Թրամփը կարգադրել է գաղտնի տեղեկատվության հասանելիություն տրամադրել իր փեսային. NYT
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թականին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին ցուցում է տվել իր փեսա եւ ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին գաղտնի տեղեկատվության հասանելիություն տրամադրել՝ չնայած հետախուզության աշխատակիցների եւ իրավաբանների առարկություններին: Փետրվարի 28-ին այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթի էլեկտրոնային տարբերակը։
Թերթի աղբյուրների խոսքով՝ Թրամփի այս որոշումն «անհանգստացրել է վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցներին»: Այս առնչությամբ Դոնալդ Մակգանը, որն այդ ժամանակ եղել է Սպիտակ տան իրավախորհրդատուն, պատրաստել է պաշտոնական զեկույց, որտեղ նշել է, որ խորհուրդ չի տալիս Քուշներին համապատասխան հասանելիություն տրամադրել, ինչպես նաեւ հիշեցրել է, որ դրա դեմ հանդես են եկել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցիչները:
Ջոն Քելլին, որ այդ ժամանակ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն Էր, նույնպես պաշտոնական զեկույց է պատրաստել, որտեղ նշել է, որ ԱՄՆ-ի նախագահն իրեն «կարգադրել է» Քուշներին տրամադրել հիշյալ հասանելիությունը:
Հրատարակությունն ուշադրությունը սրում է այն բանի վրա, որ իր լրագրողներին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, թե փեսային չի օգնել գաղտնի տվյալների հասանելիություն ստանալու հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: