Բաժիններ՝

«ԱՐՄԱԿԱԴ»-ի հիմնադիր. Ես պատրաստ չեմ ապրել մութ ապագայով երկրում

«ԱՐՄԱԿԱԴ»-ը 5 տարեկան էՄեր օրերում գիտությունը շատ արագ է զարգանում, ուստի հատկապես արտասահմանյան մի շարք երկրներում գիտական ինտերնետային ցանցերը լայնորեն կիրառվում են գիտության ոլորտի վերաբերյալ տեղեկատվության արագ տարածման համար: Օրինակ, ՌԴ-ում գործում են տասնյակ գիտական ցանցեր: Դրանցից են` RBnet (միջգերատեսչական հենքային ցանցը), RUNnet (դաշնային համալսարանական ցանցը), RASnet (Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի կորպորատիվ ցանցը), FREEnet (գիտության եւ կրթության բաց ցանցը) եւ այլն: Այս ցանցերը հիմնականում նպատակ ունեն խթանել գիտության ոլորտի տեղեկատվական հոսքերի արագ փոխանցումը, ինչպես նաեւ` նպաստել ակադեմիական համագործակցությանը: Հայաստանում եւս նման գիտական ինտերնետային ցանց ստեղծվեց 2007թ.` «Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիայի» կողմից: Այս տարվա հունիսի 21-ին ցանցը դարձավ 5 տարեկան: Ներկայումս «ԱՐՄԱԿԱԴ» գիտական ցանցը համախմբում է շուրջ 20.000 հիմնականում հայ եւ հայաստանցի գիտնականների եւ կրթության ոլորտով հետաքրքրվող մարդկանց: Մեր թերթին տված հարցազրույցում ցանցի հիմնադիր Խաչիկ Գեւորգյանն ասաց, թե գործարկված ցանցի հիմնական ձեռքբերումը նախեւառաջ նման մեծ թվով մարդկանց համախմբելն է:«Գիտական մրցույթների, նորությունների, գիտությանը հատկացվող տարբեր դրամաշնորհների եւ ուսման հնարավորությունների մասին տեղեկությունները մենք տարածում ենք տարբեր աղբյուրներով` ինտերնետային կայքի, ֆեյսբուքյան խմբի եւ էջի միջոցով, ինչպես նաեւ էլ. փոստի միջոցով»,- ասաց Խ.Գեւորգյանը: Ըստ նրա` «ԱՐՄԱԿԱԴ»-ը` գիտական հանրության ակտիվ մասնակցությամբ, իր ստեղծման հինգ տարիների ընթացքում դարձել է ինֆորմացիան կիսելու եւ տարածելու արդյունավետ համակարգ, ինչին մեծապես նպաստում են նաեւ արտերկրում կրթություն ստացող եւ աշխատող հայ գիտնականները:

Խ. Գեւորգյանի խոսքով` նախկինում չկար նման որեւէ համակարգ, որը համակարգված ձեւով գիտական հանրությանը կտեղեկացներ նրանց հետաքրքրող տեղեկությունների մասին: «Հիմնականում, երբ որեւէ միջազգային գիտաժողով էր կազմակերպվում կամ դրամաշնորհ էր հայտարարվում, այդ տեղեկությունը գնում էր որեւէ ինստիտուտի որեւէ ամբիոն եւ այդպես էլ այն կամ մնում էր սեղանին (եւ դրա մասին մոռացվում էր), կամ դրա մասին իմանում էին ընդամենը մի քանի հոգի, քանի որ համալսարանների ներսում չկար ինֆորմացիա տարածելու արդյունավետ միջոց»,- ասաց Խ. Գեւորգյանը` ընդգծելով, որ այս խնդիրն այժմ էլ արդիական է:

Նրա խոսքով` որոշ կառույցներ բավական փակ են եւ այդ տեղեկատվությունը լայնորեն չեն տարածում, օրինակ, համագործակցելով գիտական ցանցի հետ, որպեսզի ավելի լայն շրջանակներ այդ մասին տեղեկացված լինեն: «Ցավով պետք է նշեմ, որ որոշ հայտարարություններ դեռեւս մնում են սեղաններին կամ` գաղտնի ինչ-որ միջոցառումներ են կազմակերպվում: Նախօրեին մի կոնֆերանս էր կազմակերպվել ՀՀ մշակույթի նախարարության կողմից, որի մասին գիտական հանրությունը պատշաճ կերպով տեղեկացված չէր: Վատն այն էր, որ Հայաստանից ընդամենը մեկ հոգի էր ելույթ ունենում»,- նշեց Խ. Գեւորգյանը: Այնինչ, ըստ նրա` «Գուտենբերգից մինչեւ ինտերնետ. անավարտ պատմություն գրադարանների համար» խորագրով միջազգային գիտաժողովը վերաբերում էր տպագիր գրքից մինչեւ նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջանը գրքի անցած ճանապարհին, որտեղ նախատեսված էր նաեւ թղթային եւ էլեկտրոնային գրադարանների առանձնահատկությունների եւ համադրության մասին քննարկում: Այսինքն` այդ գիտաժողովը վերաբերում էր ոչ միայն Մշակույթի նախարարությանը, այլեւ գիտական հանրությանն ընդհանրապես:

Ինֆորմացիայի տարածումից բացի, «ԱՐՄԱԿԱԴ»-ը` համագործակցելով մի շարք համալսարանների հետ, կազմակերպել է նաեւ բազմաթիվ միջոցառումներ եւ միջազգային գիտաժողովներ: Ըստ Խ. Գեւորգյանի` «ԱՐՄԱԿԱԴ»-ի ձեռքբերումներից է նաեւ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության հետ համագործակցությունը, որովհետեւ հենց իրենց ցանցի միջոցով է այդ տեղեկատվությունը տարածվել:

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության մասին

Կարդացեք նաև

Այս նախաձեռնությունը ստեղծվել է 2011թ. ապրիլին: Ֆեյսբուքում նախաձեռնության էջը ներկայումս ունի շուրջ 4900 հավանող: Նախաձեռնության նպատակը գիտության ոլորտի տագնապային վիճակի մասին ահազանգելն է: Խնդրի լուծման համար նախաձեռնության անդամները տարբեր հանդիպումներ են ունեցել պետական կառույցների ներկայացուցիչների, մեծահարուստների եւ շահագրգիռ այլ կողմերի հետ: Արդյունքում` գիտության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման համար ֆինանսական աջակցություն են ցուցաբերել «Տաշիր» հիմնադրամը, «Ծառուկյան» հիմնադրամը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 100 մլն դրամ է հատկացրել երիտասարդ գիտնականների ծրագրերի իրականացման համար: Իսկ թե ինչ ծրագրեր են դրանք` շուտով կհայտարարվի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության ակտիվ անդամներից Խաչիկ Գեւորգյանը` միաժամանակ նշելով, թե այդ ամենը շատ քիչ է, քանի որ գիտության ոլորտը համակարգային ֆինանսավորման կարիք ունի:

«Ներկայում ՀՀ-ում գիտության ֆինանսավորման տոկոսը` ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ, 0.24% է: Այսպիսի ցուցանիշ ունեն միայն աղքատ երկրները, օրինակ, աֆրիկյան երկրները եւ այլն: Մեզ մոտ գիտության ֆինանսավորումը պետք է շեշտակի ավելացնել, գոնե մինչեւ 1%` որակյալ կադրեր պատրաստելու եւ նրանց այստեղ պահելու համար: Այլ տարբերակ չկա, նրանք ուղղակի չեն մնա Հայաստանում»,- ասաց Խ. Գեւորգյանը` ընդգծելով, որ Ռուսաստանում գիտությանը հատկացվող ֆինանսավորումը 1%-ից ավելի է կազմում: Նա հիշեցրեց ՌԴ նախագահ Վ. Պուտինի վերջին հայտարարությունը, ըստ որի` Ռուսաստանում գիտության ֆինանսավորումը մինչեւ 2016թ. ավելացնելու են` հասցնելով 2.7%-ի (ամերիկյան մակարդակի):

Խ. Գեւորգյանի խոսքով` մեծ թվով հայ երիտասարդներ այժմ սովորում են արտերկրում, սակայն գիտության ոլորտի երիտասարդներն այլեւս չեն վերադառնում Հայաստան: Հիմնականում գալիս են նրանք, ովքեր իրենց ապագան կապում են ոչ թե գիտության, այլ ավելի պրակտիկ գործունեության հետ: Այսինքն` բուն գիտությամբ զբաղվողները չեն վերադառնում: «Ես գիտեմ մարդկանց, ովքեր տասնյակ տարիներ սովորել եւ աշխատել են արտասահմանում, իսկ հիմա վերադարձել են, եւ նրանց աշխատավարձը 60.000 դրամ է: Ես չեմ պատկերացնում` ինչպե՞ս կարող են վերադառնալ: Այս պայմաններում նրանց վերադարձը կարծես անհնար է դառնում»,- ասաց Խ.Գեւորգյանը` շեշտելով, որ այսօր ՀՀ-ում ամենացածր վարձատրվող խավը գիտնականն է: «Պետական այրերը, բնականաբար, ասում են` բյուջե չկա, եւ այլն, սակայն մենք ձգտելու ենք, պահանջելու ենք եւ հասնելու ենք նրան, որպեսզի գոնե այս տարվա բյուջեի քննարկումներին կրկնապատկումը բյուջեից պարտադիր լինի»,- ասաց Խ. Գեւորգյանը: Նրա խոսքով` գիտության ոլորտում հստակ չափանիշների ներդրման, դրանց կիրառման եւ ֆինանսավորման ավելացման անհրաժեշտություն կա: Այլապես, ըստ նրա` նրանք, ովքեր կարող են դառնալ լավ գիտնական, կա՛մ հեռանում են Հայաստանից, կամ` մնալով այստեղ, սկսում են այլ գործերով զբաղվել:

Նրա դիտարկմամբ` լուրջ խնդիր է նաեւ գիտությամբ զբաղվողների տարիքը: Ըստ նրա` միջին սերունդ գրեթե չկա, քանի որ շատերը նախորդ տարիներին արդեն իսկ հեռացել են Հայաստանից: «Իսկ ովքեր կան, մի քանի տարի անց թոշակի կանցնեն, եւ նրանց լրացնողներ ուղղակի չկան: Սովետական Միության վերջին տարիներին Հայաստանում կար 27.000 գիտնական, այսօր` 4000: Մեր երկրի ինտելեկտուալ խավն այլեւս գրեթե չկա, եւ ամեն տարի այն պակասում է: Սա կատաստրոֆա է: Մենք կարող է շուտով ՀՀ-ում գիտնականներ չունենանք, կամ` շատ քիչ ունենանք: Փոխարենը` կունենանք բազմաթիվ «ախրաննիկներ», եւ մեր երեխաները կշփվեն նրանց հետ, եւ սա հասարակության համար կլինի ամենավտանգավորը: Իսկապես պետք է կտրուկ քայլեր ձեռնարկել, որպեսզի գիտությունը Հայաստանում դառնա գրավիչ»,- ասաց Խ. Գեւորգյանը:

 

Նա նաեւ նկատում է, որ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ստեղծումից հետո հասարակության մեջ սկսվել է ավելի շատ խոսվել գիտության ֆինանսավորման մասին, իսկ լրատվամիջոցներն էլ սկսել են ավելի շատ լուսաբանել գիտության խնդիրները: «Գիտության ապագան կամ պետք է պայծառ լինի, կամ չլինի ապագա ընդհանրապես»,- ասաց Խ. Գեւորգյանը` ընդգծելով, թե ինքը պատրաստ չէ ապրել «մութ ապագայով երկրում»:

Լուսինե ՄՈՎՍԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս