ԱՄՆ-ը երկրների կոալիցիա է ստեղծում Լուսինը յուրացնելու համար. NASA-ի ղեկավար
Վաշինգտոնը մտադիր է պետությունների միավորում ստեղծել Լուսինը յուրացնելու պլանների համատեղ իրականացման եւ նրա վրա մշտական ներկայություն հաստատելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության (NASA) տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը: «Մենք երկրների կոալիցիա ենք ստեղծում, որպեսզի Լուսին վերադառնանք մշտական հիման վրա,-ասել է նա: Այլ խոսքով՝ այս անգամ, երբ մենք ժամանենք, մնալու ենք (Լուսնի վրա)»:
Այն հարցին, թե ենթադրվում է արդյոք Երկրի արբանյակ հասցնել տարբեր սարքեր, ռոբոտացված համակարգեր կամ ԱՄՆ-ի աստղագնացների, Բրայդենսթայնը պատասխանել է՝ «բոլոր այդ թվարկվածները»: «Մենք կժամանենք ե՛ւ մարդկանց հետ, ե՛ւ վայրէջքի մոդուլներով, ե՛ւ լուսնագնացներով, ե՛ւ ռոբոտներով»,-պարզաբանել է նա: Ինչպես ընդգծել է Բրայդեյնսթայնը, ամերիկյան կողմի տեսակետով, «նպատակն այն չէ, որ Լուսնի վրա դրոշներ ու հետքեր թողնենք, իսկ հետո չվերադառնանք 50 տարի»:
«Մենք ցանկանում ենք այնտեղ հաստատվել մշտական հիման վրա»,-հավելել է նա: Ինչպես ընդգծել է Բրայդենսթայնը, այս պլաններն իրագործելիս կարեւոր դեր կարող են խաղալ մասնավոր ընկերություններն այն առումով, ինչ վերաբերում է մշակումներին, որոնք թույլ են տալիս բազմակի օգտագործել կրող-հրթիռները եւ տիեզերական սարքերը: NASA-ի ղեկավարն այն բանի հույս է հայտնել, որ կգա ժամանակ, երբ «Երկրի ու Լուսնի միջեւ ենթակառուցվածքի բոլոր տարրերը կարելի կլինի կրկնակի կիրառել»:
«Դա մեզ թույլ կտա գնալ-գալ, բայց դրանում կարեւոր դեր է խաղում մասնավոր հատվածը»,-ասել է նա: Բրադենսթայնն ընդգծել է, որ «Լուսինը մեծ հետաքրքրություն է առաջացնում միջազգային մակարդակով»: Ինչպես նշել է նա, դրա պատճառն այն է, որ «Լուսնի վրա կան ռեսուրսներ», այդ թվում՝ «հարյուր միլիարդավոր տոննա սառույց», որոնք, նրա խոսքով, հեռանկարում կարող են օգտակար լինել որպես «կյանքի պահպանման միջոց»: «Դրանք բնական ռեսուրսներ են, որոնք կարելի է օգտագործել ամենատարբեր նպատակներով»,-հավելել է ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: