Կկայանա՞ արդյոք Փաշինյան-Ալիև հանդիպումը, թե՞ կհետաձգվի
ՀՀ վարչապետ դառնալու հաջորդ իսկ օրվանից, իսկ ավելի ստույգ՝ 2018թ. մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը պիտի վերադարձնի բանակցային սեղանի շուրջ։
«Ես եկել եմ այստեղ հետևյալ երկու ուղերձով. առաջինը, որ լիարժեք և անվերապահորեն իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետությանը և նրա նախագահին, երկրորդը՝ երեկ ես իմ ելույթում ասել եմ, որ շատ կարևոր ենք համարում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և հայտարարել եմ, որ պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց նաև կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը:
Կհամարձակվեմ պնդել, որ պատճառներից մեկը, որ հարցի կարգավորման բանակցությունները մինչ այսօր ցանկալի արդյունք չեն տալիս՝ թերևս, նաև դա է, որովհետև դժվար է պատկերացնել, որ ոչ լիարժեք, կիսատ ֆորմատով որևէ բանակցություն կարող է արդյունք տալ»,- Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև տարբեր առիթներով նշել է, որ ինքն իրավասություն չունի բանակցել արցախցիների անունից այն պարզ պատճառով, որ Հայաստանի վարչապետն է, այլ ոչ՝ Արցախի նախագահը։
Փորձագետները՝ Փաշինյանի այս հայտարարություններին անդրադառնալով, նշում էին, որ ոչ Ադրբեջանը, ոչ Մինսկի խումբը, և ոչ էլ առհասարակ միջազգային հանրությունը չեն համաձայնելու այդ գաղափարին, և Արցախը չի կարող վերադառնալ բանակցային սեղան, և, որ Փաշինյանի ասածը զուտ «հեղափոխության շրջանակում» ելույթային մակարդակում է, և չպետք է ընկնել ինքնախաբեության մեջ։ Շատերը ողջունեցին Փաշինյանի այդ խրոխտ հայտարարությունները՝ մեծ սպասելիքներով հետևելով բանակցությունների ընթացքին։
Ոմանք էլ պնդում էին, թե Ադրբեջանը, ի վերջո, կդադարի դիմադրել, և Արցախը կվերադառնա բանակցային սեղան։
Շուրջ 10 ամիս մեր հասարակությունը, շունչը պահած, սպասում էր իրադարձությունների զարգացմանը, չնայած այդ ընթացքում արտաքին աշխարհից այդպես էլ որևէ աջակցություն Փաշինյանը չստացավ։
Սակայն այսօր Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից պարզ դարձավ, որ Արցախը բանակցային սեղան գոնե տեսանելի ապագայում չի վերադառնալու։
Վերջին նախազգուշացումը, ահազանգը, որ այս նախաձեռնությունը տապալվում է, եկավ Բրյուսելից, որտեղ և՛ Ֆեդերիկա Մոգերինին, և՛ Յոհաննես Հանը խոսեցին բանակցային գործընթացի ձևաչափի պահպանության և նախապայմաններ չընդունելու մասին։
«Բարձր ներկայացուցիչ Մոգերինին և վարչապետ Փաշինյանը վերլուծել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շփումների լույսի ներքո: ԵՄ Բարձր ներկայացուցիչ Մոգերինին իր աջակցությունն է հայտնել վարչապետ Փաշինյանի` բանակցային գործընթացին ամբողջական ներգրավվածությանն առանց նախապայմանների ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո: Ֆեդերիկա Մոգերինին և Նիկոլ Փաշինյանը մտքեր են փոխանակել նաև ավելի լայն տարածաշրջանային զարգացումների շուրջ»,- Փաշինյանի՝ բրյուսելյան այցից հետո ասված էր ԵՄ տարածած մամլո հաղորդագրության մեջ:
ՀՀ Կառավարությունն այդ նույն հանդիպման մասին իր տարածած հաղորդագրության մեջ գրել էր. «Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը` այդ նպատակով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների շրջանակում»:
Ըստ վերլուծաբանների՝ «նախապայմաններ» ասելով՝ Մոգերինին արձագանքել է Փաշինյանի այն հայտարարություններին, որոնց համաձայն՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:
Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանն իր հերթին՝ նշել էր, որ բանակցությունների նոր ձևաչափ չպետք է ստեղծվի։
Դեռ երեկ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը փորձում էր հակառակն ապացուցել՝ դիվանագիտական ձևակերպումներով շփոթության մեջ գցելով հասարակությանը, սակայն Մինսկի խմբի համանախագահներն իրենց այսօրվա հայտարարությամբ փշրեցին բոլոր, առանց այդ էլ՝ սին, հույսերը։
Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նախապայմանի մասին է խոսվում Փաշինյան-Մոգերինի հանդիպման մասին ԵՄ տարածած մամուլի հաղորդագրությունում, ասել է. «Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչ նախապայմանների մասին է խոսքը։ Իրենք միշտ սատարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, մենք էլ ենք սատարում այդ ֆորմատը։ Բանակցությունների ժամանակ մենք որևէ նախապայմանի մասին չենք խոսել»։
168.am-ի թղթակցի հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասել էր, որ ՀՀ իշխանություններն արդեն այնքան ակտիվ են ներկայացրել իրենց մոտեցումներն Արցախի մասնակցության վերաբերյալ, որ դժվար է նույնիսկ պատկերացնել, որ առանց Արցախի նրանք կբանակցեն: «Այլ պարագայում իշխանությունների հեղինակությունը կվտանգվի, քանի որ դա կլինի դիրքորոշումից հրաժարում ինչ-որ ազդեցությունների ներքո»,- ասաց նա:
Ցավոք, ՀՀ իշխանությունները հայտնվում են պատային իրավիճակում։ Այսպիսով, եթե Փաշինյանը բանակցությունները շարունակի եղած ձևաչափով, փաստացի իր՝ ամենամեծ աղմուկ հանած խոստումը՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասով, որը շուրջ մեկ տարի նա բարձրաձայնում է բոլոր ձևաչափերով ու հատկապես՝ ներքին լսարանի համար, չի կատարում՝ այդպիսով ստորագրելով սեփական դիվանագիտական սնանկության տակ և չկապիտալիզացնելով իշխանափոխություն-հեղափոխությունը Հայաստանում։
Մյուս կողմից՝ եթե նա չգնա բանակցությունների, ապա կստացվի, որ Հայաստանի պատճառով տապալվում է բանակցային գործընթացը, և Ադրբեջանի ձեռքերը բացվում են, իսկ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի տապալումը վերագրվելու է Հայաստանին։ Ավելին, ադրբեջանական հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումն այս դեպքում քիչ հավանական է, որ կդիտվի՝ որպես Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսևորում։
Թե ո՞ր տարբերակը կընտրի վարչապետ Փաշինյանը, կամ ի՞նչն է նրա համար ավելի կարևոր, պարզ կդառնա առաջիկայում։
168.am-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այսօր տարածած հայտարարության շուրջ փորձեց զրուցել վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցին ևս անդրադարձ էր եղել համանախագահների հայտարարությունում՝ դիտարկվելով՝ որպես բանակցային ձևաչափի միակողմանի փոփոխության փորձ։ Մենք ցանկանում էինք վարչապետի խոսնակից նաև պարզել, թե արդյո՞ք այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախատեսվող պաշտոնական հանդիպմանը։ Սակայն Վլադիմիր Կարապետյանը հորդորեց դիմել ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանին։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախորդ շաբաթ հանդես էին եկել հայտարարությամբ և նշել, որ ձեռք է բերվել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման պայմանավորվածություն: «Ժամկետները կհամաձայնեցվեն, բայց ինձ թվում է՝ հանդիպումը շատ չի ուշանա»,- լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։