«Ազգային օրակարգ» կուսակցության հայտարարությունը՝ ՀՀ նորընտիր Ազգային Ժողովի վերաբերյալ

Այսօր իր աշխատանքն է սկսում ՀՀ նորընտիր Ազգային Ժողովը։ Այս Ազգային Ժողովը ընտրվել է յուրահատուկ պայմաններում, երբ հեղափոխական ոգով տոգորված մեր քաղաքացիների շարունակական ճշման ներքո, նախորդ գումարման Ազգային Ժողովը, որն ընտրվել էր լայնածավալ ընտրակաշառաքների և վարչական ռեսուրսի օգտագործման պայմաններում, ստիպված եղավ գնալ փաստացի ինքնալուծարման, և հնարավորություն ստեղծել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։

Ստեղծված իրավիճակում սակայն, առանց Ընտրական օրենսգրքում և Կուսակցությունների մասին օրենքում նախատեսված փոփոխությունների ընդունման, և առանց նոր քաղաքական ուժերի ձևավորման համար անհրաժեշտ բավարար ժամանակի՝ դժվար էր ակնկալել, որ նոր Ազգային Ժողովում լավագույնս ներկայացված կլինի մեր հասարակության լիարժեք քաղաքական ընտրանին։

Թեև տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ընթացում, նախորդ ընտրությունների համեմատ, բացահայտ ընտրակաշառքները և ընտրակեղծիքները հասցվեցին նվազագույնի, այնուամենայնիվ, իշխող քաղաքական ուժի կողմից կիրառված բևեռացնող հռետորաբանությունը, հիշատակված օրենսդրական անկատարությունը, նորաստեղծ քաղաքական միավորների մասնակցության դժվարությունները, և ընտրարշավի խիստ սահմանափակ ժամկետները, բերեցին նրան, որ նախորդ ընտրությունների համեմատ, ավելի քան 300 հազար ընտրող գերադասեց չմասնակցել այս ընտրություններին, իսկ մասնակցած ընտրողներից մոտ 200 հազարի ձայները փոշիացել են՝ արդյունքում, մեր հասարակության զգալի, հիմնականում ընդիմադիր հատվածը, ներկայացված չի լինի այս Ազգային Ժողովում։

Ի լրումն վերոնշյալի, Ազգային Ժողովում փաստացի ձևավորված քաղաքական մեծամասնությունը, ոչ մեծ բացառություններով, չունի պահանջված քաղաքական փորձառություն և ճանաչելիություն, խորհրդարանում է հայտնվել զգալի չափով հեղափոխական ոգևորության ալիքի վրա, և գտնվում է վարչապետի ու կառավարության անմիջական ազդեցության ներքո։

Թեև սա ընտրությանը մասնակցած մեր քաղաքացիների զգալի հատվածի ազատ կամարտահայտությունն է, սակայն այն իրականում կանխատեսելիորեն առաջ է բերելու լրջագույն խնդիրներ՝ պայմանավորված առաջին հերթին գործադիր իշխանության նկատմամբ սահմանադրական վերահսկողություն ապահովելու և կառավարությանը փաստացի հակակշիռ հանդիսանալու Ազգային Ժողովի անբավարար կարողությամբ։ Սա էլ, իր հերթին, կարող է կրկին բերել Հայաստանում միահեծան իշխանության սողացող վերականգման, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, ինչին մենք բազմիցս ականատես ենք եղել նախորդ երեք տասնամյակների ընթացում։

Այս պայմաններում, մեր երկրի անվտանգության և զարգացման հիմնական երաշխիքը հասարակության կողմից նախանձախնդիր և հետևողական վերաբերմունքն է նորընտիր Ազգային Ժողովի և ձևավորվելիք Կառավարության նկատմամբ, և նրանց կողմից ընդունվող որոշումների և իրականացվող քայլերի նկատմամբ մշտական հանրային հսկողությունը։

«Ազգային Օրակարգ» կուսակցությունը, որպես նոր ձևավորվող ընդիմադիր քաղաքական ուժ, պատրաստակամ է ստանձնել համապատասխան հանձնառություն, իր աջակիցների և գործընկերների հետ համատեղ մշտադիտարկման ներքո պահել պետական կարևորության բոլոր այն խնդիրները, որոնք քննարկվելու են Ազգային Ժողովում, դրանց մասին տեղեկացնել հանրությանը, ինչպես նաև տրամադրել սեփական դիրքորոշումները և գործողությունների այլընտրանքային տարբերակները։

Մեր կողմից հնարավոր է նաև անմիջական աշխատանք Ազգային Ժողովի այն պատգամավորների հետ, որոնք կդրսևորեն ինքնուրույն քաղաքական կեցվածք և մեզ համահունչ դիրքորոշումներ՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունը և զարգացումը։

Այսքանով մենք հաջողություն ենք մաղթում նորընտիր Ազգային ժողովին, և հույս հայտնում, որ այն կանի հնարավորը՝ արդարացնելու մեր հասարակության հավաքական ակնկալիքները։

«Ազգային Օրակարգ» կուսակցություն

Տեսանյութեր

Լրահոս