– Ճիշտն ասած, այդ օրինագծի ընդունումը զարմանալի էր ինձ համար, քանի որ այս տարի ակնհայտորեն բավական ձնառատ ձմեռ ունեինք: Կառավարության բացատրությունն այն էր, թե ապրիլ-մայիս ամիսները եղել են չորային, եւ այնպիսի կլիմայական պայմաններ են ստեղծվել, որ, չնայած ձնառատ ձմեռվան, ջրամբարները դատարկ են, գետերի հոսքը խիստ կրճատվել է, եւ ստեղծված իրավիճակում միակ հնարավորությունը Սեւանն է: Զարմանք է առաջացնում հետեւյալը, երբ նշում են, որ այնպես ստացվեց, որ ձյունը հալվելուց լցվեց ոչ թե ջրամբարներ կամ գետեր, այլ կլիմայական պայմանների պատճառով ներծծվեց հողի մեջ: Եթե անգամ դա այդպես է, ապա պետք է նկատել, որ ջուրը երբեք ոչ մի տեղ չի կորչում: Դա նաեւ նշանակում է, որ հողը պետք է լիներ ավելի խոնավ, գրունտային ջրերը` ավելի հարուստ, ինչն, ի վերջո, ինչ-որ ձեւով պետք է արտացոլվեր նաեւ ջրի վերգետնյա հոսքում: Այսինքն` այստեղ ինչ-որ առեղծված կա: Միգուցե գիտությունը պետք է դիտարկի այդ խնդիրը` փորձելով պարզել այդ առեղծվածը: Մի հուսադրող հանգամանք կա ՀՀ կառավարության որոշման մեջ, ըստ որի` Սեւանից ջրի բացթողումը կազմելու է ոչ թե 320 մլն խմ, այլ մինչեւ 320 մլն խմ: Այստեղ Կառավարության «ձեռքերն» ազատ են: Ակնհայտ է նաեւ, որ երաշտ չկա: Կառավարությունը նշում է, որ սակավաջուր տարի ենք ունեցել, ինչը վերաբերում է ապրիլ-մայիս ամիսներին, որի արդյունքում ջրամբարները մնացել են դատարկ: Սակայն, եթե Ազատի կամ Ապարանի ջրամբարները համեմատում ենք, ապա դրանց ջրի գումարային ծավալներն այնքան են, որքան 2009թ.: Իսկ այդ ժամանակ նման արտակարգ վիճակ չի արձանագրվել:
– Այսօրվա իրավիճակը համեմատում են 2008թ. ստեղծված արտակարգ իրավիճակին, երբ կառավարության որոշմամբ` 303 մլն խմ ջուր բաց թողեցին Սեւանից:
– 2008թ. հայտարարվեց երաշտ: Այդ ժամանակ մի շարք ուսումնասիրություններ կատարեցինք եւ ապացուցեցինք, որ այդ հայտարարությունն այդքան էլ իրական չէ, քանի որ 2008թ. էլ համեմատում էին 2007թ.-ին, իսկ 2007թ. բավական ջրառատ տարի էր: Մենք 10 տարվա կտրվածքով ցույց տվեցինք, որ կլիմայական պայմաններով շատ ավելի վատ տարիներ են եղել, երբ եղել է խիստ չորային ժամանակաշրջան: Սակայն պաշտոնական տվյալների համաձայն` անգամ այդ ժամանակ Սեւանից ջուր բաց չթողեցին:
– Այդ դեպքում, ըստ Ձեզ` ո՞րն է Սեւանա լճից նշյալ քանակությամբ ջուր բաց թողնելու պատճառը կամ, ինչպես Դուք նշեցիք` առեղծվածը: Ինչո՞ւ հանկարծ հիշեցին երաշտի մասին:
– Դժվարանում եմ ասել, եւ հարցը չեմ ուզում պայմանավորել Սեւանա լճի ափամերձ տարածքներում գտնվող վիլլաներով: Միգուցե վրիպո՞ւմ է եղել, եւ վարկած կա, որ առաջին ձնհալի ժամանակ ջրամբարները պատրաստ չէին ընդունել ձնհալը, եւ մտածում էին, թե հետագայում ձնհալը լինելու էր ավելի շատ, ինչին, հնարավոր էր` ջրամբարները չդիմանային: Ջրամբարները կարիք ունեն լուրջ վերականգնման աշխատանքների, որոնք չեն կարողանում ջուրն ամբողջությամբ պահել:
– Իսկ մի՞թե Ձեր նշած վիլլաների խնդիրը հիմնավորում չէ ընդունված օրինագծի հապճեպ ընդունման համար:
– Դա ասելու համար ապացույց պետք է ունենալ: Դա շատ դժվար է ապացուցել: Միգուցե ա՞յլ պատճառներ կան, որ Սեւանա լճի ափերը դեռ պատրաստ չեն, կամ, ենթադրենք, անտառը դեռ այդքան մաքրված չէ: Ավելի շատ հակված եմ այդպես մտածել: Իսկ կառավարության այն հայտարարությանը, թե տարին լինելու է սակավաջուր, բնությունը, կարծես, հակասեց: Հայաստանում երբեւէ չի եղել այնպես, որ հունիսի վերջին եւ հուլիսի սկզբին այսքան անձրեւաշատ եղանակներ լինեն:
– Այդ դեպքում ինչո՞ւ օրինագիծն ընդունվեց:
– Հիմա նոր օրինագծի կարիք չկա: Կառավարության որոշման մեջ ասվում է, որ ջրի բացթողումը լինելու է մինչեւ 320 մլն խմ, ինչը ենթադրում է, որ կառավարությունը կարող է 200 կամ 250 մլն խմ ջուր բաց թողնել: Ինձ անհանգստացնում է մեկ փաստ, ինչի մասին անընդհատ խոսվում է թե՛ մամուլում, թե՛ գյուղերում, որ ֆերմերները դժգոհում են, թե իրենց ժամանակին ջուր չեն տալիս, որովհետեւ իրենք չեն կարողանում վճարել, իսկ փոխարենը` ջուրը գնում է դեպի Ադրբեջան: Դա խնդիր է, քանի որ ստացվում է այնպես, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը տնտեսապես շահավետ չէ փոքր տնտեսությունների համար: Գյուղեր գնալուց ապշում ես` տեսնելով, թե ինչպես են դատարկվում: Ջրի խնդիրը սկզբունքորեն պետք է լուծվի: Եթե ջուրն արդեն բաց ենք թողել, որը գնում է դեպի Նախիջեւանի ջրամբար, այնուհետ` դեպի Կասպից ծով, ապա անիմաստ է դա, եւ պետք է մտածել այլ մեխանիզմների մասին: Ստացվում է այնպես, որ Սեւանից ջուրը բաց ենք թողնում, բայց քանի որ գյուղացիներն ի վիճակի չեն վճարել ստացած ջրի դիմաց, հետեւաբար, ջուրը պետք է գնա դեպի Ադրբեջան: Դա աբսուրդի է հասնում: Ի դեպ, նշեմ նաեւ, որ մոտ 10 օր առաջ հանդիպել եմ նաեւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ, ում հետ խոսել ենք Սեւան լճից ջրի այդչափ քանակությամբ բացթողնման մասին: Ա. Գեւորգյանն ապացուցում էր, որ ակնհայտ անհրաժեշտություն կա, որ վիճակը վատ է ֆերմերային տնտեսություններում, եւ, որ կառավարությունն ընդունել է ճիշտ որոշում:
– Տիկին Դանիելյան, մինչ կառավարության հիշյալ որոշումը, Դուք բազմիցս նշում էիք, թե Սեւանա լճի մակարդակը բարձրացել է, եւ, որ դա մեծ ձեռքբերում է: Իսկ հիմա ի՞նչ է ստացվում` ձեռքբերումը շատ արագ կարելի է կորցնե՞լ կառավարության որոշմամբ:
– Մենք կորցնում ենք այդ ձեռքբերումը: Լիճը տատանվում է բարվոք եւ ոչ բարվոք վիճակների միջեւ: Կենտրոնական հատվածներում ակտիվացել է ինքնամաքրումը, որտեղ լիճն առողջացել է: Սակայն վիճակը բարվոք չէ ափամերձ տարածքներում: Տվյալ դեպքում պետք է մաքրել լճի ափամերձ տարածքներն ու բարձրացնել ջրի մակարդակը: Իսկ ջրի մակարդակն իջեցնելով ու այսպիսի տատանումներ հաղորդելով ջրին` ուղղակի հարվածում ենք լճին:
– Ինչի՞ն է վնասելու լճի մակարդակի իջեցումը:
– Վնասելու է եւ՛ ջրի որակին, եւ՛ ջրի կենտրոնական հատվածի ինքնամաքրմանը, որը կարող է հետաճ ունենալ: Մյուս կողմից` սեյսմիկ վիճակ է ստեղծվում, եւ չի կարելի նման տատանումներ տալ: Ցավոք, վարչապետն ու Սեւանա լճի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը երկրում չեն, սակայն հարցը պետք է քննարկվի հանձնաժողովում: Մասնագետները պետք է քննարկեն այդ խնդիրը: Կարծում եմ` լճից 170 մլն խմ ջուր բացթողնելը ճիշտ թիվ էր, իսկ այս իրավիճակում այն պետք է հասցնել գոնե 200-ի` եւ ոչ ավելին: Հարցը ճակատագրական է լճի համար: Քայլ առ քայլ պետք է վերանայվի ջրային կառավարման համակարգը, որտեղ, կարծես, ինչ-որ բան այն չէ: Գիտնականների հետ միասին պետք է դիտարկենք, թե ի՞նչ պետք է փոխվի համակարգում: Մի քանի անգամ ունեցել ենք նման խնդիր. 1995թ. Մեծամորի ատոմակայանը սկսեց աշխատել, որից հետո 1997-98թթ. կառավարությունը որոշում ընդունեց` էներգետիկ նպատակներով Սեւանից ոչ մի լիտր ջուր բաց չթողնել, մինչդեռ ամեն ձմեռ մենք տեսնում էինք, թե ինչ քանակությամբ ջուր էին բաց թողնում, եւ լճի մակարդակը շարունակ իջնում էր: Եվ լճի ամենացածր մակարդակն ունեցանք 2001թ. ձմռանը: Սա` առաջին առեղծվածը: Երկրորդ առեղծվածը 2008թ. էր, իսկ երրորդը` հիմա: