«Ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ». Զոհրաբ Մնացականյանը՝ ԱՄՆ Պետդեպի զեկույցի մասին
«Մենք չենք անելու որևէ բան, որ փակուղի է տանելու, որովհետև մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը։ Սա շատ էական հարց է։ Եվ մենք շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ։ Այստեղ խնդիրը վերաբերում է շատ պրագմատիկ հարցի՝ ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն։ Սա նորություն չի, բայց դրան զուգահեռ, որպեզի մենք արդյունավետ աշխատենք բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, մեզ պետք է պրակտիկ առումով ընդունել, որ այդ որոշիչ ձայնի արտահայտումը, ներգրավվածության արտահայտումը պետք է հաշվի առնվի այն առումով, որ մենք կարողանանք արդյունավետ աշխատել բանակցային գործընթացի մեջ։
Մենք այսօր բանակցում ենք և՛ Լեռնային Ղարաբաղի հետ, և՛ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի հետ, և այդ առումով շատ ավելի գործնական ու արդյունավետ է, երբ կարողանանք բանակցային գործընթացը համալրել այնպես, որ արդյունավետության առումով կարողանանք ապահովել համապարփակություն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի հայտարարությունը, թե Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ՀՀ պնդումը փակուղի է տանում։
Ըստ նրա՝ սա սկզբունքային հարց է, բայց նախապայման չէ։ Նա նշեց, որ խնդիրը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, որն ունի ինստիտուցիոնալ ամբողջ համակարգը՝ արտահայտելու իր ժողովրդի կամքն ու մոտեցումները, ունի ընտրված իշխանություններ, որ ճանաչված է միջազգային հանրության կողմից տարբեր փաստաթղթերում, և իրենք՝ որպես ընտրված իշխանություններ, արտահայտում են այն հատվածի ձայնը, որն իրենց ընտրել է։ Զ.Մնացականյանի խոսքով՝ այդ հատվածը չի ընտրել ՀՀ վարչապետին, և սա նորից նույն հարցն է, որի մասին բավականին ընդարձակ խոսել է ՀՀ վարչապետը. «Սա ոչ թե նախապայման է, այլ խնդիր, որը չի կարելի արհամարհել և որը որևէ դեպքում չի վերացնում Հայաստանի պարտավորությունը՝ որպես բանակցային կողմ»։
Զ.Մնացականյանը մերժեց ադրբեջանական պնդումը, թե Ստեփանակերտում ԱԱԽ համատեղ նիստի անցկացումը Երևանին տալիս է մանդատ՝ բանակցություններում ներկայացնելու նաև Արցախը։ Նրա դիտարկմամբ՝ երբ Հայաստանը բազմաթիվ միջկառավարական հանձնաժողովների նիստեր է անցկացնում, դա չի նշանակում, որ կարող է խոսել նաև մասնակից մյուս երկրի անունից։ Նա նշեց, որ դա եղել է ընդամենը ԱԱԽ համատեղ նիստ, և ՀՀ-ն ունի տարբեր ձևաչափեր՝ աշխատելու Արցախի հետ, ու շարունակելու է աշխատել։
Անդրադառնալով պնդումներին, թե ՀՀ ներկայիս իշխանությունները վնասում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, օրինակ՝ Միլանում հանդիպումից հետո Զ.Մնացականյանը հայտարարել է, թե ոգևորված է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ հայտարարությունը համաձայնեցնելու հանգամանքով, բայց իրականում այդ հայտարարությունն ադրբեջանանպաստ էր, ՀՀ ԱԳ նախարարը հակադարձեց, որ, եթե կարող են համատեղ հայտարարություն ձևավորել, որտեղ խոսվում է խաղաղությանն ուղղված գործառույթների մասին, դա շատ ուրախալի է, որպեսզի Ադրբեջանը նույնպես կարողանա կիրառել լեզու, որը վերաբերում է խաղաղության գործընթացին. «Այսինքն՝ համարում են, որ ռազմատենչ լեզուն ավելի օգտակար է և արդյունավե՞տ։ Եթե համարում են այդպես, ես իրենց հետ համաձայն չեմ։
Ի դեպ, մենք հենց դրան էլ անդրադառնում ենք Ադրբեջանի հետ երկխոսության ժամանակ։ Ռազմատենչ լեզուն մեզ որևէ կերպ որևէ տեղ չի հասցնելու։ Մենք շատ վստահ ենք, թե որքան ներուժ ունի թե՛ Ղարաբաղը, թե՛ Հայաստանը՝ վնաս հասցնելու առումով, բայց կարիք չունենք դրա մասին խոսելու»։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ Պետդեպի զեկույցում նշված արտահայտությունը, որ «անջատողականները՝ Հայաստանի աջակցությամբ, շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների տարածքները», Զ.Մնացականյանը հայտարարեց. «Ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ»։