Ի՞նչ նկատի ուներ Ֆեդերիկա Մոգերինին՝ խոսելով առանց նախապայմանների ԼՂ բանակցությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինիի մամլո ծառայության փոխանցմամբ, կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման կարևորությունը` աջակցելով Հայաստանում տեղական բարեփոխումներին, որի կոնտեքստում Ֆեդերիկա Մոգերինին հաստատել է ԵՄ-ի լիակատար աջակցությունը: Հաղորդագրության համաձայն, նրանք նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարների շուրջ:
«Բարձր ներկայացուցիչ Մոգերինին և վարչապետ Փաշինյանը վերլուծել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շփումների լույսի ներքո: ԵՄ Բարձր ներկայացուցիչ Մոգերինին իր աջակցությունն է հայտնել վարչապետ Փաշինյանի` բանակցային գործընթացին ամբողջական ներգրավվածությանն առանց նախապայմանների ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո: Ֆեդերիկա Մոգերինին և Նիկոլ Փաշինյանը մտքեր են փոխանակել նաև ավելի լայն տարածաշրջանային զարգացումների շուրջ»,- ասված է ԵՄ տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Նշենք նաև, որ ՀՀ Կառավարությունը ևս անդրադարձել է ՀՀ վարչապետ Փաշինյանի և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպմանը: Սակայն, ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում որևէ խոսք չկա բանակցային գործընթացի առանց նախապայմանների բնույթի վերաբերյալ: ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրության այդ հատվածում ասված է. «Նիկոլ Փաշինյանը և Ֆեդերիկա Մոգերինին մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը` այդ նպատակով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների շրջանակում»: Կարելի է ենթադրել, որ «նախապայմաններ» ասելով, Մոգերինին արձագանքել է Փաշինյանի այն պնդումներին, ըստ որոնց Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: