Բաժիններ՝

Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ իրականացվել են մարտավարաշարային պարապմունքներ. ԱՀ ՊՆ

Բանակի 2019 թվականի ձմեռային ուսումնական փուլի մեկնարկային միջոցառումների շրջանակում փետրվարի 22-ին մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի են բերվել ՊԲ շտաբի և միավորումների վարչության սպաները:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ իրականացվել են մարտավարաշարային պարապմունքներ, շտաբային մարզումներ, ճշգրտվել են բաժինների ու ծառայությունների խնդիրները մարտական պատրաստականության «բարձր» աստիճանների բերելու ժամանակ:

Համապատասխան միջոցառումների արդյունքում ուղենշվել են հավանական պատերազմական իրադրությունում զորատեսակների ու ծառայությունների գործողությունները, մասնավորապես ստորաբաժանումների ղեկավարման, ներդաշնակման և նստեցման շրջանների զբաղեցման հարցերում: Շտաբային մարզումների շրջանակներում խաղարկվել են նաև հակառակորդի հավանական գործողությունների բնույթից բխող մարտական տարաբնույթ դրվագներ:

Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շտաբային մարզումների ընթացքին փետրվարի 23-ին հետևել է նաև բանակի միավորումներից մեկում, որտեղ համապատասխան ուղղությունների պատասխանատուները հանդես են եկել զեկույցներով՝ մանրամասն ներկայացնելով օպերատիվ մարտավարական իրադրությունը, հակառակորդի հավանական գործողությունների զարգացման ընթացքը և դրանց հակազդելու մեխանիզմներն ու մարտավարությունը:

Մարտավարաշարային պարապմունքներն ու շտաբային մարզումները ցույց են տվել, որ բանակի վարչության սպայակազմը, ինչպես նաև կառավարման և ապահովման մարմինները ունակ են գործել հավանական մարտական իրադրության զարգացումներին համահունչ, կատարել ճշգրիտ հաշվարկներ ու վերլուծություններ, ընդունել ու կյանքի կոչել հաղթանակի լրջագույն երաշխիքներ ունեցող մարտական որոշումներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս