10 հազար աշխատողների կրճատումը միանգամից չեն անի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական կառավարման համակարգում կրճատումների փաթեթի ամբողջական լուծումները շուտով հայտնի կդառնան, մի բան պարզ է, որ կառավարությունը որոշել է անցնցում իրականացնել պետապարատի «հավելյալ արժեք չստեղծող» աշխատակիցների կրճատումը։

Կառավարությանը մոտ կանգնած շրջանակներից տեղեկացանք, որ Ջանջուղազյանի առաջարկած 10 հազարի կրճատումը միանգամից չեն անի, այլ առաջիկա 2 տարվա ընթացքում։ Այժմ կառավարությունում քննարկում են «Աշխատիր Հայաստան» նախաձեռնության վրա, շուտով կհրապարակվեն կոնկրետ գործողությունները, ինչը ենթադրում է մարդկանց կարճաժամկետ պրոֆիլավորում եւ աշխատանքի շուկայի մասին տեղեկատվություն։

Այսինքն՝ պետությունն իր վրա է վերցնելու այն մեխանիզմների ստեղծումը, որ մարդիկ տեղեկատվություն ստանան պահանջվող մասնագիտությունների, աշխատատեղերի մասին, ինչպես նաեւ կարճ ժամանակամիջոցում վերապրոֆիլավորվեն պահանջվող աշխատատեղերի համար։ Հատկապես խնդրահարույց է, թե գործազրկության շեմին հայտնվածները համապատասխան որակավորում, կրթություն պետք է ստանան սեփակա՞ն միջոցներով, թե՞ պետության ֆինանսավորմամբ։

Ի դեպ, այս նախաձեռնությունը գործելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կուրացիայի ներքո»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս