Բաժիններ՝

Գիտաշխատողները դադար են վերցրել. մեկ տարով կերկարաձգվի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը

ՀՀ կառավարության կողմից 2018թ. դեկտեմբերի 27-ին ընդունված մի որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը  սահմանվել էր՝ որպես դրամաշնորհ, և որոշվել էր այն հատկացնել մրցութային ընթացակարգով:

Երեկ՝ փետրվարի 6-ին, Կառավարությունը որոշեց մեկ տարով երկարաձգել բազային ֆինանսավորումը՝ մինչև մրցույթի պայմանները հստակեցվեն:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ առաջարկվում է բազային ֆինանսավորումը՝ մի շարք բուհերի և գիտահետազոտական կենտրոնների, իրականացնել 2018թ. սեպտեմբերի 24–ի ՀՀ կրթության նախարարության կողմից ստեղծված բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման հանձնաժողովի սահմանած կարգով։ Այսինքն՝ մրցույթն անցկացվել է, և այդ բուհերը ստացել են բազային ֆինանսավորում այս տարվա համար, և առաջարկում են, որպեսզի կարգն այս տարվա համար պահպանվի հանձնաժողովի սահմանածով և ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27–ի թիվ 1023–Ն որոշմամբ։

«Առաջիկա շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ կդրվի գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման և բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքներն ու չափանիշերը հաստատելու մասին ՀՀ ԿԳ նախարարության հրամանը: Մինչև տարվա կեսը մենք շատ հստակ կունենանք տեղեկատվություն բազային ֆինանսավորում ստացող բոլոր գիտահետազոտական կենտրոնների կողմից գումարների ծախսման արդյունավետության և արդյունքների մասին:

Եվ բազային ֆինանսավորման համար նոր կարգ կառաջարկենք, որովհետև մենք տեսնում ենք, որ այստեղ առկա է մեծ բաց: Ըստ էության, պետությունը չի հետևում կամ չի գնահատում այն կենտրոնների արդյունքները, որոնց տալիս է բազային ֆինանսավորում: Այս կարգն արդեն շատ հստակ կսահմանի, թե ինչ նպատակների են ծառայում բոլոր այն միջոցները, որոնք պետությունը հատկացնում է այդ կենտրոններին»,- նշեց նախարարը:

«Որոշումը, ըստ էության, մեկ տարվա համար է: 2019թ. ավարտին նոր որոշում պետք է լինի: Հիմա, քանի որ ստացանք հավաստում, որ նոր կարգերի  մշակմանը մեր գիտական հանրության մի հատվածը կմասնակցի, դրա համար սպասում ենք: Մեր պահանջն այն է, որ բազային ֆինանսավորումը միշտ պահպանվի առանց մրցույթի: Խոսակցություններ կան՝ կազմակերպությունների ռեյտինգավորման հետ կապված: Չորս ռեյտինգ է՝ A, B, C, D: Մարդկանց տպագրած հոդվածների վերաբերյալ տեղեկություն է հավաքվում, և ըստ ռեյտինգի ֆինանսավորումը կարող է տարբեր գործակիցներով կատարվել: Այս պահի դրությամբ մեզ դա բավարարում է: Հունիսին ավելի պարզ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԿԳ նախկին փոխնախարար, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատող  Վահրամ Մկրտչյանը:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս