Լոնդոնը կշարունակի Բրյուսելի կողմից Brexit-ի շուրջ գործարքի վերանայման հասնելու ջանքերը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի Եվրամիության կողմից Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի վերանայման հասնելու ջանքերը, հատկապես «բեքստոպի»՝ վիճելի պաշտպանական մեխանիզմի մասով, որը կոչված է թույլ չտալ ֆիզիկական սահմանի հայտնվելը Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի միջեւ:
Այդ մասին հայտնել է վարչապետ Թերեզա Մեյի մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով կառավարության պարտությունը Համայնքների պալատում Brexit-ի իրագործման ուղղությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետի քաղաքականության հարցի շուրջ փետրվարի 14-ին կայացած խորհրդանշական քվեարկության ընթացքում:
«Կառավարությունը դրան հասնելու ջանքերը կշարունակի Եվրամիության հետ միասին, որպեսզի ապահովվի մեր դուրս գալը սահմանված ժամկետում՝ մարտի 29-ին»,- Sky News հեռուստաալիքը մեջբերել է վարչապետի մամուլի քարտուղարի խոսքը:
Մեյի դիվանատանը ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին մեղադրել են այն բանում, որ նա «վերստին կուսակցական նկատառումները բարձր դասեց ազգայինից՝ դեմ քվեարկելով կառավարության առաջարկությանը՝ «պաշտպանել Մեյի մոտեցումը Brexit-ի իրագործմանը, ինչն ավելի հավանական է դարձնում առանց գործարքի Brexit-ի սցենարը», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: