Մոգերինին Փաշինյանին «չպարտադրեց», այլ խորհուրդ տվեց բանակցել առանց «նախապայմանների»

Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկրորդ երկօրյա աշխատանքային այցը Բրյուսել, որը բավականին հագեցած օրակարգ ուներ: Նիկոլ Փաշինյանի այցի գլխավոր հատվածը սկսվեց նրա այցով Եվրոպական խորհրդարան, որտեղ նա ելույթ ունեցավ ամիսներ անց հեռացող Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ներկայումս տեղի ունեցող գործընթացներին, փոփոխություններին, Հայաստանի ժողովրդավարական օրակարգի կարևորությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել:

Որպես վարչապետ՝ ես միայն ունեմ Հայաստանի քաղաքացիների մանդատը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, ովքեր ունեն սեփական սահմանադրություն և ձևավորում են իրենց սեփական կառավարությունը»,- ԵԽ-ում ասել է Փաշինյանը՝ շարունակելով, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ ԼՂ ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի և հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը:

ՀՀ վարչապետը պատասխանել է նաև եվրոպացի պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով երկկողմ համագործակցությանը, ԼՂ հակամարտությանը և ՌԴ-ի հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն սպեկտրի: Բրյուսելում կայացած կարևոր բարձրաստիճան հանդիպումների շարքին պետք է դասել ՀՀ վարչապետի հանդիպումը ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Եվրոպացի բոլոր պաշտոնյաների հետ հանդիպումներում ամրագրվեց ԵՄ-ի պատրաստակամությունը՝ աջակցել ՀՀ նոր իշխանությունների հայտարարած բարեփոխումների գործընթացին:

Բնականաբար, այցի ընթացքում ուշագրավ ուղերձներ հնչեցին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագայի հետ կապված, որոնք առաջիկա օրերին ակտիվորեն կվերլուծվեն ԶԼՄ-ների, այդ թվում՝ մեր լրատվամիջոցի կողմից: Սակայն պակաս կարևոր չէին նաև այն ուղերձները, որոնք հնչեցին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ն. Փաշինյանն իր բոլոր ելույթներում մանրամասնորեն վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը, որ բանակցային գործընթացին պետք է մասնակցի Արցախի Հանրապետությունը:

«Միջազգայնորեն ընդունված է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ, ինչն ամրագրվեց 1994թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Սակայն մինչ այսօր բանակցություններում ներգրավված է եղել միայն երկու կողմ, և, ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցել են՝ առանց ԼՂ մասնակցության: Այդպես է եղել, թերևս, այն պատճառով, որ ՀՀ նախորդ ղեկավարները ծնունդով Ղարաբաղից էին և համարում էին, որ իրենք կարող են ներկայացնել ԼՂ շահերը:

Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այլ ոչ թե՝ Լեռնային Ղարաբաղի վարչապետը: ԼՂ բնակիչները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին և չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ, ուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունից: Հետևաբար՝ հարցի երկրորդ կողմն այն է, որ պետք է ստեղծել բանակցությունների համապատասխան ձևաչափ, ինչն անհնար է՝ առանց այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման»,- ԵԽ-ում, ի պատասխան պատգամավորների հարցերին՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:

ԵՄ բոլոր պաշտոնյաները ևս անդրադարձան ԼՂ հակամարտությանն ավանդական ձևակերպումներով, որ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին, դրական են գնահատում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին շփումներն ու լարվածության ներկայիս նվազումը:

Սակայն առավել ուշագրավ էր ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի դիտարկումը կարգավորման գործընթացի վերաբերյալ: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում ներկայացված հաղորդագրության մեջ ասված է. «ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինին և ՀՀ վարչապետ Փաշինյանը անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շփումների լույսի ներքո։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինին կողմ է արտահայտվել վարչապետ Փաշինյանի լիարժեք կերպով ներգրավվածությանը բանակցային գործընթացում՝ առանց նախապայմանների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»:

Կարելի է ենթադրել, թե ինչ նախապայմաններ նկատի ունի եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան: Սակայն «168 Ժամը» փորձեց հարցը քննարկել փորձագետների հետ:

Լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանից շատ տարբեր ակնկալիքներ կան, որոնք վերաբերում են արտաքին հարաբերություններին, ներքին բարեփոխումներին, աշխարհաքաղաքական խնդիրներին: Սա, ըստ նրա, բնական է, քանի որ ՀՀ նոր իշխանությունները բավականին հավակնոտ ծրագրեր են առաջ քաշում, հավակնոտ հայտարարություններով հանդես գալիս, ուստի հավակնոտ ակնկալիքներ են առաջանում:

«Դրանց մի ուղղությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն է, որի ուղղությամբ ևս ակնկալիքներ կան, քանի որ ենթադրություններ կան, որ նոր իշխանությունները գուցե նոր մոտեցումներ ցուցաբերեն, արագ լծվեն բանակցային գործընթացին և հասնեն ինչ-որ կոնսենսուսի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ ունենալով հասարակության աջակցությունը:

Այս ակնկալիքների շնորհիվ, կարծում եմ, տեղի ունեցան մի քանի շփումներ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, բայց Արցախի մասնակցության հարցը, որն անընդունելի է Ադրբեջանի համար, կարող է ընկալվել որպես խոչընդոտ՝ ակտիվ և էական բանակցություններ վարելու ճանապարհին: Ուստի կարծում եմ, որ խորհուրդ է հնչում նախապայմաններ չդնել և բանակցել ադրբեջանական կողմի հետ: Սակայն որոշում կայացնողը ՀՀ իշխանություններն են, և ԵՄ դիրքորոշումը կարող է հնչել՝ միմիայն որպես խորհուրդ, բարի ցանկություն: Սա խորհուրդ պետք է դիտարկել, ոչ թե՝ պարտադրանք: Ես ևս այն համոզմանն եմ, որ ժողովուրդն ինքն իր ճակատագիրը որոշելու հնարավորություն պետք է ունենա»,- ասաց Զաշտովտը:

Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասաց, թե կարելի է մի շարք ենթադրություններ անել այդ, այսպես կոչված, «նախապայմանների» վերաբերյալ, քանի որ ներկայումս տեղի ունեցող բուն բանակցությունները բաց չեն, կան հրապարակային մի քանի տեղեկատվություններ:

«Կարելի է ենթադրել, որ խոսքը խաղաղության միջոցառումների կամ Արցախի մասնակցության մասին է: ՀՀ վարչապետը ԼՂ հակամարտության կարգավորման կոնտեքստում առավել հաճախակի խոսում է այս երկու թեմաների մասին: Նա նշում է, որ կարևոր է վստահության մթնոլորտի ձևավորումը, հասարակություններին խաղաղության նախապատրաստելը, ինչպես նաև Արցախի ժողովուրդը պետք է ներկայացուցիչ ունենա բանակցային սեղանին:

Կարծում եմ` երկուսն էլ կարելի է համարել ադեկվատ դիտարկումներ: Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ավելին՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը բխում է ՀՀ շահերից, քանի որ հայկական կողմը 2016 թվականի ապրիլյան պատերազմ է ապրել, ուստի պետք է կանխարգելիչ քաղաքականություն վարվի նման զարգացումները կրճատելու, թույլ չտալու համար: Իսկ բանակցությունների ընթացքում հետագայում խնդիրներ չունենալու համար առավել նպատակահարմար է Արցախի ներկայացուցչի հետ բանակցել հենց սկզբից: Եթե ադրբեջանական կողմը դրան չի համաձայնում, չի ցանկանում Արցախը ճանաչել՝ որպես սուբյեկտ, նշանակում է՝ ակնկալում է միակողմանի զիջումներ հայկական կողմերից, որին, իմ դիտարկումներով, հայկական կողմը պատրաստ չէ:

Դատելով հայտարարություններից՝ հայկական կողմն այսօր ցանկանում է լսել, թե ինչի է պատրաստ ադրբեջանական կողմը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այն կարծիքին եմ, որ ՀՀ նոր իշխանության օրոք ևս՝ հաշվարկները, թե պետք է բեկումներ լինեն այս հակամարտության կարգավորման գործընթացում, տեղին չեն, խնդիրները պահպանվում են նույն ինտենսիվությամբ: Պարզապես Արևմուտքը` ԵՄ-ն և ԱՄՆ-ը, հաշվի առնելով նաև Բոլթոնի հայտարարությունը Երևանում, ակնկալում էին, որ ամեն բան արագ կարող է տեղի ունենալ, քանի դեռ հարաբերությունները չեն հասցրել լարվել հայտարարությունների պատճառով, ինչն էլ արդեն տեղի է ունենում»,- ասաց նա:

Գերմանացի քաղաքագետի խոսքով՝ ՀՀ իշխանություններն արդեն այնքան ակտիվ են ներկայացրել իրենց մոտեցումներն Արցախի մասնակցության վերաբերյալ, որ դժվար է նույնիսկ պատկերացնել, որ առանց Արցախի նրանք կբանակցեն: «Այլ պարագայում իշխանությունների հեղինակությունը կվտանգվի, քանի որ դա կլինի դիրքորոշումից հրաժարում ինչ-որ ազդեցությունների ներքո»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս