Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 8 տոկոսով կկրճատվի առանց գործարքի Brexit-ի հետևանքով. The Guardian

Առանց Բրյուսելի հետ գործարքի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկարատեւ բացասական հետեւանքներ կբերի բրիտանական տնտեսությանը՝ այդ թվում՝ գրեթե 8 տոկոսով ՀՆԱ-ի կրճատման, հազարավոր աշխատատեղեի կորստի: Այդ մասին հայտնել է The Guardian թերթը՝ հղում անելով Բրիտանական արդյունաբերության համադաշնությանը:

Ինչպես կարծում է համադաշնության գլխավոր տնօրեն Քերոլին Ֆեյրբյոռնը, Լոնդոնի եւ Բրյուսելի ներկայիս համաձայնագիրը խնդիրների որոշակի լուծում է, քանի որ ապահովում է անցումային փուլը եւ թույլ կտա խուսափել տնտեսության համար «չափազանց ավերիչ» իրավիճակից:

Ֆեյրբյոռնը կոչ է անում խորհրդարանականներին «պաշտպանել երկրի անվտանգությունն ու բարգավաճումը» եւ որոշում ընդունելիս չառաջնորդվել բացառապես քաղաքական նկատառումներով:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հունվարի 11-ին հայտարարել է, որ բրիտանական խորհրդարանի կողմից ԵՄ-ից դուրս գալու պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագրի մերժումն անմիջական սպառնալիքի տակ կդնի Brexit-ի իրագործումը: Այս հայտարարությամբ նա ցանկացել է համոզել ժողովրդական ընտրյալներին՝ հունվարի 15-ին Համայնքների պալատում պաշտպանել Բրյուսելի իշխանությունների հետ վարչապետ Թերեզա Մեյի համաձայնեցրած գործարքը:

Ավելի վաղ EY կոնսալտինգային ընկերությունը, որն ուսումնասիրել է ֆինանսական ծառայությունների բրիտանական շուկայի 222 խոշորագույն խաղորդների հրապարակային հայտարարությունները, եզրակացրել է, որ բանկերը եւ ֆինանսական մյուս ընկերությունները Մեծ Բրիտանիայից Եվրամիության մնացած երկրներ են դուրս բերել շուրջ 800 մլրդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1 տրլն դոլար) ընդհանուր արժողությամբ տնտեսական գործառնություններ, անձնակազմ եւ հաճախորդների ակտիվներ՝ սպասելով ԵՄ-ից նրա դուրս գալուն (Brexit), որը պլանավորված Է մարտի վերջին: Ընկերությունը սեկտորի դինամիկային հետեւել է Brexit-ի շուրջ 2016 թվականի հունիսին կայացած հանրաքվեի ավարտվելու պահից:

«Ելնելով ներկա իրադրությունից եւ կարգավորիչների սպասումներին համապատասխան՝ ֆինանսական ընկերություններին այլ ընտրություն չի մնում, քան միայն պատրաստվել առանց համաձայնագրի Brexit-ի սցենարին»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսական ծառայությունների հատվածում EY-ի պրակտիկայի ղեկավար Օմար Ալին:
Ընկերությունների գրեթե մեկ երրորդը (30 տոկոսը) նշել են ակտիվների եւ աշխատակիցների տեղափոխման վերջնական կետը: Ըստ EY-ի տվյալների՝ առաջատարներն են Դուբլինը, Լյուքսեմբուրգը, Ֆրանկֆուրտը եւ Փարիզը:

Ավելի վաղ Անգլիայի բանկը նախազգուշացրել Է, որ առանց միասնական շուկա մուտքի պայմանների վերաբերյալ համաձայնագրի կնքման ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետեւանքներն ավելի վատ կլինեն, քան 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս