«Վարչապետը, փոխանակ մամուլին հաթաթա տա, ժողովրդից դժգոհի, որ դժգոհում են իրենցից, թող լայվով պատմի ԼՂ հարցի կարգավորման շուրջ զարգացումների մասին». Արմեն Աշոտյան
«Տարակուսելի է ոչ թե այն, որ նման մալո հաղորդագրություն է եղել, այն այն, որ քաղաքական ուժերի մոտ այդ փաստաթուղթը քննարկման կամ տարակուսանքի առարկա չի դարձել։ Ինչքան է փոխվել քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկը, ինչքան են մոռացել իրական ազգային, պետական խնդիրների մասին, որ տարվա առաջին հույժ կարևոր հանդիպման անհասկանալի փաստաթուղթը հերթական պրես-ռելիզը դարձավ շատ ու շատ քաղաքական գործիչների համար։ Սա պարզապես այսօրվա գործիչների քաղաքական դիմադրողականության անկման մասին է խոսում»,- «5-րդ ալիքով» հայտարարեց Ագնեսա Խամոյանի հյուրը՝ 6-րդ գումարման ԱԺ Արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է իր մոտ տարակուսանք առաջացրել Փարիզում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման լավատեսական արձագանքը։
Բանախոսի համոզմամբ՝ այսօր առկախված են հետևյալ հարցերը՝ ի՞նչ սկզբունքների շուրջ է ընթանում բանակցային պրոցեսն այսօր՝ Մադրիդյա՞ն, ԵԱՀԿ 2009թ. բազային սկզբունքների՞, ո՞ր… եթե կան այդ սկզբունքները, ինչո՞ւ չեն թվարկվում, երբ մշտապես բանակցությունների հիմքում դրված են եղել ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները։ Եվ եթե չկան դրանք, կասկածներ են առաջանում, որ ինչ-որ մի այլ թեմայի շուրջ են բանակցում, եթե բանակցվում է, կամ ընդհանրապես չկան սկզբունքներ, այլ սոսկ հանդիպումներ են ու անհարկի լավատեսություն։
«Հաջորդ հարցն այն է, թե արդյո՞ք անդրադարձ կատարվել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարմանը։ իշխանափոխությունից հետո համանախագահների հայտարարություններից կամաց-կամաց դուրս եկավ նաև այս եռյակի հիշատակումը։ Ինչո՞ւ է սա մոռացվում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ այն քաղաքական գինը, որ Ադրբեջանն Ապրիլյան պատերազմից հետո պիտի վճարեր այս պայմանավորվածությունների կատարմամբ, այլևս գոյություն չունի։ Այս հարցին իր վերջին անդրադարձի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ անհեթեթ, Հայաստանի վարչապետին ոչ հարիր գնահատականը տվեց՝ ասելով, որ Ադրբեջանն ասում է, որ նման պայմանավորվածություններ չկան, այնինչ ադրբեջանցիները երբևէ ռիսկ չեն արել նման բան ասել՝ ոչ Ալիևը, ոչ Մամեդյարովը։ Ուրեմն ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը փորձում ադրբեջանցիներին ազատել այս պայմանավորվածություններից»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը։
Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածություններին, բանախոսի համար անհասկանալի է, թե այդ ինչպե՞ս է Ադրբեջանը, որն անգամ գրավոր փաստաթղթերը չի հարգում, վերելակում ձեռք բերված համաձայնությունները պաշտպանում։
«Հուսով եմ, որ վերելակում Ալիևը պարզապես խաբեց, ֆռռացրեց Փաշինյանին, որովհետև փաստացի Դուշանբեն ավելի հաճախ է հիշատակվել՝ որպես պայմանավորվածություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների մեջ, քան նշված 3 քաղաքների պայմանավորվածությունները, և սա զարհուրելի է, քանի որ Դուշանբեում միայն Ռուսաստանն էր ներկա, այսինքն՝ Մինսկի խմբի միջնորդությամբ կայացած հանդիպում չէր դա։ Որևէ փաստաթղթավորված պայմանավորվածություն այդտեղ չի եղել։ Եվ հետո, գիտենք, որ Ադրբեջանն արդեն ավարտել է Նախիջևանի ուղղությամբ իր ինժեներական աշխատանքները, և իմ հստակ տեղեկություններով՝ նույնը փորձել է անել Արցախում»,- հավելեց Ա. Աշոտյանը։
Նրան նաև հետաքրքրում է, թե՞ արդյոք Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հայտնի թեզը տեղ գտել է ներկայիս բանակցություններում՝ որպես թեմա, և եթե՝ այո, ինչպիսի՞ ընթացք է ունեցել։ Նա վստահ է, սակայն, որ այդ թեզը բացառապես ներքին լսարանի համար էր հնչեցված, կամ այդ նախաձեռնությունը ձախողվել է, և իշխանությունը քաջություն չունի այդ մասին տեղեկացնել։
Ըստ բանախոսի՝ պակաս կարևոր չէ նաև այն հարցը, թե ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսում Ադրբեջանը։ Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Ադրբեջանը։ Եվ այս ամենը ի մի բերելով, հաշվի առնելով նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունն այն մասին, թե ողջունում է Բաքվի խաղաղարար ջանքերը, երբ հայտնի չէ, թե ինչ ջանքերի մասին է խոսքը՝ ինքը պահանջում է՝ որպես ՀՀ քաղաքացի, որ իրեն փոխանցվեն այդ լավատեսության հիմքերը։
«Դուշանբեն ապացուցեց մեկ բան. որ սահմանին խաղաղությունը կախված է բացառապես Ալիևի ցանկությունից։ Վերելակային դիվանագիտության վրա հույս դնել չի կարելի, որովհետև այդ վերելակը մի օր վերև է հանում, մի օր ներքև է իջեցնում, մի օր էլ կարող է պոկվել ու դառնալ մահվան վերելակ։ Հիմա թող մեր ԱԳ նախարարն ու վարչապետը բացատրեն, թե ինչի վրա է հիմնված իրենց լավատեսությունը»,- պնդեց Ա. Աշոտյանը։
Վերջինս նկատեց նաև, որ իշխանափոխությունից հետո Արցախյան հարցի կարգավորման գործում Հայաստանը սկսել է խաղալ սևերով, ոչ առաջին համարով, և անգամ բառամթերքը, սկզբունքները չթվարկելը, նշված փաստաթղթավորված պայմանավորվածությունները չհարգելը խոսում են այն մասին, որ Ադրբեջանին հաջողվել է ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության թե հանցավոր համաձայնության կամ չիմացության շնորհիվ առաջ տանել իր համար ձեռնտու դիվանագիտական ձևակերպումները։
«Վարչապետը, փոխանակ մամուլին հաթաթա տա, ժողովրդից դժգոհի, որ դժգոհում են իրենցից, թող լայվով պատմի Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ զարգացումների մասին։ Թող խոսի այն հարցերի մասին, որոնք այսօր առաջնահերթ են։ Ես մեծ հույս ունեմ դեռ, որ գոնե ՊՆ-ն շատ ավելի սթափ, զգոն ու դիմադրողական կառույց է մնացել, և դիվանագիտական այս կիքսերի գինը մենք չենք վճարի ռազմական գործողությունների ընթացքում»,- շեշտեց ԱԺ նախկին պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։