Մեկ շաբաթ է՝ 120.000 դրամով տուգանում են գազալցակայաններին՝ 8 զուգարան չունենալու համար
Մեկ շաբաթ է՝ տուգանում են գազալցակայանների սեփականատերերին, քանի որ ստուգել ու տեսել են՝ 8 սանհանգույց չունեն:
«Բացառվում է, որ լինեն այնպիսի գազալցակայաններ, որտեղ սանհանգույցներ չկան, սակայն պարզվում է, որ սանհանգույցների քանակի պատճառով hանրապետությունում տուրիզմը չի զարգանում: Սա էլ նոր բան էր: Հիմա մարզպետարաններում որոշումներ են ընդունում, որ սանհանգույցներն ավելացնեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորումների տեղադրման և փորձարկման լաբորատորիայի տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը:
Նրա փոխանցմամբ՝ դեռևս 2010 թվականի հոկտեմբերի 1-ին Առողջապահության նախարարի 21Ն հրամանով գազալցակայաններում հասարակական զուգարանի նվազագույն խցիկների քանակը մինչև 4-ը պետք է լիներ, իսկ եթե 4 կետից ավելի է, ուրեմն ևս մեկը՝ լրացուցիչ:
«Այսինքն, եթե 10 աշտարակներ են, 8 զուգարան պետք է լինի: Մյուս հրամանը 20Ն-ն է, որտեղ գրված է, որ միջինացված մեկ սանհանգույցը պետք է լինի 500 հոգու համար: Սա նորմա է, աշխարհում այդպես է, հաշվել են, եթե մեկ ժամում 27 մարդ են սպասարկում, 500 հոգու համար մեկ սանհանգույց է անհրաժեշտ: Չես հասկանում, թե ինչո՞ւ հանկարծ դարձավ 8 սանհանգույց: Հիմա, քանի որ ասվել է, որ տուրիզմը չի զարգանում, որովհետև գազալցակայաններում սանհանգույցները պակաս են, արդեն գնացել ու մարդկանց տուգանել են:
Մեկն ունեցել է երկու սանհանգույց՝ լավ սարքած, մաքուր, գնացել 120.000 դրամով տուգանել են, ասել են՝ 60.000 մուծեք, ձեզ էլ մեկ ամիս ժամանակ՝ 8 հատ էլ սարքեք: Հա, մի բան էլ որոշում են ընդունել, որ աշտարակից 50 մետր հեռու պետք է լինի: Չկան նման տարածքներ: Նոր հողահատկացո՞ւմ են անելու:
Ախր, գազալցակայանները կառուցում են հատուկ հաստատված նախագծերով, որոնք որ տարբեր տեսակի էքսպերտիզաներ են անցնում, դրանք օդից չեն սարքվել: Երկար գործընթաց է: Ամենաքիչը 3-6 ամիս են տևում է փաստաթղթային էքպերտիզան և թույլտվությունները: Հաստատվում է նախագիծ, որի հիման վրա կառուցվում է կայանը:
Նման պահանջներ կարող էին դնել այն վայրերում, որտեղ հասարակությունը շատ է լինում. թատրոն, կինո, սրճարաններ, որտեղ իրականում կարող է 500-ից ավելի մարդ երկու ժամվա ընթացքում լինի»,- նշեց Մկրտիչ Տիգրանյանը:
Նրա խոսքով՝ որևէ փոփոխություն անելու համար նախագիծը պետք է փոխեն:
«Գազալցակայանները հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: ԱԻՆ-ն ամեն տարի այնտեղ ստուգումներ է անցկացնում, տեխնիկական փորձաքննությունից հետո նոր իրավունք ունեն շահագործել: Ցանկացած նախագծային փոփոխություն կարող է հանգեցնել կայանի շահագործման դադարեցմանը: Ո՞նց են պատկերացնում իրենց գրած ակտից հետո մի ամսվա մեջ գործն անելը: Նախ տարածք է պետք, բա նախագծերի փոփոխությունն ո՞վ է անելու»,- նկատեց ասաց «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորումների տեղադրման և փորձարկման լաբորատորիայի տնօրենը:
«Գազալցակայաններն արդեն պաշտպանության կարիք ունեն: Հարկային տեռորի են ենթարկվում: Ասում են՝ հաշվի չենք առնում, թե «Գազպրոմ Արմենիայից» ինչքան գազ եք ստանում: Տեսեք, օրինակ՝ 300.000 խմ գազ է ստացել գազալցակայանը, իրացրել է, ասում են՝ չէ, մի րոպե, մեկ խմ գազը սեղմելու համար դու օգտագործում ես կես կիլովատտ էլեկտրաէներգիա: Իրենք վերցնում են ամենացածր ցուցանիշը, ասում են՝ 1խմ համար օգտագործում ես 0.2 կվտ, բազմապատկում ես 300.000-ով՝ ստացվում է, որ թաքցրել ես՝ 420.000 խմ գազ պետք է իրացնեիր: Հետո, թե՝ հոսանք շատ ես օգտագործել, բնականաբար, գազ շատ ես սեղմել: Ասում եմ՝ եթե գիտես ձևը, թե կիլովատտը ո՞նց են գազ սարքում, սովորեցրու, որ էլ գազ չստանանք, մենակ հոսանք ստանանք ու գազ լցնենք: Աբսուրդը հասնում է նրան, երբ ՊԵԿ-ը հայտարարում է, որ գազալցակայնները 230 միլիարդ դրամ շորթել են, ու հիմքն այս հաշվարկի ձևն է»,- եզրափակեց Մկրտիչ Տիգրանյանը:
Անի Կարապետյան