Պրիտցկերյան մրցանակի դափնեկիր է դարձել ճապոնացի ճարտարապետ Արատա Իսոձակին
Ճապոնացի ճարտարապետ Արատա Իսոձակին ընտրվել է Պրիտցկերյան մրցանակի դափնեկիր, մրցանակ, որը համարվում է ամենահեղինակավորը ճարտարապետության բնագավառում: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որը մարտի 5-ին հրապարակվել է մրցանակի կայքում: «Ճապոնացի ականավոր ճարտարապետ, քաղաքաշինարար, տեսաբան Արատա Իսոձակին ընտրվել է 2019 թվականի Պրիտցկերյան մրցանակի դափնեկիր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նրա 100-ից ավելի իրացված նախագծերի հեղինակ է, որոնցից առավել հայտնիներն են՝ Արդի արվեստի թանգարանի շենքը Լոս Անջելեսում, Palau Sant Jordi մարզական արենան Բարսելոնայում, Pala Alpitour արենան Թորինում, Allianz Tower երկնաքերը Միլանում:
Պրիտցկերյան մացանակը, որը հաճախ անվանում են Նոբելյան մրցանակի նմանակը ճարտարապետության բնագավառում, շնորհվում է 1979 թվականից: Դրա հիմնադիրը Hyatt Foundation հիմնադրամն է: Դափնեկրին հանձնվում են բրոնզե մեդալ, հավաստագիր, ինչպես նաեւ դրամական մրցանակ 100 հազար դոլարի չափով: Պարգեւի հանձնման արարողությունը տեղի կունենա մայիսին Ֆրանսիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: