Մարտակերտի շրջանում վայրի խոզերի անկման դեպք է գրանցվել
Մարտակերտի շրջանի Երիցմանկանց վանքի և Ականաբերդի տարածքում արձանագրվել է վայրի խոզերի անկման դեպք:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության «Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիրի տնօրեն Վահրամ Հայրապետյանը՝ մանրամասնելով, որ վայրի խոզերի անկումը նշված տարածքներում եղել է խմբերով՝ 5-ը՝ մեկ, 4-ը՝ այլ վայրում:
«Նշված տեղերում կային որոշ մնացորդներ, որոնց նմուշները լաբորատոր հետազոտության համար վերցնելը հնարավոր չէր: Ներկայումս ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից կատարվում են ուսումնասիրութուններ. առայժմ նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Խնդիրն այն է, որ խոզաբուծությամբ զբաղվող բոլոր տնտեսվարները պետք է զգուշանան, քանի որ անկման պատճառները դեռևս հայտնի չեն: Այս առումով ցանկանում ենք բնակչությանը ևս տեղեկացնել»,- նշել է Վ. Հայրապետյանը: