Բաժիններ՝

«Մենք ոչ մի կոպեկ չենք վատնում. Պետբյուջեից մեր համազգեստին հասանելիք գումարի շրջանակում ուղղակի փոխում ենք համազգեստի դիզայնը»

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համազգեստը փոխելու համար ՀՀ պետական բյուջեից գումար չի ծախսվելու: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ուզում եմ հավաստիացնել, որ մենք ոչ մի կոպեկ չենք վատնում։ Պետական բյուջեից մեր համազգեստին հասանելիք գումարի շրջանակում ուղղակի փոխում ենք համազգեստի դիզայնը։ Ոչ թե աշխատում են թանկարժեք դիզայներներ, այլ աշխատում ենք մենք։ Կրում ենք, հագնում ենք, փորձում ենք՝ տեսնում ենք հարմա՞ր է, և դա մի քիչ երկարատև պրոցես է, կանենք ու կփոխենք։ Սա որևէ ավելորդ ծախս չի նստելու բյուջեի վրա»,- ասաց Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը նշեց, որ առաջին հերթին փոխվելու են սահմանապահ, հսկիչ-անցագրային կետերի զինծառայողների համազգեստները:

«Հայաստան եկող զբոսաշրջիկները, օտարերկրյա քաղաքացիները, մեր հայրենակիցներն առաջինը շփվում են սահմանապահ զորքերի աշխատակիցների հետ, և երբ նրանք զինվորական համազգեստով են, խիստ, փողկապով, հատկապես օտարերկրացիների համար հիշեցնում են խորհրդային տարիները, որտեղ ոչ այնքան լավ մթնոլորտ էր տիրում այս առումով։ Իսկ եթե լինեն գեղեցիկ համազգեստով ծառայողներ, դա ի սկզբանե ՀՀ մուտք գործող քաղաքացին այլ կերպ կընկալի», – նշեց ԱԱԾ տնօրենը։

Արթուր Վանեցյանի խոսքով` ԱԱԾ աշխատակիցների համազգեստը փոփոխություն չի կրել վերջին 50 տարվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս