Հանդիպումների ժամանակ չի եղել լուծման որևէ տարբերակի պարտադրանք. Ռազմիկ Պետրոսյանն արձագանքում է Սամվել Բաբայանին
Վերջերս Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ Արցախ կատարած այցի ժամանակ ընդլայնված քննարկումներ է ունեցել Արցախի իշխանության ներկայացուցիչների և շարժման ակտիվիստների հետ, որտեղ, իբր, փորձել է Արցախին պարտադրել գնալ միակողմանի զիջումների:
Հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ը զրուցել է Արցախյան շարժման ակտիվիստ Ռազմիկ Պետրոսյանի հետ, ում անունը հիշյալ հարցազրույցում հիշատակել էր Սամվել Բաբայանը՝ նրան մեղադրելով, որ, իբր, մասնակցելով այդ քննարկումներին, որևէ կերպ չի հակազդել:
«Սամվել Բաբայանը պարզաբանումների համար խորհուրդ է տվել դիմել նաև ինձ՝ որպես այդ քննարկումների մասնակցի:
Հաշվի առնելով խնդրի նրբությունն ու հասարակական հնչեղությունը՝ կարևոր եմ համարում ներկայացնել այդ քննարկումների ընդհանուր բովանդակությունը:
Նախեւառաջ, հանդիպումների ժամանակ չի եղել լուծման որևէ տարբերակի պարտադրանք: Հայաստանի Հանրապետության նախագահը պարզապես խոսել է Ադրբեջանի տեսակետի եւ պահանջների մասին: Մենք էլ մեր հերթին հնարավորություն ենք ունեցել նրան ներկայացնելու մեր տեսակետը հակամարտության կարգավորման տարբերակների և գործընթացի վերաբերյալ:
Ես ունեմ հակամարտության կարգավորման իմ տեսլականը, որն առհասարակ փոփոխության չի ենթարկվել: Դեռևս 1995 թվականին ես հրատարակել եմ մի գիրք՝ «Զինադադար, պատերազմ, խաղաղություն» վերնագրով, որն, ի միջի այլոց, հասանելի է նաև համացանցում: Այնտեղ ես նշել եմ, որ Արցախը պետք է ունենա ընդարձակ սահման Մայր Հայաստանի և Պարսկաստանի, ինչպես նաև, բնական է, Ադրբեջանի հետ: Կարծում եմ՝ սրանով շատ բան է ասված:
Դիմելով Սերժ Սարգսյանին՝ ես ասել եմ հետևյալը. «Այստեղ նստած է Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, մեր պետական այրերը, շարժման ակտիվիստները: Խոսելով սահմանների եւ կարգավիճակի մասին՝ ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի: Մենք մի սանտիմետր անգամ մեր սահմանը փոփոխության չենք ենթարկելու առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման, որը պետք է պաշտոնապես ընդունվի և ճանաչվի միջազգային հանրության կողմից: Իսկ մեր կարգավիճակը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախցին իր երկիրը տեսնում է կա՛մ որպես անկախ պետություն, կա՛մ Մայր Հայաստանի հետ վերամիավորված»:
Խոսելով Հայաստանի և Արցախի վրա հնարավոր ճնշումների գործադրման մասին՝ ես ընդգծել եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան և ազգովի զինվենք մեր երկիրը պաշտպանելու համար: Ընդ որում՝ այստեղ ես չափազանց կաևորում եմ մեր ժողովրդի միասնականությունը և միշտ օրինակ եմ բերում 1988 թվականը, երբ հենց այդ աննախադեպ միասնականության շնորհիվ է, որ մենք հաղթեցինք: Ի միջիայլոց, այդ ժամանակ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Սամվել Բաբայանը, մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն մեր հաղթանակների կերտման գործում, եղել են միասին:
Ուզում եմ եզրափակել հայտնի խոսքերով. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»», – ասել է Ռազմիկ Պետրոսյանը: