Բաժիններ՝

Թուրքիայից զենքի արտահանման ծավալները 4 տարում ավելացել են 170 տոկոսով

Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի միջազգային առևտրի վերաբերյալ իր տարեկան զեկույցը։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ միջազգային ասպարեզում զենքի առուվաճառքի ծավալները 2014-18թթ․ նախորդ չորս տարիների համեմատ աճել են 7․8 տոկոսով, իսկ 2004-2008թթ․ համեմատ՝ 23 տոկոսով։ Վերջին քառամյակում աշխարհի ամենախոշոր զենք արտադրողներն են եղել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան ու Չինաստանը։ ԱՄՆ-ին բաժին է ընկել զենքի համաշխարհային առևտրի ծավալների 36 տոկոսը, Ռուսաստանին՝ 21 տոկոսը։

Թուրքիան տեղ է գտել այն երկրների շարքում, որոնք վերջին քառամյակում ամենից շատ են ավելացրել զենքի վաճառքի ծավալները։ 2014-2018թթ․ Թուրքիայից ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը 2009-2013թթ․ համեմատ աճել է 170 տոկոսով։ Արդյունքում զենքի համաշխարհային առևտրում Թուրքիայից զենքի արտահանման մասնաբաժինը 0․4 տոկոսից հասել  է 1 տոկոսի։ Այդ ցուցանիշով Թուրքիան 14-րդ տեղն է զբաղեցրել զենքի խոշորագույն արտահանողների ցանկում։

Թուրքիայի ամենախոշոր գնորդն այս ոլորտում եղել է Արաբական Միացյալ էմիրությունները, որը ձեռք է բերել Թուրքիայից արտահանված զենքի 30 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքմենստանն է (23 տոկոս), երրորդում՝ Սաուդյան Արաբիան (10 տոկոս)։

Միևնույն ժամանակ 2014-2018թթ․ ռազմարդյունաբերական արտադրանքի ներմուծումը Թուրքիա կրճատվել է շուրջ 21 տոկոսով։ Զենքի համաշխարհային առևտրում Թուրքիայի կողմից զենքի ներմուծման ցուցանիշը նվազել է 21 տոկոսով՝ 3․2 տոկոսից հասնելով 2․3 տոկոսի։ Այդ ցուցանիշով Թուրքիան զենքի խոշորագույն ներկրողների ցանկում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։ Ընդ որում՝ վերջին քառամյակում Թուրքիային զենք մատակարարող հիմնական երկրներն են եղել ԱՄՆ-ը (60 տոկոս), Իսպանիան (17 տոկոս) և Իտալիան (15 տոկոս)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս