Բաժիններ՝

«Գիտնականների հետ չխորհրդակցելով, գիտությունից չհասկանալով՝ շարունակում են ծրագրեր կազմել». Արեգ Միքայելյան

ՀՀ կառավարության ծրագրում նշված է, որ գիտության ոլորտում անհրաժեշտ է բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը, տրա­մադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետազոտությունների  արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին, Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար:

Խոսվում է նաև այն մասին, որ Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, աստղագետ Արեգ Միքայելյանի բնորոշմամբ՝ կառավարության ծրագրի գիտական հատվածում հիմնականում ստանդարտ արտահայտություններ են, կոնկրետ ձևակերպումներ, ցույց տրված ճանապարհներ չկան:

«Գիտնականների հետ չխորհրդակցելով, գիտությունից չհասկանալով՝ շարունակում են ծրագրեր կազմել: Ամեն ինչին էլ կարելի է ասել՝ «պետք է լինի»: Օրինակ՝ Հայաստանը պետք է լինի հարուստ երկիր, մարդիկ պետք է լավ ապրեն: Բայց սրա հետ պետք է նշել, թե Կառավարությունն ինչպե՞ս է պատրաստվում դա անել:

Այո՛, բոլորս էլ ուզում ենք, որ երիտասարդները գան, ժամանակակից թեմաներ լինեն, արդյունավետ լինի, ում էլ հարցնեք՝ նույն բաներն ասելու է: Բայց այստեղ ֆինանսավորման հարցը կա: Հայաստանում գիտության ֆինանսավորումը շատ ցածր է անհրաժեշտից, այնինչ ցանկացած հարց լուծելու համար առաջին հերթին ֆինանս է անհրաժեշտ՝ թեկուզ երիտասարդ գիտնականներին պահելու համար:

Մեր սերունդն ուրիշ էր, մենք անխոնջ աշխատել ենք նույնիսկ 1990-ական թթ. խղճուկ իրավիճակներում, հիմա էլ շատերն այդպես են անում: Իսկական գիտնականը, որպես կանոն, գումարի հետևից չի գնում, գիտությանը նվիրված աշխատում է, բայց երիտասարդների դեպքում այդպես չէ: Պետք է գան, մտնեն, խորանան, հայտնագործություններ անեն ու նոր նվիրվեն: Չի կարող մարդն ուսանող ժամանակվանից նման մտածելակերպ ունենալ: Նրանց գրավել է պետք, բայց աշխատավարձերը քանի որ ցածր են՝ երիտասարդները չեն գալիս: Տեսե՛ք, մեր պատգամավորները որ գնում են արտասահման՝ բյուջեից է, չէ՞, գումար ծախսվում: Պատկերացնո՞ւմ եք՝ այդքան գումար պետությունը գիտությանը հատկացներ, ասեր՝ գնացե՛ք, հանդիպե՛ք,  գիտաժողովների մասնակցեք: Գիտությունը թռիչքաձև կզարգանար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արեգ Միքայելյանը:

Ինչ վերաբերում է միջազգայնորեն մրցունակ գիտությանը՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրենը նշեց, որ Հայաստանն ունի մրցունակ գիտություն:

«Գիտության ոլորտում մրցունակ լինելու առումով անբարենպաստ պայմաններում ենք գտնվում, բայց նույնիսկ այս պայմաններում հպարտությամբ կարող եմ ասել, որ հետաքրքրություն ենք կարողանում ներկայացնել աշխարհի համար:

Մեր լավ ծրագրերի, մրցունակ լինելու արդյունքում՝  հաճախ են հրավիրում արտասահման:

Ամենաբարձր տեղում աստղագիտությունն է, հետո գալիս են մյուս ոլորտները՝ ֆիզիկան, կենսաբանությունը, քիմիան, տեղեկատվական տեխնոլոգիաները: Շատ ենք զիջում հումանիտար ոլորտներում: Դա պայմանավորված է նրանով, որ արտասահմանյան ամսագրերում անգլերեն լեզվով հոդվածներ քիչ են տպագրվում, իսկ մեր տեղական ամսագրերը համաշխարհային գիտության համար, կարելի է ասել՝ ոչ մի նշանակություն չունեն: Դրա համար ուզում է՝ 1000 հոդված հայերենով գրենք ցեղասպանության մասին, մարդիկ չեն կարդա, որտեղի՞ց պետք է իմանան, որ կարևոր բաներ են գրված»,- նկատեց Արեգ Միքայելյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս