Ո՞վ էր Սասուն Խաչատրյանը հեղափոխությունից առաջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը պատահական մարդ չէ համակարգում, նա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախկին նախագահ, Արաբկիրի դատարանի նախկին նախագահ, դասախոս, այժմ թոշակի անցած Մհեր Խաչատրյանի որդին է։
Ծնվել է Երեւանում, ավարտել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ուսանել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում, դասավանդել նույն ԲՈՒՀ-ում։ Որդի Խաչատրյանն իր կարիերան սկսել եւ /մինչեւ ՀՔԾ պետ նշանակվելը/ ավարտել է դատախազությունում, եւ ինչպես նրան բնորոշում են մտերիմները, ուղն ու ծուծով դատախազ է։
Համակարգում աշխատանքի է անցել դեռեւս նախկին նախագահ Քոչարյանի օրոք՝ 2000 թ. մայիսից, որպես Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ, եղել է նաեւ Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ, Շենգավիթի դատախազի տեղակալ, Երեւան քաղաքի դատախազի՝ Հրաչյա Բադալյանի տեղակալը, Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն, հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազը։ Խաչատրյանի դատախազական սրընթաց կարիերան կտրուկ ընդհատվեց 2016-ին՝նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի օրոք, երբ դատախազությունում կադրային աննախադեպ ջարդ ու «զտումներ» սկսեցին, երբ հիմնականում համակարգից հեռացվում էին նախորդի՝ Աղվան Հովսեփյանի կադրերը։
Իր դիմումի համաձայն՝ «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ պաշտոնից հրաժարված մի քանի տասնյակ դատախազներից մեկն էլ Ս. Խաչատրյանն էր։ Դատախազի աշխատանքին հրաժեշտ տալուց հետո Խաչատրյանը կարճ ժամանակով ղեկավարեց հոր հիմնած «Մհեր Խաչատրյան եւ ընկերներ» իրավաբանական գրասենյակը, իսկ այնուհետ, երբ գլխավոր դատախազ նշանակվեց Արթուր Դավթյանը, ստանձնեց ՀՀ դատախազության՝ հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Այս պաշտոնից էլ նա 2018 թ. հունիսի 11-ից անցում կատարեց ՀՔԾ եւ մինչ օրս, ինչպես հատուկ նշված է ՀՔԾ կայքում, հիշյալ պաշտոնում է։
Ի դեպ, երբ Խաչատրյանը նշանակվեց ՀՔԾ պետ, ֆեյսբուքում աղմկահարույց գրառմամբ հանդես եկավ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն ու «արդարության վերականգնում» համարեց նախկին գլխավոր դատախազից «տուժած» Խաչատրյանին ՀՔԾ պետի պաշտոնում նշանակելը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: