Բաժիններ՝

«Անպատշաճ որակի ապրանք ստացող գնորդը ո՛չ կարողանում է փոխարինել այն, ո՛չ վաճառել՝ առանց լրացուցիչ հարկային պարտավորությունների». Դիմում՝ ՊԵԿ-ին

2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգիրքը ամբողջությամբ չի կարգավորում տնտեսվարողների միջև առաջացող  խնդիրներն ու իրավահարաբերությունները։ Սրա հետ կապված՝ տնտեսվարողների մոտ առաջանում են հարցեր, որոնց պատասխանները Օրենսգրքում կա՛մ առկա չեն, կա՛մ չեն դիմանում որևէ քննադատության։ «Փաստինֆոյի» տեղեկություններով՝ «ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏ» հասարակական կազմակերպությունը այս հարցով հրավիրել է ՀՀ ՊԵԿ-ի ուշադրությունը։

Ըստ հ/կ-ի՝ վերջերս տարբեր տնտեսվարող սուբյեկտներից գործարքների ճշգրտման հետ կապված հարցումներ են ստանում։ Խոսքը հիմանակում վերաբերում է այնպիսի ապրանքների մատակարարման գործարքներին, որոնք չունեն պիտանիության ժամկետ (օրինակ՝ տեքստիլ-տրիկոտաժի արտադրանքը), սակայն դրանց մատակարման պարագայում ևս հանդիպում  են  դեպքեր, երբ մատակարարումից տևական ժամանակ հետո է միայն պարզվում ապրանքի թերությունները։ Այսպիսով՝ գործարքի կողմերի միջև անհրաժեշտություն է առաջանում վերանայել մատակարարման գործարքի որոշ տարրեր, օրինակ՝ վերադարձնել խոտանված ապրանքը, փոխարինել այլ տեսակի ապրանքով և այլն։

Ընդ որում, հարցը վերաբերվում է այն դեպքերին, երբ խոսք անգամ չի կարող գնալ գործարքը անվավեր ճանաչելու մասին։

Հասարակական կազմակերպությունն ակնկալում է, որ ՊԵԿ-ը հանդես կգա պարզաբանմամբ եւ կհստակեցնի, թե  տնտեսվարող սուբյեկտները կարող են արդյոք ճշգրտել գործարքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ եթե ոչ, ապա ինչ այլ տարբերակ ունեն՝ առանց լրացուցիչ հարկային պարտավորության առաջացման ռիսկի։

Իրենք գտնում են, որ դա պետք է կարգավորվի ՀՀ հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով։ Այս կետով նախատեսված իրավահարաբերությունները վերաբերվում են այն դեպքերին, երբ մատակարարված ապրանքների տեսակային, քանակական և/կամ որակային հատկանիշները, համաձայն համապատասխան պայմանագրի, ստուգվում են գնորդի կողմից ընդունման պահին։ Սակայն, սա ամբողջությամբ չի կարգավորում մատակարարման հետ կապված հարաբերությունները։

Կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ ապրանքի որակի ստուգման ժամկետների հետ կապված ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված ժամկետները տարբերվում են ՀՀ հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված ժամկետներից։ Այսինքն՝ մի կողմից տնտեսվարող սուբյեկտը իրավունք ունի ողջամիտ ժամկետում հայտնաբերել թերությունները, դրանից բխող բոլոր հետևանքներով, մյուս կողմից, սակայն, ՀՀ հարկային օրենսգիրքը սահմանափակում է տնտեսվարող սուբյեկտի այդ իրավունքը՝ նրան պարտադրելով ճշգրտել գործարքը։ Օրինակ՝ կարող են անպատշաճ որակի ապրանքը փոխարինել պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով միայն այն դեպքում, եթե այդ թերությունը գնորդը հայտնաբերել է հենց ապրանքը ընդունելու պահին։ Մինչդեռ հնարավոր են նաև դեպքեր, երբ ապրանքի թերությունները  հնարավոր չի լինում պարզել ապրանքի ընդունման պահին։

Ստացվում է, որ երբ գնորդը անպատշաճ որակի ապրանք է ստանում, չի կարողանում փոխարինել այն այլ ապրանքով, քանի որ գործարքը ճշգրտելու հնարավորություն օրենքով սահմանված կարգով չունի։ Իսկ ապրանքը հետ վաճառելու պարագայում ունենում է լրացուցիչ հարկային պարտավորություններ, որով խախտվում են տնտեսվարողի իրավունքներն ու օրինական շահերը։

Հասարակական կազմակերպությունը նշում է՝ քանի որ հասարակական այս հարաբերությունները ուղղակիորեն չեն կարգավորվում, իրենց կարծիքով՝ կիրառելի է օրենքի անալոգիա և նշված իրավահարաբերությունները ենթակա են կարգավորման ՀՀ հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, մինչև ՀՀ օրենսդրությամբ այս հարցին վերջնական լուծում տրամադրելը։

Նրանք ՀՀ ՊԵԿ-ից խնդրում են տրամադրել պաշտոնական պարզաբանում դիմումով իրենց կողմից բարձրացված հարցերի, դրանց իրավական կարգավորման և ներկայացված վերլուծությունների վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս