Ինդոնեզիայում աճում է հեղեղումների ու սողանքների պատճառով զոհվածների թիվը
Ինդոնեզիայի Պապուա արեւելյան նահանգում հեղեղումների ու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 89-ի, եւս 159 հոգի տուժել է: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր 77 զոհվածների եւ 116 տուժածների մասին: Գործակալության տեղեկատվությամբ՝ Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն հայտարարել է, որ եւս 74 մարդ անհետ կորել է, ընդ որում՝ «զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տարերքը մեծ տարածք է ընդգրկել»:
Բացի այդ, ներկա պահի դրությամբ գրեթե 7 հազար մարդ հարկադրված է եղել լքել իրենց տները եւ տեղավորվել տարհանման կենտրոններում: Հեղեղումների ու սողանքների հետեւանքով ավերվել են շուրջ 250 շենք, երեք կամուրջ, ութ դպրոց եւ ենթակառուցվածքի այլ շենքեր: Փրկարար ծառայությունների 1,5 հազարից ավելի աշխատակիցներ շարունակում են որոնողափրկարարական գործողությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: