Բաժիններ՝

ՀԴՄ կտրոնի վրա գրված չէ՝ լոլիկի սե՞րմ  է, թե՞ լապատկի պոչ

«Նախկինում սերմեր բերում էին Թուրքիայից՝ մաքսանենգ ճանապարհով: Հիմա չգիտենք, թե որտեղից են բերում, դրանք գենետիկորեն մոդիֆիկացվա՞ծ են, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:

«Մենք մի ծրագիր էինք արել՝ լոլիկի սերմի հետ կապված: Մտել էինք տարբեր խանութներ, լիքը սերմեր կային, բայց հաշիվ-ապրանքագիր էինք ուզում, ոչ մեկը չուներ: Ասում էին՝ ՀԴՄ կտրոն կտանք: Բայց դա կարևոր չէր, ՀԴՄ կտրոնի վրա գրված չէ՝ լոլիկի սե՞րմ  է, թե՞ լապատկի պոչ: Այսինքն, ապրանքի մասին տեղեկություն չկար, ինչը նշանակում է, որ չկա համապատասխան փաստաթուղթ, այլ ճանապարհով ձեռք բերված սերմեր են»,- հավելեց նա:

«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահի փոխանցմամբ՝  շատ են դժգոհությունները նաև գյուղատնտեսական թույնի հետ կապված:

«Գյուղացիներն ասում են՝ գնում ենք թույն վերցնելու, չգիտենք՝ դա օգուտ կտա, թե վնաս: Ոչ մեկը նորմալ չի վերահսկում: Ախր Գյուղնախարարության համապատասխան ենթակառույցները պետք է գնան և ստուգեն:

Երբևէ ստուգումներ կատարե՞լ են գյուղատնտեսական թույներ արտադրողների մոտ, տեսե՞լ են՝ որակո՞վ է թույնը, թե՞ ոչ: Նույնը պարարտանյութի դեպքում է: Վերցնենք Քութաիսի պարարտանյութեր արտադրող գործարանը: Գրված էր, որ ազոտի պարունակությունը 34.5 տոկոս է. գնում, խոսում էին,  ասում էին՝ դրա փոխարեն՝ 15 տոկոս թող լինի, մենք 34.5-ի անվան տակ կտանք գյուղացուն: Գինն ընկնում էր, իրենք 34.5-ի գնով ձևակերպում, բերում էին, ու պետական մասշտաբով կոռուպցիա էր գնում:

Գյուղացիներին որակյալ սերմ է պետք, պարարտանյութ, գյուղտեխնիկա: Ես գյուղմեքենաների մասնագետ եմ, երբ գյուղեր եմ գնում, տեսնում եմ՝ կոմբայնը գալիս է, վախենում եմ՝ մտածում եմ, հես ա մասերը կթափվեն: Այդքան հին է, իսկ այստեղ խոսում են նոր տեխնոլոգիաներ կիրառելուց:

Գյուղացին շատ պրոբլեմ ունի: Եվրոպայում կոմբայնը կամ տրակտորն առանց վարորդի աշխատում են՝ հեռահար կառավարմամբ: Ասում են՝ բերենք Հայաստանում կիրառենք: Այստեղ դա չի աշխատի: Մեր հողերը, տեղանքը մեծ դեր ունեն, ավելին՝ բավականին թանկ կլինի, ոչ մի ֆերմեր համաձայն չի լինի, որ  իր հողն այդպես վարես կամ ցանես»,- նշեց Սարգիս Սեդրակյանը:

Ինչ վերաբերում է գյուղացիներին, ովքեր բարեխիղճ չեն,  գիտակցաբար ներկանյութեր են օգտագործում պտուղ-բանջարեղենի դեպքում, «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահն ասաց, որ նրանց հետ պետք է աշխատանք տարվի, վերապատրաստման դասընթացներ լինեն:

«Չնայած, եթե մարդ ուզում է օգտվի, ինչքան ուզում ես՝ գելի գլխին ավետարան կարդա, մեկ է, ասում է՝ շո՛ւտ արեք, հոտս գնաց»,- նկատեց Սարգիս Սեդրակյանը:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս