Ծառուկյանի առաջին օլիմպիական մեդալը` Օլիմպիադայի մեկնարկից առաջ

ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հարաբերությունները, կարծես, մտնում են ջերմացման նոր փուլ, և այսպես շարունակվելու դեպքում, թերևս, զարմանալի չի լինի, որ մի օր էլ ԲՀԿ-ն դե ֆակտո վերադառնա կոալիցիա: Սամվել Բալասանյանի թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրելը կամ պաշտպանելը այդ ջերմացման ընդամենը մեկ դետալն է, ավելի երևացող կողմը: Այսօր տեղի է ունեցել մի իրադարձություն, որը ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունների ներքին տրամաբանության տեսանկյունից գուցե շատ ավելի ազդեցիկ է, քան որևէ պաշտոնում ԲՀԿ-ականի նշանակումը կամ առաջադրումը: «Պալաչ» մականունով Արթուր Հարությունյանն այսօր տարածել է մի հայտարարություն, որում, ըստ էության, ներողություն է խնդրում իր նախկին մտերիմ Գագիկ Ծառուկյանից: zham.am կայքում հրապարակված այդ հայտարարության մեջ Ա. Հարությունյանը գրել է. «Ես ցավում և ափսոսում եմ, որ Գ. Ծառուկյանի հանդեպ թույլ եմ տվել որոշ ձևակերպումներ և արտահայտություններ: Գուցե դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունքն էր, բայց ոչ երբեք`միտումնավորության: Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության և մեր ժողովրդի համար, ու նաև նրա բարեգործական գործունեությունը: Ես մարդկայնորեն խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին. Մի շահարկեք այդ թեման: Հարցը խնդրում եմ համարել փակված: Իմ բոլոր խնդիրները ես կներկայացնեմ անձամբ Գ. Ծառուկյանին և կխնդրեմ նրան` արժանապատիվ լուծումներ գտնել: Մի բան կարող եմ հստակ ասել. ես թույլ չեմ տա երրորդ կողմին` օգուտներ քաղել ծագած խնդիրներից»:

Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը Գ. Ծառուկյանի սանիկն է, նրա մերձավորներից մեկը, սակայն անցած տարի նրանց միջև ինչ-որ «սև կատու» անցավ, ինչն էլ արագորեն օգտագործել է ՀՀԿ-ն` Պալաչին ընդգրկելով կուսակցության շարքերում և լռելյայն խրախուսելով Գ. Ծառուկյանի դեմ նրա կողմից իրականացվող քայլերը: Վերջին օրերին մամուլում տեղեկություն էր տարածվել նաև, որ Ա. Հարությունյանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում և այդ հարցում ստացել է անգամ որոշ բարձրաստիճան ՀՀԿ-ականների համաձայնությունը: Իսկ դրանից առաջ էլ, շուրջ երկու շաբաթ Ա. Հարությունյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները բողոքի ցույցեր էին կազմակերպում Գ. Ծառուկյանի կողմից Երևան-Աբովյան երթուղում շահագործվող ավտոբուսների դեմ: Հարությունյանն ու նրա աշխատակիցները հայտարարում էին, որ այդպիսով Ծառուկյանը ցանկանում է սնանկացնել իրենց: Մի խոսքով, Գ.Ծառուկյանի ու նրա սանիկի հարաբերություններն օր օրի ավելի էին լարվում, Ա. Հարությունյանը ԲՀԿ նախագահի դեմ պայքարը դարձրել էր «պատվի հարց», և հանկարծ նա հանդես է գալիս նման մեղայականով: Դժվար է հավատալ, որ Ա. Հարությունյանն այդ զղջման տեքստը գրել է ինքնուրույն: Շատ ավելի հավանական է, որ նրան հորդորել կամ ստիպել են դա գրել նրա արդեն ներկայիս ղեկավարները` ՀՀԿ-ականները, գուցե անգամ ամենաբարձր մակարդակով: Հասկանալի է, որ Ա. Հարությունյանը կարող էր դիմադրել դրան մինչև այն պահը, երբ նրան կասեին, որ դա պահանջում է անձամբ Սերժ Սարգսյանը, կամ, որ դա պետք է հանուն պետության կայունության: Իսկ որ Պալաչի այս հայտարարությունը Ծառուկյանի ու նրա մերձավորների համար կարող է շատ ավելի մեծ նշանակություն ունենալ, քան շոշափելի որևէ արտոնություն, ակնհայտ է` հաշվի առնելով արժեքային այն համակարգը, որով գործում է Հայաստանի ներկայիս քաղաքական վերնախավը: Թե ինչպես Գագիկ Ծառուկյանը կպատասխանի Սերժ Սարգսյանի այս ժեստին, պարզ կդառնա առաջիկա զարգացումներից ու ԲՀԿ-ի կեցվածքից: Այս պահին կարելի է արձանագրել միայն, որ Գ. Ծառուկյանի հետ նույն օդանավավով Լոնդոն մեկնելու պահին կամ դրա ընթացքում Սերժ Սարգսյանը ԲՀԿ նախագահին քաղաքական «օլիմպիական մեդալ» է պարգևել:

Տեսանյութեր

Լրահոս