«Տպավորություն է, որ նոր իշխանությունները ՀՀ-ԵՄ հարաբերությունների հարցում նախկինների մշակած օրակարգով չեն ցանկանում առաջ շարժվել». վերլուծաբան

«ՀՀ-ԵՄ հարաբերությունները հստակեցնելու հարցում գնդակը Հայաստանի դաշտում է»,-  այս մասին մեզ հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Լոռ Դելքուրը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացի շուրջ առկա քաղաքական իրավիճակին և խոսակցություններին, որ գործընթացն էականորեն դանդաղել է:

Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի վրա օրերս ուշադրություն բևեռեց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Արմեն Աշոտյանը՝ նշելով այն խնդիրները, որոնք առաջացել են ՀՀ-ԵՄ հարաբերություններում ներքաղաքական զարգացումներից հետո, կանխատեսելով, որ համաձայնագիրն այս տարի չի վավերացվի:

Նշենք նաև, որ առանց վավերացման՝ Հայաստանը չի կարողանա սկսել համաձայնագրի ամբողջական կիրարկումը: Իսկ հունվարի 14-ին ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, թե չի կարծում, որ այս տարի ԵՄ անդամ բոլոր երկրները կվավերացնեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։

«Գուցե շատ իրատեսական չէ այս տարի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, բայց նաև հնարավորություն կա շատ լավ աշխատելու և ջանքեր գործադրելու դեպքում»: Համաձայնագրի վավերացման դանդաղումը նա պայմանավորել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով. «Խորհրդարանը նոր է մտնում լիազորությունների մեջ, մարդիկ նոր են, ժամանակ է պետք: Եթե 6-րդ գումարման Ազգային ժողովը շարունակեր աշխատանքը, ապա ավելի սահուն կընթանային այդ աշխատանքները»,- ասել էր Արարատ Միրզոյանը:

Լոռ Դելքուրի դիտարկմամբ՝ երևում է, որ ՀՀ իշխանությունները չեն շտապում այս համաձայնագրի վավերացման ուղղությամբ, թեև ներկայումս վավերացման գործընթացը ԵՄ պատասխանատվության տիրույթում է, սակայն փաստը, որ ճանապարհային քարտեզը դեռ հաստատված չէ, խոսում է այն մասին, որ, բնականաբար, հայաստանյան ներքաղաքական զարգացումներն իրենց բացասական դերակատարությունը կոնկրետ այս հարցում ունեցել են, սակայն իշխանությունները ևս հանգստություն են ցուցաբերել և հապաղել:

Նրա համոզմամբ, իհարկե, դրանից հարաբերություններն ավելի լավը չեն դառնում, քանի որ եղել է նախկինում ինտենսիվություն, որը ներկայումս չկա, և դրան տարբեր բացատրություններ կարող են տրվել` և հայաստանյան ներքաղաքական զարգացումներ, և քաղաքական կամքի բացակայություն:

«Տպավորություն կա, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը դիտարկվում է նախկին իշխանության ձեռքբերում, նախկին իշխանության օրակարգ, որի ուղղությամբ նրանք նպատակադրված շարժվում էին, գուցե նոր իշխանությունները սրան զուգահեռ՝ այլ օրակարգ են ցանկանում մտցնել հայ-եվրոպական հարաբերություններում` իրենց ներդրումն ունենալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների բովանդակության մեջ, կամ ցույց տալով, որ առաջ են անցնում նախկիններից:

Այսինքն` ՀՀ-ԵՄ հարաբերություններում նախկինների օրակարգով չեն ցանկանում շարժվել առաջ: Ի վերջո, եղան խոսակցություններ, տեղեկություններ, որ նոր իշխանություններն է՛լ ավելի մեծ թափ են ցանկանում հաղորդել հարաբերություններին, է՛լ ավելի մեծ աջակցություն են ակնկալում Եվրոպական միությունից, որի համար նոր գաղափարներ են հարկավոր այս հարաբերություններին:

Սակայն այդ գաղափարները նոր իշխանությունը դեռ չի հասցրել փաթեթավորել և ներկայացնել ԵՄ-ին: Նոր գաղափարները ենթադրում են հարաբերությունների նոր մակարդակ, նոր որակի համաձայնագիր, որին, կարծում եմ` ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Հայաստանը պատրաստ չեն: Ուստի մնում է աշխատել տվյալ համաձայնագրի վրա: Չի բացառվում նաև, որ երկրում ներքաղաքական դասավորումներից հետո դիվանագիտությունն ավելի ակտիվ փորձի աշխատել այս ուղղությամբ, ի վերջո, խորհրդարանական դիվանագիտությունը գուցե գործի դրվի: Բայց մինչ այդ ամենը հունի մեջ ընկնի՝ Եվրոպական խորհրդարանը կսկսի պատրաստվել հերթական ընտրություններին:

Հենց այս զարգացումներից ելնելով են ՀՀ իշխանությունները պնդում, որ այս տարի հնարավոր չէ վավերացնել համաձայնագիրը, սակայն կարող են իշխանություններն աշխատել որոշ ժամկետներ ճշգրտելու և վավերացման գործընթացն արագացնելու ուղղությամբ: Կտեսնենք, թե ինչպես կգործի Կառավարությունը հաստատումից հետո: Սակայն ես կարծում եմ, որ այս փուլում այս համաձայնագիրն այս բովանդակությամբ այլընտրանք չունի, բայց հարաբերությունները կարող են լրացվել տարատեսակ այլ ծրագրերով, որոնց համար Հայաստանը նախ առկա իր «տնային աշխատանքը» պետք է իրականացնի, այլապես կտուժեն թե՛ հարաբերությունները, թե՛ երկար պատրաստված համաձայնագիրը»,- ասաց Լոռ Դելքուրը:

Նրա խոսքով` ԵԽ ընտրություններից հետո ԵՄ դիրքորոշումն այս հարցում փոփոխություններ չի կրելու:

«ԵՄ-ն Հայաստանի հետ աշխատում է ԱլԳ ծրագրի շրջանակում, դրանք լավ հարաբերություններ են, բայց ավելիին չեն հավակնում և ԵՄ-ում ընդդիմախոսներ չունեն: Ուստի չեմ կարծում, որ բացի ձգձգումներից՝ ընտրությունները որևէ ազդեցություն կունենան ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա: ՀՀ-ԵՄ հարաբերությունները հստակեցնելու հարցում գնդակը Հայաստանի դաշտում է»,- վստահեցրեց եվրոպացի վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս