Բաժիններ՝

Կիլոգրամով վաճառելու դեպքում, հնարավոր է՝ գազը 2.6 դրամով թանկանա

ՀՀ կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազը հարկել ոչ թե ծավալով, այլ կշռով: Գործող օրենքով հազար խմ-ի համար ակցիզային հարկը 25 հազար դրամ է: Կառավարությունն առաջարկում է 1 տոննայի համար 34 հազար դրամ:

«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորումների տեղադրման և փորձարկման լաբորատորիայի տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դեռ չի որոշվել, թե ինչքանո՞վ է վաճառվելու մեկ կիլոգրամ գազը:

«Եթե առաջ լիցքավորելու էին 14 խմ, հիմա դա լինելու է 10 կգ: Մոտ 40 տոկոսի տարբերություն է տալիս կիլոգրամի և խորանարդ մետրի միջև: Բնականաբար, եթե 1 խմ-ի դեպքում գազն իրացվում էր 200 դրամով, ապա կիլոգրամի դեպքում գազը նույն համամասնությամբ պետք է արժենա 280 դրամ: Այսինքն, 14 խմ-ի դեպքում արժեքը կազմելու էր 2800 դրամ, հիմա նույն ճնշմամբ, նույն ջերմաստիճանով 10 կգ լիցքավորելու դեպքում կիլոգրամը կարժենա 280 դրամ»,- ասաց Մկրտիչ Տիգրանյանը:

«Անհատ տաքսի վարորդների պաշտպանություն» հ/կ նախագահ Մխիթար Օհանյանն էլ նշեց, որ գնային փոփոխության հետ կապված՝ հաշվարկ է կատարել մեկ խորանարդ մետրի չափով և եկել է այն եզրահանգման, որ հնարավոր է՝ 2.6 դրամ թանկացումլինի:

Մկրտիչ Տիգրանյանի խոսքով՝ գազը կիլոգրամով իրացնելը շուրջ 10 տարի չի կիրառվել, քանի որ կան տեխնիկական խնդիրներ:

«Իրացման հետ կապված՝ խնդիրներ են առաջանալու, որոնց համար ոչինչ չի արվում, ամեն ինչ թողած է գազալցակայանների հույսին: Ասում են՝ այսպես է, ու ոնց ուզում եք՝ լուծեք հարցը»,- շեշտեց նա:

Մխիթար Օհանյանն էլ նկատեց. «Այն գազը, որ ստանում են՝պետք է սառեցված վիճակում ընդունեն, որ շահեկան վիճակում հայտնվեն, իսկ դրա համար սառնարաններ պետք է սարքեն»:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ կիլոգրամով գազը վաճառելու դեպքում կարողանան խաբել վարորդներին, «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորումների տեղադրման և փորձարկման լաբորատորիայի տնօրենը պատասխանեց.

«Գազալիցքավորման աշտարակներում դրված հաշվիչը ոչ թե խմ, այլ կիլոգրամ է կշռում, որը հետո գործակցի կիրառմամբ դառնում է խորանարդ մետր: Այսինքն, ի սկզբանե գազի իրացման չափը կիլոգրամով է կշռվում, և վարորդներին խաբելու հավանականությունը, կարելի է ասել՝ վերանում է:

Խորանարդ մետրի վերափոխման ժամանակ կիրառվող գործակիցն ամեն անգամ կարող է տարբեր լինել, որովհետև խողովակներով ստացվող գազը տարբեր խտությամբ է լինում, ու այն ստանդարտ պահել հնարավոր չէ, բայց երբ հաշվիչը կշռում է անցնող գազը, արդեն կապ չունի, թե ջերմաստիճանն ինչքա՞ն կլինի, ի՞նչ ծավալով է լցվելու:

Հայտնեմ, որ Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից բոլոր գազալցակայանները տարին մեկ անգամ կատարում են ստուգաչափում: Իրենց կշեռքով, գազի բալոնով գնում են, լիցքավորման աշտարակում նրանց ասում են՝ օրինակ, լիցքավորեք 10 կգ գազ, որից հետո համեմատում են աշտարակի վրայի ցուցմունքի հետ: Այսինքն, ամեն տարի բոլոր գազալիցքավորման աշտարակները կիլոգրամով ստուգաչափվում են, իսկ խորանարդ մետրիդեպքում ստուգաչափելու նման մեթոդիկա գոյություն չունի»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս