Բաժիններ՝

«Օպտիմալացման ետևում թաքցվում է պետության դերի նվազեցումը». Թադևոս Ավետիսյան

Աշխատատեղերի կրճատումների թեման կարծես «թայմ-աութ» է վերցրել, համենայն դեպս, կառավարության ձեռնարկած քայլերի մասին զգուշավոր լռություն է հատկապես այն պաշտոնյաների մոտ, որոնք թեման սկսեցին ակտիվորեն շրջանառել՝ դեռ անցած տարեվերջից: Նկատենք, սկզբում հենց այս տերմինով էր արտահայտվում կառավարության կողմից ձեռնարկած մեծաթիվ աշխատատեղերի ու պետական ծախսերի կրճատման տրամադրվածությունը, սակայն կարճ ժամանակ անց՝ իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ բառախաղով փորձեցին նոր իմաստ տալ կրճատման սցենարին՝ անունը դնելով օպտիմալացում:

Հարկ է ընդգծել, որ այս կրճատումները հնարավոր դեպքերում կառավարությունը մտադիր է իրականացնել գործառույթների վերաբաշխման միջոցով: Ընդհանուր առմամբ՝ նոր իշխանության մարտավարությունն այն է, որ բյուջեից սնվող պետական ցանկացած կառույցում, նախարարություններում մի շարք ծառայություններ պատվիրակման միջոցով իրականացվեն՝ մրցույթով մասնավոր սեկտորից ծառայություն գնելու միջոցով:

Երկու դեպքում էլ կառավարության նպատակն ու մոտիվացիան արդար կարող են լինել, բայց փաստ է, որ իշխանության՝ կոռուպցիայի դեմ ուղղված պայքարի մոտեցման մեջ ընդդիմախոսները կոռուպցիոն մեծ ռիսկ են տեսնում:

Նշենք, որ կառավարության 5- ամյա գործունեության ծրագրում այս մասով կա հստակ ձևակերպում՝ «պետական կառույցներում օժանդակ, սպասարկվող, աջակցող և մասնագիտացված այլ գործառույթների մասով պետք է դիտարկել արտապատվիրելու հնարավորությունը: ԾԻԳ-երի, ՊՈԱԿ- ների, Հիմնադրամների, ՓԲԸ-ների և (կամ) այլ կառույցների ստեղծումից պետք է ձեռնպահ մնալ և դադարեցնել կամ լուծարել գործողները»:

«Պետական գործառույթները պատվիրակելով՝ մենք գնում ենք պետական լիազորությունների կրճատմանը, իսկ կառավարման համակարգում պետության դերը նվազեցնելը կարող է նաև վտանգավոր լինել: Պետական ծրագրերում հասկանալի չէ պետության մասնակցության չափը, հետևապես՝ պատասխանատվությունն էլ չափելի չէ»,- մասնագիտական այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Թադևոս Ավետիսյանը:

– Իսկ ի՞նչ հնարավորություններ եք տեսնում օպտիմալացումից հետո կառավարման արդյունավետության մակարդակում:

– Եթե նկատել եք, «կրճատումներ» բառից խուսափելու համար կառավարող մարմինը սկսել է «օպտիմալացում» բառն գործածել: Դրանք արհեստականորեն են նույնացվում, բառախաղով փորձ է արվում ինֆորմացիայի հոգեբանական ազդեցությունը մեղմել: Օպտիմալացվողները գրագետ մարդիկ են, ի վերջո, հրաշալի կերպով ընկալում են այս երկու տերմինների տարբերությունը: Կրճատումը մեծապես քմահաճույք է, ունի անձնական մոտիվացիա, իսկ օպտիմալացումը կոնկրետ քայլերի հաջորդականություն է և անպայման հիմքում պիտի ունենա սոցիալական կոմպոնենտ: Մենք գործ ունենք մարդկանց ճակատագրերի հետ, այս գրագետ խավը դուրս է մղվում համակարգից ու մնում է անորոշության մեջ: Նա սոցիալական խնդիր ունի, իսկ արդյո՞ք մինչ այդ ստեղծված էին պայմաններ, որեսզի նա ռեալիզացվի, չարտագաղթի: Պետությունը պիտի պատասխանատվություն կրի այս մարդկանց համար: Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել՝ կրճատման ետևում թաքցվում է օպտիմալացումը, օպտիմալացման ետևում՝ պատվիրակման մոտեցումը, դրա ետևում պետության դերի նվազեցումն է թաքցվում՝ որպես նպատակ, իսկ այս ամենից հետո պատասխանատվությունը, չգիտես՝ ո՞ր դաշտում մնաց:

Քայլերի համախումբը երևի արդարացված կլիներ, եթե մինչ այդ իշխանությունը ձևավորած լիներ համապատասխան միջավայր, հետո նոր գնար տոտալ կրճատումների: Բայց կարծես մենք սկսել են վերջից՝ կրճատում ենք, որպեսզի արդյունավետություն բարձրանա: Դե, եթե էդպես է, դրանք համարժեք բաներ են, եկեք ուրեմն մինչև վերջ կրճատենք, ինչո՞ւ ոչ… իսկ ո՞ւր մնաց տրամաբանությունը:

Կառավարության մոտ խնդրադրումն է սխալ… կրճատենք, որ արդյունք տանք։ Ո՛չ, մենք պիտի արդյունքը շատ արագ մեծացնենք, որպեսզի միավոր ծախսի արդյունքը երևա, այս մոտեցումը պիտի լիներ նպատակ: Ինչ-որ բան վերափոխելուց կամ կրճատելուց առաջ բովանդակություն պիտի քննարկվի, պիտի կառուցվածքային հստակ ախտորոշում արվի ու մասնագիտական վերլուծություն երևա՝ ինչը հանուն ինչի է կրճատվում, որտեղ են կրկնվող գործառույթները, ինչն է ավելորդ:

Ապրիլին նախարարություններին վերջնաժամկետ է տրված, բայց մինչև օրս տեսանելի չէ օպտիմալացման գաղափարը, թափանցիկ չէ գործընթացը, սրանք կուլիսների ետևում տեղի ունեցող ինչ-որ պրոցեսներ են, նպատակի մասին առայժմ կցկտուր ու շատ պրագմատիկ է ներկայացվում՝ ծախսերի կրճատում, և վերջ: Ի վերջո, ճշմարտությունը թաքցնելը և խաբելը հավասարազոր են, եթե մենք խոսում ենք իրական բարեփոխումների մասին, ուրեմն խոսենք բացենք և պատրաստ լինենք նաև մասնագիտական կարծիք լսել:

Ես դեռ չեմ տեսել մի փաստաթուղթ կամ որևէ սխեմա, որը ներկայացված կլինի հանրությանը, թե՝ մենք այս բաները գտնում ենք, կարող են նաև չլինել: Չեն հայտարարել, որ մենք ունենք խոր ուսումնասիրություն, և այ սա կրկնում է սրան, սա՝ մյուսին: Չկա ամբողջական գծագրված այն փաստաթուղթը, որի վրա նկարագրված կլինի՝ ինչն ինչով է փոխարինվել, որպեսզի տնտեսական գնահատումների համար հասկանանք, թե որքանով այդ օպտիմալացումն ինքնանպատակ չէ: Եթե սա պետական մոտեցում չէ, և իրական ուսումնասիրություններ դրա հիմքում չկան դրված, ապա այս ամենից ենթադրվում է, որ պահի թելադրանքով, ինչ-որ անձերի շուրջ լծակների համախմբման մակերեսային իդեաներ են, և ընդամենն ամբիցիաներով փորձում են կերտել պետական կառուցվածքի մի համակարգ, ինչի նախադեպն ունեցել ենք նախորդ կառավարիչների ժամանակ, բայց այն ժամանակ դա չէր հրամցվում՝ իբրև բյուջեի ծախսերի ու հարկերի կրճատում:

– Պարոն Ավետիսյան, կրճատումներով կառավարությունը խնդիր է դնում պատվիրակման միջոցով կոռուպցիոն ռիսկերը նվազեցնել: Սոցիալական ոլորտում մասնագիտացած տնտեսագետի համար սրանք համոզի՞չ փաստարկներ են:

– Փորձը ցույց է տվել, որ հաճախ պատվիրակումից հետո պետության ծախսերն ավելանում են, և ոչ՝ պակասում: Չի կարելի երբեք արդյունավետությունը կապել սեփականության ձևի հետ: Բացի այդ, կարծրատիպային մտածողություն է՝ եթե պետական է, ապա անարդյունավետ է աշխատում, եթե մասնավոր է, ապա խիստ արդյունավետ է: Այստեղ խնդիրը կառավարիչների մեջ է, իսկ ո՞ւմ ենք մենք դարձնում կառավարիչ, արդյո՞ք հաշվի առել ենք նրա կարողությունների գործոնը, մասնագիտական որակները՝ որքանով են նրանք ունակ, ճկուն, կրեատիվ՝ մոտեցումներում: Ստացվում է՝ նրանց պատասխանատու չենք դիտարկում արդյունավետությունը գնահատելու համար, իսկ օպտիմալացումը հույս է ներշնչում: Պետական կառավարումը և հանրային կյանքի վրա դրա ազդեցությունն էդպես փորձադաշտ չէ, որ ով երբ նշանակվի ղեկավար, գա ու իր պատկերացումներով ինչ-որ շտրիխներ անի, թողնի-գնա: Մենք ինստիտուցիոնալ համակարգ ենք կայացրել, չի կարելի քմահաճույքով տասը փակել, մեկը բացել, սա հանել, մյուսը բերել: Պետական համակարգի շարժը չի կարելի խաթարել, արտաքին անընդհատ միջամտությունները վտանգավոր են:

Մենք կտրուկ քայլերի ենք գնում՝ մինչ այդ պահանջվող միջավայրը չուսումնասիրած: Արդյո՞ք մասնավոր ընկերություններն այդքան շատ են և ի վիճակի են պետական օպտիմալացված կադրային ռեսուրսի փոխարեն՝ այդ ծավալով բարձրորակ ծառայություններ մատուցել պետական համակարգին: Քանի դեռ շուկան ձևավորված չէ, մասնավորում չկան բավարար քանակի ծառայություն մատուցող կազմակերպություններ, մրցակցային սկզբունքով պատվիրակելը դժվար է իրականացնել։

– Պատվիրակելով, պիտի հասկանանք, մենք ինչ խնդիր ենք ուզում լուծել դրանով, արդյո՞ք սա չի նշանակում, որ պետությունը կամաց-կամաց իր բեռը գցում է մասնավորի վրա, այդ թվում՝ պատասխանատվությունը տեղափոխելով մասնավորի դաշտ:

– Պատվիրակումն իրականում շատ լավ բան է, եթե իրականում այդ միջավայրը ձևավորված է, հասունացել է պայմանը, և կան ռեալ գնահատականներ, որ այս-այս ծառայությունները պատվիրակման արդյունքում էապես ավելի որակով ու էժան կլինեն բյուջեի ծախսի տեսանկյունից: Բայց միևնույն է, մենք դրան պիտի գնանք փուլ առ փուլ, աստիճանական, որպեսզի միանգամից պետական ինստիտուտների շարժը սթրեսի չենթարկենք, ու հանկարծ մի օր չպարզվի, որ այդ պատվիրակման արդյունքում ծախսերն ավելանում են, վերահսկողական գործառույթների համար ստիպված լինենք ավելի շատ ծախսեր անել: Իսկ եթե արդյունավետ կլինեն, ուրեմն չկա երկրորդ կարծիք:

Եվ, ի վերջո, պետք է հասկանալ մի բան. եթե որոշել ենք կրճատել նախարարություններում այսինչ գործառույթը, և այն դարձնել պատվիրակված ծառայություն, ուրեմն հենց այդ պահից սկսած դա դառնում է շարունակական գործընթաց: Ստացվում է՝ ամեն տարի դրա համար պիտի մրցույթ հայտարարվի ու մրցակցային պայմաններում ընտրվի բարձրորակ և էժան մատուցող ընկերությունը, իսկ ամեն տարի կարող է մրցույթում հաղթողն այլ կազմակերպություն լինել: Իսկ դա նշանակում է, որ ամեն տարի սթրեսի ենք ենթարկում պետական համակարգը, ծառայության մատուցողների անընդհատ փոփոխությունը կարող է առաջացնել լրացուցիչ ծախսեր, այդ թվում՝ ոչ օպտիմալ վիճակ՝ ծառայությունների մատուցման որակի տեսանկյունից: Կան ծառայություններ, որոնք, ապացուցված է՝ ավելի արդյունավետ են դառնում, քանի որ հենց պետությունն է ինքն իր համար կայուն չափորոշիչներով մատուցում, իր կառուցվածքում գործող մարմինների միջոցով: Գործնականում հնարավոր է՝ մեծ արդյունք չտա օպտիմալացման գաղափարը, և ծախսերը կրճատելու փոխարեն՝ լրացուցիչ բեռ ավելացնենք՝ թեկուզ վերահսկողական գործառույթների համար:

Սյուզի Բադոյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս