Corp v Republic of Armenia գործով արբիտրաժի որոշումը, որը կայացվել է հօգուտ Հայաստանի, սակայն, իրենց պնդմամբ, ՀՀ պետական մարմիններն անտեսել են իրենց հարցումները։

Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը չունի հստակ ներդրումային քաղաքականություն, և ոլորտում անհրաժեշտ է լրջագույն բարեփոխումներ իրականացնել։ Միջազգային ներդրումային իրավունքի և միջազգային ներդրումային արբիտրաժի ոլորտներում տեղի ունեցող արագընթաց զարգացումները որևէ ազդեցություն չեն ունեցել Հայաստանի վրա, և որևէ փոփոխություն չի իրականացվել զարգացումներին համընթաց քայլելու համար։ Սա ինքնին բավականին վտանգներ է պարունակում։ Հայաստանը պետք է պատրաստի BIT-երի սեփական մոդելը, որը կգծի պաշտպանության այն մակարդակը, որը մենք կարող ենք տրամադրել օտարերկրյա ներդրողներին՝ բալանսավորելով պետության կարգավորիչ դերի հետ։

Արա Վարդանի Պապյան
Միջազգային առևտրի, ներդրումային իրավունքի և
ԵՄ իրավունքի հարցերով ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
Լոզանի համալսարանի ասպիրանտ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Տեսանյութեր

Լրահոս