Բաժիններ՝

Ալավերդու պղնձաձուլական գործարանի թվով 300 աշխատակիցներ կրկին փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի թվով 300 աշխատակիցներ կրկին փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը:

Պատճառն այն է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ նրանց հանդիպումը չի կայացել:

«Մեզ ասացին, որ փոխվարչապետը պարզապես հնարավորություն չի ունեցել գալ Ալավերդի՝ բազմազբաղ լինելու պատճառով, բայց պատրաստ է եղել հանդիպել, ուստի մեզ է հրավիրել Երևան: Մի քանի հոգի այս պահին ուղևորվել է Երևան՝ փոխվարչապետի հետ հանդիպման: Մեր հետագա անելիքները կախված են հենց այդ հանդիպումից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից Արմեն Կիրակոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ «Վալեքս» ընկերության ղեկավարարն իրենց հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ  պատրաստ է գործարանն աշխատեցնել, եթե գտնվի ինչ-որ մի կոմպրոմիսային տարբերակ:

Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փետրվարի 8-ին նամակ էին գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Զուգահեռ կազմակերպել էին ստորագրահավաք, որը նամակին կից ուղարկվել էր կառավարություն, սակայն նրանք որևէ պատասխան չէին ստացել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս